Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիան պատրաստ է աջակցել իր կարեւոր գործընկերոջը՝ Հայաստանին. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Աոկի Յուտակա

Փետրվար 20,2025 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել  Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան 65-ամյակի առիթով: Նախ «Հովեր» երգչախումբը կատարեց Հայաստանի եւ Ճապոնիայի օրհներգերը, ապա Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Աոկի Յուտական ողջունեց հյուրերին:

«Արդեն մեկ տարի է, ինչ ժամանել եմ Հայաստան եւ իմ հավատարմագրերն եմ հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: Այս ընթացքում ես բազմաթիվ գործուղումներ եմ ունեցել Հայաստանի մազերով եւ այդ ճամփորդությունների ընթացքում հնարավորություն եմ ունեցել վայելելու հայկական լեռնաշխարհի գեղեցիկ տեսարանները՝ տարվա բոլոր եղանակների հարստությամբ ու բազմազանությամբ»,-նշեց  դեսպանը:

Նա հատուկ ընդգծեց, որ իր համար ամենահուզիչ Հայաստանի մարզերի բնակիչների ջերմ հյուընկալությունն ու բարյացկամությունն է, նրանց առատաձեռնությունը, ընկերասիրությունը ու  իրենց մշակույթը կիսելու խանդավառությունը. «Ես սիրեցի որոշ առանձնահատուկ ուտեստներ, ինչպես  հայկական տոլման, խորովածը. լավաշը, հարիսան եւ, իհարկե, յուրահատուկ խաշի հավաքույթները՝ համեմված տնական թթի եւ ծիրանի օղու անվերջ կենացներով:

Ապրելով այստեղ մեկ տարի, ինձ համար բավական էր, որպեսզի համոզվեմ, որ Հայաստանը Ճապոնիայի եւ արեւմտյան այլ երկրների հետ կիսում է ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հիմնարար արժեքները»:

Դեսպան Աոկի Յուտական անդրադարձավ իր ձեւակերպմամբ, որոշ երկրների ավտորիտար ռեժիմներին ու նշեց, որ համախոհ երկրների համերաշխությունն ավելի կարեւոր է դառնում  ապագա խաղաղ աշխարհի համար; Նա ասաց, որ Հայաստանը գտնվում է պատմական առանձնահատուկ փուլում եւ ունի լուրջ քաղաքական ու տնտեսական օրակարգ, ու Ճապոնիան պատրաստ է աջակցել իր կարեւոր գործընկերոջը՝ Հայաստանին:

Ի թիվս այլնի, դեսպանի խոսքում անդրադարձ եղավ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությանը՝ մասնավորապես Արցախից տեղահանվածներին եւ հյուրընկալող համայնքներին աջակցելու համատեքստում. «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո Ճապոնիան 2 մլն դոլարի անհետաձգելի օգնություն է ցուցաբերել: Այժմ մեր կարեւոր օրակարգն է բարելավել տեղահանված անձանց կենցաղը եւ ինտեգրումը տեղական համայնքին: Ճապոնիան եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն անցած տարի ստորագրել են 3 մլն դոլար արժողությամբ երկփուլ ծրագիր՝ տեղահանված անձանց հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքներին եւ սոցիալական ինտեգրմանն աջակցելու համար: Այսօր երեկոյան ուրախ եմ հայտարարել, որ Ճապոնիան շուտով ՅՈԻՆԻՍԵՖ-ին կտրամադրի ավելի քան 3 մլն  դոլար՝ տեղահանված երեխաներին, ինչպես նաեւ հյուրընկալող համայնքների երեխաներին աջակցելու համար: Ճապոնիայի կառավարությունը կարեւորում  է ողբերգական իրադարձությունների հետեւանքով տուժած յուրաքանչյուր երեխայի հանդեպ առանձնահատուկ հոգատարությունը»:

Դեսպանը հյուրերին առաջարկեց բաժակ բարձրացնել Ճապոնիայի  կայսեր ծննդյան  օրվա համար, խմել նաեւ Ճապոնիայի ու Հայաստանի բարեկամության համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728