Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը հավատարիմ է մի արտաքին քաղաքականության, որն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, համագործակցությանը, մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Այս համատեքստում փակ սահմանների հասցեագրումը եւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն առավել անվտանգ ու փոխկապակցված տարածաշրջան կառուցելու մեր ջանքերի առանցքային սյուներն են:
Անցյալ տարի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ սահմանազատման գործընթացը՝ հիմքում ունենալով Ալմա-Աթայի հռչակագիրը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Կանոնակարգը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի կողմից: Այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին միջպետական փաստաթուղթն է:
Ադրբեջանի հետ վերջնական հարաբերությունների կարգավորման պայմանագիրը պատմական ձեռքբերում կլինի:
Խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից մենք լիովին համաձայնության ենք եկել 15-ի վերաբերյալ: Մնացած երկու կետերի վերաբերյալ ներկայացրել ենք կառուցողական առաջարկներ եւ սպասում ենք ադրբեջանական կողմի դրական արձագանքին:
Դա ոչ միայն կփոխի մեր երկու երկրների հարաբերությունները, այլեւ կբացի նոր հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության համար՝ առեւտրի, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:
Այնուամենայնիվ, երբ մենք առաջընթաց ենք գրանցում խաղաղության բանակցություններում, մենք հավատում ենք, որ սահմանների բացումը կդառնա կայուն խաղաղության բնական երաշխիքը:
Ավելին, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին ու սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Եվ վերջում, թույլ տվեք կրկնել Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը: Միասին մենք կարող ենք կառուցել ապագա, որտեղ սահմանները խաչմերուկներ են, որտեղ հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով եւ որտեղ մեր տարածաշրջանի ժողովուրդը կարող է բարգավաճել խաղաղության եւ անվտանգության պայմաններում:
Շնորհակալություն»: