Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի ուղերձը՝ կասկածելի թվերով

Փետրվար 21,2025 10:00

Եթե առանձին, մեկուսացված վերցնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որտեղ նա խիստ գնահատականներ է տալիս Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, ապա, իմ կարծիքով, ոչ մի պետության ղեկավար այդպիսի խոսքերով չպիտի արտահայտվի մեկ այլ պետության ղեկավարի մասին՝ դա հակասում է միջպետական հարաբերությունների էթիկական նորմերին: Բացի դրանից, բերված տվյալների մի մասը առնվազն կասկածներ է առաջացնում:

Մասնավորապես, Զելենսկու վարկանիշը, ըստ Թրամփի, 4 տոկոս է, բայց մեզ հայտնի վերջին հարցման համաձայն, որն անցկացրել է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, Ուկրաինայի նախագայի վարկանիշն անցած տարվա դեկտեմբերին 52 տոկոս էր, իսկ այս տարվա փետրվարին` 57 տոկոս: Բացառված չէ, որ այդ տոկոսներն ուռճացված են, բայց ԱՄՆ նախագահն իր ասած 4 տոկոսի համար ոչ մի աղբյուր չի վկայակոչում:

Ըստ Թրամփի, պատերազմի երեք տարիների ընթացքում ԱՄՆ -ի օգնությունը Ուկրաինային կազմել է 360 միլիարդ դոլար: Մինչդեռ նույն ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ՝ գեներալ Քիթ Քելագը հնչեցրել է այլ թիվ՝ 174 միլիարդ: Իհարկե, չի կարելի ասել, որ դա փոքր գումար է: Համեմատության համար նշեմ, որ այս տարվա Հայաստանի բյուջեի ծախսերը կազմում են մոտ 8.71 միլիարդ դոլար:

Բայց բացի զուտ փաստական (թերեւս՝ հաճախ սխալ) արձանագրումներից’ պետք է ուշադրություն դարձնել ընդհանուր քաղաքական համատեքստին՝ ուղերձներին, որոնք սկզբից ուղղել է Վենսը Մյունխենում, իսկ այնուհետեւ’ Թրամփը: Իսկ հիմնական ուղերձն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր չէ ծախսել իր հարկատուների գումարներն այն նախագծերի վրա, որոնք, իր կարծիքով, չեն առնչվում երկրի ազգային շահերին:

Թե ինչն է առնչվում, ինչը՝ ոչ, դրա հետ մենք՝ այլ պետությունների քաղաքացիներս, կարող ենք մեր կարծիքն ունենալ: Բայց առաջնահերթությունները ձեւակերպում է Թրամփի թիմը: Ուկրաինայի դիմադրությունը Ռուսաստանի ագրեսիային այդ առաջնահերթությունների մեջ չի մտնում: «Մենք դրանից բաժանված ենք մեծ, հրաշալի օվկիանոսով», – ասում է Թրամփը: Բայց եթե Ուկրաինային աջակցելը պետք է եվրոպական երկրներին, ապա նա այստեղ որեւէ խնդիր չի տեսնում՝ թող իրենք էլ անեն համապատասխան ծախսերը:

Եվրոպան, վստահ եմ, իրենից կախված ամեն ինչ կանի, որ Ուկրաինան շարունակի զսպել Պուտինի հարձակումը: Որքան ժամանակ, մինչեւ երբ եւ ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծվելու՝ կտեսնենք մոտակա ամիսներին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Եվրոպայի համար Ուկրաինայի զոհերը քիչ են։ Նրանք մինչև վերջին ուկրաինացիների արյունը չխմեն չեն հանգստանա։

  2. Հ.Շ. says:

    Խաղաղութեան ծրագիրը, գրեթէ բացէ ի բաց յայտնում են արդէն ամերիկացի եւ ռուս պաշտօնական դերակատարները ՝
    . զինադադար
    . ընտրութիւններ
    . Զելենսքին փոխարինել «իրապաշտ» ղեկավարով մը
    . ՌԴի բռնագրաւած հողերը թողնել նրան
    . մնացորդ Ուկրաինայի գոյութիւնն ու ապագան ապահովել, որչափ որ դա հնարաւոր է – սակայն նիւթէն դուրս հանելով այդ Նոր Ուկրաինայի միացումը՝ ՆԱՏՕին – :

    Հողերի յանձնումը կրնան թերեւս կատարել փափկանկատութեամբ… Ասելով որ՝ դեհ, հիմա թող մնան այդպէս, գալիք տարիներին կ’որոշուի անոնց ճակատագիրը: Ծանօթ ենք, չէ՞, այս գործընթացին…

    Մինչեւ որ ուկրաինացիները ըմբռնեն որ այդ մնացորդ Ուկրաինան է՝ «իրական Ուկրաինա»ն:

    Եւրոպական պետութիւնները դեռ շատ կը խօսին, կ’ընդվզին, պլա-պլա,պլա-պլա, սակայն ոչ մի շօշափելի բան էլ, չեն ըներ: Քանի որ՝ տկար են, այս լուծումը նաեւ ձեռնտու է իրենց, եւ այժմու ԱՄՆ-ն այս առիթով կ’ուզէ նաեւ զիրենք բոլորը… իրենց տեղը տեղաւորել:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728