«Ապառաժ»-ի զրուցակիցն է Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի Խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։
—Լրացավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման 37-ամյակը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 88-ի համազգային շարժումն ու ինչպե՞ս փոխվեց շարժման ընթացքը։
-Արցախյան շարժումը Հայոց պատմության մեջ կմնա որպես ազգային-հոգեւոր զարթոնքի եւ փառավոր հաղթանակի զորավոր մի էջ: Այն իր նշանակությամբ վաղուց հատել է ազգայինի սահմանը եւ ստացել աշխարհաքաղաքական իմաստ` իր դրական եւ բացասական հետեւանքներով հանդերձ: Շարժման ընթացքում` Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում տանելով համոզեցուցիչ հաղթանակ, հայ ժողովուրդը վերահաստատել է հայկական կենսատարածքում` Հայկական բարձրավանդակում իր ապրելու իրավունքը: Հաղթանակի շնորհիվ Հայաստանը (ներառյալ Արցախը) հնարավորություն է ստացել աշխարհին արժանապատվորեն ներկայացնելու իր պահանջատիրությունը ոչ միայն ազատագրված Արցախի նկատմամբ, այլ նաեւ չլուծված Հայկական Հարցի վերաբերյալ:
—Ինչու՞ միացումը Մայր Հայաստանին այդպես էլ չեղավ, ինչպե՞ս փոխվեց շարժման ընթացքը։
Կարդացեք նաև
-Ցավոք սրտի, հայկական դիվանագիտությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի զորու չի եղել, ավելի ճիշտ չի ցանկացել միջազգային հանրությանը ըստ արժանվույն հրամցնելու հայ ազգի օրինական եւ իրավական պահանջները: Ռազմի դաշտում տարած փառավոր հաղթանակը, հետագա պարտվողական քաղաքականության հետեւանքով («Հայաստանը հաղթել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը»- ՀՀ Բանակի գերագույն գլխավոր հրամանատար) հայկական դիվանագիտությունը չկարողացավ օգտագործել եւ պարտված Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Հաջորդ իշխանությունները, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայկական Հարցից առանձնացրեցին Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը, դարձնելով այն արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը եւ հասան որոշ հաջողությունների: Բայց, այսպես կոչված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները վնասվեցին` ԼՂՀ-ն դադարեց բանակցությունների լիիրավ կողմ լինելուց: Իմ կարծիքով` ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդիրն այնպես, ինչպես ներկայացվում էր, գոյություն չունի: Այն գերտերությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, կողմից արհեստականորեն ստեղծած քաղաքական ծուղակ էր, որի նպատակն էր եւ է` տարածաշրջանում պահպանել իրենց ազդեցությունը:
Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկախացել էր եւ իրավական տեսանկյունից կորցրել իր ազդեցությունը բռնակցված Արցախի եւ Նախիջեւանի նկատմամբ: Այդ մասին այնքան է գրվել, որ ավելորդ ենք համարում նորից կրկնելը:
Նախիջեւանը հայաթափվել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք է բերել փաստացի անկախություն եւ ազատորեն կարող էր վերամիավորվել Հայաստանին կամ ստեղծել անկախ պետություն: Ադրբեջանը պատերազմել է Արցախի դեմ, տեղահանել Հյուսիսային Արցախի հայ բնակչությանը, գրավել Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասեր, բայց եւ կրել խայտառակ պարտություն:
Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ արցախահայությունը, ազատագրելով իր հայրենիքի մի զգալի մասը, կառուցել է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, իհարկե՝ ըստ Սահմանադրության, այլ ոչ իրականում:
Թե դա ինչքանո՞վ է արդարացված կամ ճշմարիտ քայլ, ժամանակը ցույց տվեց, որ Միացումից հրաժարումը ազգային դավաճանություն էր:
Երեսունյոթ ամյա բարձունքից նայելով եւ ծանոթ լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, կարծում եմ` Շարժումը կարոտ է համակողմանի, գիտական ուսումնասիրման եւ ճիշտ գնահատականի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: