«Մենք կարծում ենք՝ քանի որ նրա [Զելենսկու] լեգիտիմությունը նախորդ տարվա մայիսին սպառվել է, նա պետք է ընտրություն անցկացնի։ Մենք չենք տեսնում, թե ինչպես կարող ենք նրա հետ բանակցել մի բան, մի համաձայնագիր, որի տակ կլինի նրա ստորագրությունը, բայց վաղը նա չի ընտրվի նախագահ: Այդ թղթի կտորը արժեք չի կրի»։
Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինը։
Դիվանագետի փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստ է բանակցել Զելենսկու հետ անգամ եթե ընտրություն չանցկացվի, բայց ՌԴ-ում ցանկանում են, որ բանակցություններն արժեք կրեն։
Կելինն ընդգծել է, որ անկախ ռազմական գործողություններից, «ամերիկացիների կողմից էլ կա մեծ պահանջ, որ ուկրաինական բնակչությունը պետք է արտահայտի իր կամքը, ընտրի Ուկրաինայի ղեկավարին»։
Կարդացեք նաև
«Ես վստահ չեմ, որ այդ մարդը Զելենսկին է լինելու», – հավելել է ռուս դիվանագետը։
«Ինչո՞ւ պետք է տարածքներ վերադարձնենք»
Լրագրողի հարցին՝ ռուսական կողմը պատրա՞ստ է գնալ փոխզիջումների, դեսպան Կելինը պատասխանել է՝ բարդ է ասել։
«ԱՄՆ-ի հետ բանակցությունները գտնվում են վաղ փուլում, ուստի վաղ է խոսել զիջումների մասին», – նշել է դեսպանը եւ հավելել, որ զիջումների մասին խոսելը «ծիծաղելի է», քանի որ Կիեւի հետ բանակցություններ չեն էլ սկսել։
Տարածքների վերադարձի մասին հարցին, Կելինն արձագանքել է՝ «Ինչո՞ւ պետք է տարածքներ վերադարձնենք։ Մենք ազատագրել ենք տարածքներ, որտեղ դարերով ապրել են ռուսներ»։
«Խնդիրը իշխանությունն է»
ՌԴ դեսպանը նշել է, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի գոյությանը որպես անկախ եւ ինքնիշխան երկիր։
«Մենք երբեւէ չենք հերքել, որ Ուկրաինան պետք է գոյություն ունենա․․․մենք արժեւորում եւ հարգում ենք ուկրաինացի ժողովրդին։ Խնդիրն իշխանությունն է»։
«Դա անտրամաբանական է։ Եթե խնդիր ունեք նախագահ Զելենսկու հետ, ինչո՞ւ եք այս չափ անմեղ ուկրաինացու սպանել», – արձագանքել է լրագրողը։
«Նախագահ Զելենսկին ստացել է ժողովրդի աջակցությունը՝ խոստանալով խաղաղություն։ Երբ ընտրվում էր, նա ասում էր, որ շատ արագ խաղաղության կհասնի Ռուսաստանի հետ, բայց երեւաց, որ նա պատերազմ է սկսում, իսկ հիմա էլ առաջնորդում է պատերազմը․․․», – ի պատասխան հայտնել է դեսպան Կելինը։
«Նա պատերազմ չի սկսել», – նշել է լրագրողը։
«․․․Ես բացատրում էի, թե ինչպես է տեղի ունեցել, եւ Դուք․․․», – միտքն անավարտ թողնելով ծիծաղեց Անդրեյ Կելինը։
«Ինչո՞ւ է դա ծիծաղելի», – դեմքի խիստ արտահայտությամբ պատասխանեց լրագրողը։
Դեսպանը բացատրեց, որ ի տարբերություն ԱՄՆ նոր վարչակարգի դիվանագետների՝ լրագրողը լսում է բայց չի ընկալում ռուսների դիրքորոշումը։
«Աշխարհի ամենամեծ խաբեբան Զելենսկին է»
Հարցին, թե ինչպես է դեսպանը գնահատում Զելենսկու եւ ԱՄՆ պետքարտուղար, այն ժամանակ սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությունն առ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաբեբա է՝ Անդրեյ Կելինը շեշտել է՝ «Աշխարհի ամենամեծ խաբեբան Զելենսկին է»։
Հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փետրվարի 19-ին արված «Truth» սոցիալական հարթակում արված գրառմանը՝ Կելինը կարծիք է հայտնել, որ Զելենսկուն միայն գումարն է հետաքրքրում, այլ ոչ Ուկրաինայի ժողովուրդը։
Համատեքստ
Էր Ռիյադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Վաշինգտոնը կոշտացրել է Կիեւի նկատմամբ հռետորաբանությունը։ Նախագահ Թրամփը Զելենսկուն «բռնապետ է» որակել՝ ընտրություն չանցկացնելու համար։ Նախագահն իր իսկ ստեղծած «Truth» սոցիալական հարթակում գրել էր․ «Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին ահավոր աշխատանք է կատարել, նրա երկիրը կործանված է, եւ ՄԻԼԻՈՆՆԵՐ առանց պատճառ մահացել են։ Եւ այդպես էլ շարունակվում է…»
Միաժամանակ, երեքամյա գրեթե զրոյական հարաբերություններից հետո Վաշինգտոնն ու Մոսկվան պատրաստակամություն են հայտնել աշխատել փոխադարձ հարգանքի երկխոսության վերականգման ուղղությամբ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ