Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը կա, լինելու է՝ անկախ նրանից՝ որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին, նրանք պատասխան են տալու»․ Դավիթ Գալստյան

Փետրվար 20,2025 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախը կա, լինելու է՝ անկախ նրանից՝ որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին, նրանք պատասխան են տալու»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի պատգամավորներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին։

Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ Դավիթ Գալստյանն ասաց․ «Այդ անձը, որը խոսում է Սահմանադրության փոփոխությունից, հենց նրա օգնությամբ, միջնորդությամբ, անմիջական մասնակցությամբ ունեցանք կորսված Արցախի տարածք, որն այսօր բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ բոլորս հասկանում ենք, որ դա թուրք-ադրբեջանական հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները։ Այսօր փորձում են հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին և իրենց համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ»։

Այն, որ ընդդիմադիր ուժերը խոսում են Արցախի հարցը կրկին բանակցային օրակարգ բերելու մասին՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ձևաչափով, այս առիթով Դավիթ Գալստյանն ասաց․ «Մեր այսօրվա պայքարը միտված է նրան, որ մեր իրավունքները՝ այդ թվում նաև վերադարձի իրավունքը պետք է բանակցությունների ընթացքում քննարկվի։ Քանի չկան բանակցություններ, չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ-ի կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որ այդ հարցը մտնի միջազգային հարթակներում օրակարգ, իհարկե, որևէ այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը»։

Հարցին՝ իսկ արցախցիների համար ընդունելի՞ է նոյեմբերի 9-ի փաստաթղթի ձևաչափը, «Արդարություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Երբ Ադրբեջանը խոսում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի իններորդ կետից, ՀՀ օրվա իշխանությունները կարծես թե չեն կարողանում ասել, որ մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը կա ութ կետ, որը Ադրբեջանը կոպիտ խախտել է․ այն է Լաչինի միջանցքը, արցախցիների՝ Արցախում բնակվելը և այլն։ Նրանք, լինելով պարտված իշխանության խորհրդանիշներ, չեն կարողանալու երբևէ այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նրանք չեն բանակցում, այլ գլխիկոր վիճակում են գտնվում և կատարում են հրահանգներ, այլ ոչ թե բանակցությունների ընթացքում գալիս ընդհանուր եզրահանգման։ Ինչքան ժամանակ մենք ունենանք պարտության  խորհրդանիշ հանդիսացող հայ ազգի ներկայացուցիչներ, հայ ազգի համար բանակցությունների որևէ դրական կետ չի լինելու։ Կան հնարավորություններ Արցախի հարցը բանակցություններով լուծելու համար՝ և′ այդ  փաստաթուղթը, և′ ՄԽ համանախագահների ակտիվացումը վերագործարկելը։ Բոլոր հնարավորությունները կան։ Ցավոք, օրվա իշխանությունը տրվել է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին և փորձում է բոլոր հնարավոր անկյունները փակել, որպեսզի իրենցից հետո էլ չկարողանանք։ Բայց համայն աշխարհին կարող եմ հայտարարել, որ Արցախի հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, որևէ իշխանություն չի կարող փակել հայ ժողովրդի պայքարը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք արցախցիները ռուսական երաշխավորությամբ կվերադառնա՞ն Արցախ, Դավիթ Գալստյանը պատասխանեց․ «Երբ խոսում ենք ինչ-որ մեկի երաշխավորության մասին, ապա դրա համար պետք է լինեն բանակցություններ, որի ընթացքում ձեռք բերվեն պայմանավորվածություններ, և դրանք ներկայացնեն հանրությանը։ Հանրության կողմից պետք է ընդունելի լինի, ոչ թե առանձին անհատների։ Քանի որ չկան բանակցություններ, վաղաժամ է խոսել նման հարցերից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728