Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Հայաստանը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության մաս եւ տեսել ենք՝ ինչ է տեղի ունեցել ԼՂ-ում: Ո՞րն է դրա փաստարկը, ինչպե՞ս են կարողանում մարդիկ այդպիսի փաստարկ բերել», փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հասկանալի է, որ հայտարարությունը վերաբերում է քաղաքական դաշտում հնչող տեսակետներին, որ պետք է նոր էսկալացիաներից խուսափելու համար վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմի օրակարգ:
Մի կողմ թողնենք այդ տեսակետների քննարկումը: Հեղինակները ներկայացնում են, փաստարկում, բերում իրենց հիմնավորումները, որոնց հետ կրող են լինել համաձայնողներ, կարող են լինել անհամաձայններ: Այսինքն, այդ իմաստով քաղաքական հարց է, որը բնականաբար կարող է լինել քննարկման առարկա:
Բայց, Հայաստանի ԱԽ քարտուղարի արտահայտությունը, թե՝ եղել ենք նոյեմբերի 9-ի մաս եւ տեսանք, թե ինչ եղավ Արցախում, մեղմ ասած այդքան էլ հիմնավոր ու փաստարկված չէ:
Կարդացեք նաև
Որովհետեւ, Արցախում շրջադարձային զարգացումները ծավալվել են այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած՝ Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիեւ քառակողմ հանդիպմանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս եւ դե ֆակտո դուրս է եկել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, դե ֆակտո դադարել է լինել դրա մաս:
Այո, մինչ այդ էլ Արցախում չի եղել այսպես ասած հանդարտ ու կայուն վիճակ, գրանցվել են շփման գծի միջադեպեր: Բայց, դրանց մասշտաբն ու բնույթը չի եղել «շրջադարձային»՝ վատ իմաստով:
Ադրբեջանի բեկումնային գործողությունները սկսել են Պրահայից հետո:
Երեւանը գուցե ունի իր բացատրությունները, թե ինչու՞ է գնացել Պրահայի համաձայնության: Ինքս այդ առնչությամբ ունեմ իմ գնահատականը, որ ներկայացրել եմ տարբեր առիթներով եւ դեռ թերեւս կլինեն վերստին ներկայացնելու առիթներ:
Բայց, «տեսաք ինչ եղավ Արցախում»-ը եղել է նոյեմբերի 9-ից Հայաստանի «դուրս գալուց» հետո, ըստ այդմ ԱԽ քարտուղարի «փաստարկը» հիմնավոր չէ:
Հ.Գ. հատուկ շեշտեմ այն մարդկանց համար, որոնք ցանկացած միտք անցկացնում են հետեւյալ «վարժեցված» պրիզմայով՝ ռուսներին արդարացնում ե՞ս Արցախի համար կատարվածի մասով, թե՞ ոչ:
Հարգելիներ, եթե որեւէ մեկը հիմա է խոսում Արցախի հարցում ռուսական քաղաքականությունից բխող վտանգների մասին, ես դրա մասին խոսել եմ եւ գրել առնվազն տասը տարի առաջ:
Սկզբունքային հարցն այն է, որ մենք պատասխանատվությունը պատկերացնում ենք այսպես ասած իրարամերժության տրամաբանությամբ: Այսինքն, եթե մատնացույց ես անում մեկի պատասխանատվությունը, ուրեմն արդարացնում ես մյուսին: Ոչ: Առաջարկում եմ պատասխանատվության հարցը, առավել եւս ողնաշարային, ռազմավարական քաղաքական օրակարգերում եւ իրադարձություններում, չդիտարկել այդ տրամաբանությամբ: Ռուսներն ունեցել են իրենցը, ամերիկացիներն ու ֆրանսիացիները՝ իրենցը, Իրանը՝ իրենը, Թուրքիան, ԵՄ-ն, եւ այլն, եւ այլն: Բոլորը ունեցել են իրենց կոնկրետ մոտիվներն ու վարքագիծը: Որեւէ մեկի հարցում պատասխանատվության շեշտադրումը չի նշանակում մյուսի պատասխանատվության բացառում:
Բայց, նաեւ աքսիոմատիկ է, որ Արցախի հետ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, նվազագույնը այն չափազանց պարզ պատճառով, որ այդ կառավարությունն է 2021 թվականին Արցախը հարցը ներառել իր նախընտրական խոստումների եւ ծրագրային պարտավորությունների շարք: