20 փետրվարի, 2025 թ․, Երևան․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է, որ Միության գրանցած հաջողությունները անդամ կազմակերպությունների և գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են:
«Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, Կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարևոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին»,-նշել է Ալեքսանդր Եսայանը։
Կարդացեք նաև
Նա նաև հավելել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։ «Մենք գնալու ենք նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաև «ԴիջիԹեքը», որն անցած տարի ամենամեծն էր պատմության մեջ։ Նախատեսում ենք այն դարձնել միջազգային հարթակ՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների»:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։
Նորընտիր խորհրդի կազմում են ընդգրկվել Արտավազդ Մինասյանը (Կրիսպ-համահիմնադիր և նախագահ), Արմեն Քոչարյանը (Վօլօ – տնօրեն և համահիմնադիր), Իրինա Դումանյան (Սիմենս-տնօրեն), Արսեն Բաղդասարյան (Դատաարտ-տնօրեն), Արման Աթոյան (Այ Իքս-Թեք-համահիմնադիր և տնօրեն), Խաչիկ Նազարյան (Բրոդքոմ – ինժեներական տնօրեն), Գևորգ Սաֆարյան (Լայմթեք – հիմնադիր և տնօրեն), Գոռ Վարդանյան (Ֆայմթեք – հիմնադիր), Սպարտակ Կյուրեղյան (Զելըս – Ֆինանսական և բիզնես օպերացիոն տնօրեն), Աշոտ Տոնոյան (Սերվիս Թայթան – տնօրեն), Արտավազդ Երիցյան (Փոդքասլ – հիմնադիր և տնօրեն), Նարեկ Ասլիկյան (Արմինիըն Քոդ Ըքեդըմի – հիմնադիր և տնօրեն), Ռեմ Դարբինյան (Վայրըլ Մանգո – հիմնադիր և տնօրեն):