Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ այսպիսի հարթակներում ներկա չես լինում կամ նստած լուռ ունկնդրում ես, կամ սելֆի ես անում, քո օրինակը մնում է լուռ, լռեցված. «Ազգ»

Փետրվար 21,2025 09:00

Հայկական պաշտոնական պատվիրակությունը Մյունխենում էր՝ ադրբեջանականից ավելի ներկայացուցչական, եւ Ալիեւի ներկա չլինելը մեզ շռայլեց նրա ֆաշիստական վերբալ ահաբեկչությունից կտրվել: Բայց ինչո՞ւ դրա մասին չհիշատակվեց տարբեր բանավեճերի ժամանակ, երբ դահլիճում ներկա հայ փորձագետ, վերլուծաբան, արտախորհրդարանական դեմքեր անգլերեն վարժ արտահայտվելու դժվարությունը չունեին: Խաղաղությո՞ւն է տալիս մեզ դրացի դահիճը, այդ հեքիա՞թն ենք ուզում մեր օրորոցայինը դարձնել, դրա՞ համար ձայն չենք հանում, թե՞ Մյունխենում պիտի կրկնել, որ ագրեսորի «սապոգը» միայն Պուտինն է կարում:

Մի բանավեճ կար անպատժելիության վերաբերյալ (Conversation on Impunity), որ վարում էր պրոֆ. Զաֆֆերլինգը՝ Նյուրնբերգյան սկզբունքների ակադեմիայից ՝ հյուր երկու բանախոսների հետ: Պրոֆեսորը հիշատակելով համաժողովի «Խաղաղություն երկխոսության միջոցով» վերնագիրը, դրան հավելեց մի բաղադրիչ, որ փնտրում ենք միշտ, իսկ վերջին տարիներին հստակ իրավագիտակցությամբ՝ «խաղաղություն (արդարության) արդարադատության միջոցով»:

Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին ելույթի սկզբում դատարանի կարեւորության մասին խոսելիս արձանագրեց, որ  այն ստեղծվել է հենց այդ նպատակով, հավելեց, որ վերջին անդամները Ուկրաինան եւ Հայաստանն են: «Ես ողջունեցի Հայաստանի անդամակցումը», ասաց արգենտինացի դատավորը:

Մյուս բանախոսը՝ The Reckoning Project կազմակերպության գործադիր տնօրեն  Ջանին դի Ջիովաննին պատմեց իրենց գործունեության մասին, թե շատ արագ են արձագանքում, լինում պատերազմական վայրերում, արձանագրում զոհերի պատմությունները, վկայություններ հավաքում, ասաց՝ «ավելի շատ ենք առերեսվում դրանց, քան դատարանը»: Եղել են Բոսնիայում, Ուկրաինայում, Գազայում: Նա օրինակներ էր բերում, թե Կարաջիչին, ճիշտ է , ձերբակալել են, բայց «զոհերը շատ երկար են սպասել այդ օրվան: Նրանց աչքերով պիտի նայել արդարադատությանը»:

Հետո Միլոշեւիչի անունը տվեց, հետո քրեական հետապնդման տակ ազատ ճամփորդող Պուտինին, Նեթանյաուհիին հասավ, հիշեցրեց, թե «վերջինս նույնիսկ ձեռ առավ, ԱՄՆ գնաց»: Եվ իհարկե Ալիեւի ոճրագործության, նրան դատապարտելու, դահիճի եւ զոհի մասին որեւէ խոսք չեղավ: Իհարկե, կարող ենք մխիթարական համարել նույն մարդկանց բերած օրինակները, թե «արդարադատություն իրականացնելը երբեմն երկար է տեւում», սակայն «Գերմանիայում այսօր էլ՝ 80 տարի անց պատժվում են նրանք, որ ոճրագործություն են կատարել»:

Այդուհանդերձ, երբ այսպիսի հարթակներում ներկա չես լինում կամ նստած լուռ ունկնդրում ես, կամ սելֆի ես անում, քո օրինակը մնում է լուռ, լռեցված: Ալիեւն երկու տարի առաջ հենց այս հարթակում ՀՀ վարչապետին դեմ հանդիման նստած ասաց «արդար պատերազմ» արտահայտությունը, եւ նրան Մյունխենի անվտանգության համաժողովի՝ արդեն նախկին նախագահ Հոյսգենը չընդհատեց:

Եթե Մյունխեն է գալիս ՀՀ-ից պաշտոնական պատվիրակություն, ինչո՞ւ նրանց հետ Արցախը, հայ ժողովրդին ներկայացնող խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն չկա: Ո՞վ պիտի բարձրաձայնի այն կարեւորը, որ հայ իշխանավորը չի կարող, կամ չի ուզում ասել: Ինչո՞ւ Բաքվում պատանդառված, դատարանում ապօրինի, շինծու մեղադրանքներով լլկվող հայ ռազմագերիների լուսանկարներով բազմություն չկա, երբ այս տարի էլ CNN-ի փորձառու Քրիստիան Ամանփուրի վարած բանավեճի ժամանակ հրեա պատանդառվածի մի ծնող որդու լուսանկարը վեր պարզելով հուզմունք շարժեց:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ պրոֆ. Քրիստոֆ Զաֆֆերլինգը, Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, The Reckoning Project կազմակերպության գործադիր տնօրեն Ջանին դի Ջիովաննին

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728