«Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի հարցն անընդհատ առաջ մղում։ Դա նախընտրական քարոզարշավի մեկնարկ չէ, դա ճիշտ ձևակերպում չէ։ Իմ տպավորությամբ Քոչարյանը սկսում է իշխանության համար հերթական պայքարի փուլը, և դա այնքան էլ կապ չունի ընտրությունների հետ։ Հայաստանում երբևէ իշխանություն չի փոխվել ընտրություններով»,- «Ա1+»-ի եթերում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին և այն մեկնաբանություններին, 2026թ․ հերթական ընտրություններից առաջ Քոչարյանն արդեն քարոզարշավ է սկսել։
Փորձագետը շեշտեց, որ միշտ ընտրություններում հիմնական պայքարը գնում է առաջին և երկրորդ ուժերի միջև, մինչդեռ Քոչարյանի ղեկավարած դաշինքը այդ երկու դիրքերում էլ չէ։ Առաջին տեղը զբաղեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը, երկրորդ տեղում Վարդան Ղուկասյանի ԴԱԿ-ն է։
Արմեն Բաղդասարյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև առկա տարաձայնությանը, որի մասին վերջին ասուլիսի ժամանակ հարց էր ուղղվել նախկին նախագահին։ Նա կարծիք հայտնեց, թե գուցե լարվածության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին թույլ չի տվել երրորդ անգամ դառնալ նախագահ։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, վերլուծաբանը ճիշտ է համարում, որ Հայաստանը պետք է ժամանակ ձգի և ոտատակ չընկնի։ Արմեն Բաղդասարյանը նաև համարում է, որ Ադրբեջանը չունի այն հզորությունը, որ միայնակ հարձակվի Հայաստանի վրա։ «Ադրբեջանը միայնակ չի կարող Հայաստանից տարածքներ գրավել, եթե գրավի, լուրջ հակահարված կստանա։ Հայաստանի կարողությունները բավարար են մեն-մենակ Ադրբեջանի դեմ պատերազմելու համար։ Ադրբեջանը դա շատ լավ գիտի, դրա համար էլ անընդհատ թմբկահարում է, թե Հայաստանը չպետք է զինվի»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։