Փետրվարի 20-ին Ֆլանդրիայի կառավարության նախարար-նախագահ Մաթիաս Դիպենդալը ընդունեց Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանին։
Հանդիպման ընթացքում դեսպան Տիգրան Բալայանը շնորհավորեց Մաթիաս Դիպենդալին Ֆլանդրիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ կարևորելով Հայաստանի և Ֆլանդրիայի միջև բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։
Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և տուրիզմի ոլորտում կապերն ամրապնդելու կարևորությունը։ Այս համատեքստում դեպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական գրավչության վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը՝ առաջարկելով կազմակերպել ֆլամանական ընկերություններից բաղկացած տնտեսական առաքելության այցը Հայաստան։
Վարչապետ Դիպենդալին ներկայացվեց նաև Ֆլանդրիայի համալսարանների հետ կրթության ոլորտում ծավալվող համագործակցությունը և այս ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը։
Կարդացեք նաև
Վկայակոչելով Ֆլանդրիայի խորհրդարանի կողմից նախորդիվ ընդունված բանաձևերը, դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների հասցեագրման համար։
Այս առթիվ, դեսպան Բալայանը հանգամանալից կերպով անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ կենտրոնանալով «Խաղաղության խաչմերուկ նախագծի» իրականացման և դրա արդյունքում տարածաշրջանում համագործակցության հաստատման տեսլականի վրա։
Բելգիայում Հայաստանի դեսպանություն