«1988-ի այս օրը Ստեփանակերտի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, եւ եղանակը սրանից էլ վատ էր։ Ամբողջ գիշեր սառնամանիք էր, ցերեկը՝ ձյուն, բայց մենք իրար սեղմված մինչեւ առավոտ սպասում էինք նստաշրջանի պատասխանին»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Արցախից բռնի տեղահանված Աննա Այվազյանը։
Նա նշեց, որ անհասկանալի է այսօր հայ ժողովրդի պահվածքը, ինչո՞ւ է հանրահավաքը սակավամարդ՝ «Ցրտից վախեցողը բա թուրքից չի վախենա՞»։
Աննա Այվազյանը դրվագներ հիշեց 1988 թվականի դեպքերից․ «Մարզգործկոմը մեր ճնշման տակ խոստացել էր, որ նստաշրջանը կկայանա, բայց Բաքվի ներքին հրամանով փակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները։ Եվ պատգամավորները գալիս էին անտառներով, գյուղերով, սարերով-ձորերով՝ ոտքով։ Երբ որեւէ պատգամավոր մտնում էր հրապարակ, հրապարակը թնդում էր։ Առավոտյան նստաշրջանի որոշումը կարդաց Վաչագան Գրիգորյանը, եւ մարդկանց ցնծությունն անկարագրելի էր։ Որոշման մեջ գրված էր՝ դիմել Ադրբեջանի գերագույն խորհրդին եւ խնդրել համաձայնել ԼՂԻՄ-ը Ադրբեջանից անջատելու, դիմել Հայաստանի գերագույն խորհրդին եւ խնդրել, որ համաձայնեն ԼՂԻՄ-ին ընդունելու իր կազմի մեջ։ Ահա այսպիսի որոշում էր, որը ցնծությամբ ընդունվեց Ղարաբաղի ժողովրդի կողմից, միաժամանակ նույն օրը այստեղ ընդունվեց ցնծությամբ։ Մենք մի քանի օր սպասում էինք Ադրբեջանի արձագանքին մեր որոշման համար, եւ արձագանքը եղավ Սումգայիթը։ Հասկացանք, որ խաղաղ լուծում այս հարցին չի լինի, եւ մենք պետք է պատրաստվենք մեր իրավունքները պաշտպանելու։ Եվ մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եղավ պատերազմը, հաղթեցինք մի քանի անգամ մեզանից ուժեղ Ադրբեջանին, իրենց զենքով իսկ հաղթեցինք։ Եվ 32 տարի հայ ազգն ապրում էր հպարտ, գլուխը բարձր։ 2020 թվականին մեր գլուխը խոնարհվեց, խոնարհվեց անգիտակ, ազգին չսիրող, ազգի խնդիրներից գաղափար չունեցող մի խակ իշխանության պատճառով»։
Կարդացեք նաև
Աննա Այվազյանն ասաց, որ ուզում է ՀՀ իշխանություններին մի քանի հարց տալ․ «Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, Նիկոլ Փաշինյան, գոնե սերժանտի աստիճան ունեի՞ր, որ դու ղեկավարում էիր գեներալներին։ Ալեն Սիմոնյան, գոնե ենթասպայի կոչում ունեի՞ր, որ միջանցքում բերանդ լիքը-լիքը ասում էիր՝ թող կռվեիք։ Դու ավտոմատ քանդած-հավաքած կայի՞ր կյանքումդ, Ալեն Սիմոնյան։ Իսկ արցախցի երեք տարեկան երեխան քանդում եւ հավաքում է։ Եվ դուք արցախցուն ասում եք՝ վախկոտ, թող կռվեիք, երկիրը չտայի՞ք, երկիրը ծախել էիք, ծախված երկրում ո՞ւմ հետ մնայինք, թուրքի՞»։
Նա ասաց, որ այլ ելք չունեին՝ կամ պետք է ինտեգրվեին թուրքին, կամ պետք է Արցախից դուրս գային։ «Մենք շալակեցինք մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը եւ թողեցինք մեր ամենաթանկ գանձը՝ մեր երկիրը, մեր տունը, մեր շիրիմները։ Եկանք, որ Սասունցի Դավիթի երրորդ զարկի նման ամրացած ու հզորացած գնանք ու ազատագրենք մեր երկիրը։ Մենք գնալու ենք, լավ իմացեք, ովքեր կասկածում են, թող չկասկածեն, արցախցին Արցախից բացի ուրիշ տեղ չի ապրելու, գնալու է իր տունը»,- հայտարարեց Աննա Այվազյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ