Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ կեսգիշերին մոտ Նոր Նորք վարչական շրջանից ուղիղ եթերով դիմել է երեւանցիներին:
«Սիրելի երեւանցիներ: Երեւանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ: Իրապես, այսօր մենք ունեցել ենք մոտավորապես մեկ ամսվա տեղումների ծավալը ընդամենը 10 ժամում և, ընդհանուր առմամբ, քաղաքում ունենք դժվարություններ: Այս պահին դժվարություններ եւ խցանումներ ունենք նաեւ Արաբկիր վարչական շրջանում: Ընդհանուր առմամբ մնացած հատվածներում փողոցները անցանելի են:
Կարդացեք նաև
Շատ խնդրում եւ հորդորում ենք բոլոր վարորդներին, որոնք պատրաստվում են վաղը դուրս գալ իրենց ավտոմեքենայով, դա անել միմիայն այն պայմաններում, եթե ունեն ձմեռային անվադողեր: Դա շատ կարեւոր է, որովհետեւ խցանումները շատ դեպքերում տեղի են ունենում հենց այդ պատճառով:
Երեւանի քաղաքապետարանի մոտավորապես 40 տեխնիկա այս պահին աշխատում է քաղաքի առաջնային եւ երկրորդային փողոցներում, ցանում է աղ եւ ավազ, որոշ դեպքերում՝ միայն աղ: Եվ դա այս չորս օրերին իրականացնելու են շուրջօրյա: Մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի:
Առավոտյան ժամը 6-ին մեր աշխատակիցները կրկին դուրս են գալու եւ սկսելու են աշխատել մայթերը մաքրելու վրա: Բայց այստեղ էլ պետք է խնդրեմ բոլոր տնտեսվարողներին, որոնք գործունեություն են ծավալելու վաղը, պարտադիր իրենք էլ մասնակցեն այս գործընթացին՝ մաքրեն մայթերը, իրենց գրասենյակների, ռեստորանների դիմացի մասի ասֆալտը, ընդհանուր առմամբ մասնակցեն ձնամաքրման աշխատանքներին:
Խնդրում եմ, այս գործընթացին ակտիվ մասնակցեն համատիրությունները: Մեր վարչական շրջանների ղեկավարները նրանց հետ ակտիվ կապի մեջ են: Այդտեղ ունենք սերտ համագործակցություն:
Այս պահի դրությամբ Գայի պողոտան անցանելի է, բայց խնդիրներ պարբերաբար առաջանում են»,- ընդհանուր առմամբ ասել է Տիգրան Ավինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ