Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Թոբիաս Վինկլերին՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ արտահայտած իր լավատեսության համար: Սակայն բավականին մտահոգիչ է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են խաղաղության ու կարգավորման շուրջ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այս քննարկման մեջ նոր տարրեր է ներառում՝ հակամարտության նարատիվներին համահունչ:
Սակայն այսօր ես չեմ հակադարձելու համանման նարատիվներով եւ հռետորաբանությամբ, ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետեւ ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը: Հայերը եւս մեծ տառապանքներ են տեսել Ադրբեջանի պատճառով, որը խախտել է մարդու իրավունքները եւ միջազգային մարդասիրական իրավունքը: Բայց ես, կրկին, չեմ անդրադառնա դրանց՝ հանուն խաղաղության եւ հանուն ապագայի:
Կարդացեք նաև
Տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչպես արդեն նշել է իմ գործընկերը, Հայաստանն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել, եւ մենք սպասում ենք արձագանքի: Նույնը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը: Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ չափանիշների վրա: Կրկին, մենք սպասում ենք դրական արձագանքի:
Հարավային Կովկասի ժողովուրդները եւ ապագա սերունդներն արժանի են խաղաղության եւ արժանի են ապրելու կայունության պայմաններում: Մենք՝ քաղաքական գործիչներս, այս հարցում մեր պատասխանատվության բաժինն ունենք: Իմ առաջարկն է՝ խոսենք խաղաղության մասին, ոչ թե պատերազմի:
Շնորհակալություն»: