Գյումրու նախին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին՝ այսօր մարմնական վնասվածքներ հասցնելով, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալելու ու ազատ արձակելու դեպքի մասին լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Սա չի իրականացվել որևէ քրեական վարույթի շրջանակում, չկա քրեական գործ, չկա քրեական վարույթ։ Ըստ էության, այն, ինչ կատարվում է Հայաստանում, արդեն շոուի է վերածվում, անհիմն, հորինված կասկածանք են նկարում, որ իբր Վարդան Ղուկասյանը զենք-զինամթերք ունի։
Գալիս են, վնասում են գույքը, իրեն մարմնական վնասվածքներ պատճառելով՝ անպատվաբեր ձևով ձերբակալում են՝ ըստ էության ընտրություններում առաջադրվելու նախաշեմին։
Կարծում եմ՝ պարզ է՝ ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ այս ձևով։ Վարդան Ղուկասյանը երբևէ չէր խուսափի ցանկացած հրավերով գալ, ընդ որում մեքենան ուսումնասիրել են, բացի մեքենային իրենց կողմից պատճառած վնասից, որևէ այլ բան չեն հայտնաբերել։
Կարդացեք նաև
Վարդան Ղուկասյանի մոտ որևէ արգելված իր չի եղել։
Այսինքն ի՞նչ, Վարդան Ղուկասյանը պետք է իր մոտ արգելված զենք պահեր, ծիծաղելի է ուղղակի, էն էլ իմանալով, որ հազար աչք կա իրավապահ մարմիններից իր վրա։
Խոշտանգման նմանվող առևերույթ գործողություններ են, որոնք նպատակ են հետապնդում ճնշել Վարդան Ղուկասյանին կապված սպասելիք քաղաքական իրադարձությունների հետ», ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ հասնելու է նրան, որ նախաձեռնվի քրեական վարույթ, որպեսզի Վարդան Ղուկասյանի ակնհայտ ապօրինի ազատազրկման, նրան պատճառած մարմնական վնասավածքների, առերևույթ խոշտանգման նմանվող գործողությունների համար ենթարկել տան պատասխանատվության, եթե ոչ այս իշխանության վերահսկողության տակ գտնվող իրավապահ մարմինների կողմից, ապա առնվազն Եվրոպական դատարանում։
Ըստ փաստաբանի, անկախ նրանից՝ դա կլինի այսօր, վաղը, հինգ, թե վեց տարի հետո Վարդան Ղուկասյանն այս իրադարձությունների համար հասնելու է վերջնական իրավական գնահատման։
«Մի հատ ձերբակալման արձանագրություն են կազմել ու բերել, սրա համար էականը, իմ կարծիքով, այն է, որ վայրենի ձևով ձերբակալման պրոցեսը նկարեն և ուղարկեն համապատասխան տեղեր՝ ապացուցելու իրենց հավատարմությունը հավանաբար իրենց հրահանգ տվողներին։
Դատավարական լուրջ գործողություններ տեղի չեն ունեցել, առհասարակ տեղի չեն ունեցել, հետապնդվող նպատակը միանշանակ նշումն է, ինչպես նաև հավատարմության խոստումները, որոնք տվել են՝ ապացույցներ ներկայացնելը տեսագրությունների տեսքով։
Գոնե ընտրությունների նախաշեմին չլիներ, ասեինք հերթական պրոֆիլակտիկ անհիմն գործողություններն էին, բայց ընտրությունների նախաշեմին, երբ սկսվում է շուտով առաջադրման գործընթացը և Վարդան Ղուկասյանի ոչ սովորական կարգով ձերբակալելը, այլ խոշտանգման նմանվող գործողություններով՝ մարմնական վնասվածքներ պատառելով, ոչ այլ ինչ է, քան քաղաքական ճնշում», -հայտարարեց փաստաբանը։
Նուեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ