Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով ներկայացնել անկանխիկ գործառնությունների խթանման և հետվճարի մեխանիզմի կիրառման համապատասխան նախագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին: «Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետև այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռևս 2018-2019 թվականներին: Իհարկե, պատճառները պետք է հասկանանք, որովհետև ենթադրում եմ նաև, որ օնլայն առևտրի շուկայի զարգացումը, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայությունը մեր շուկայում շոշափելի ազդեցություն ունեցել է: Բայց հիմա ինձ համար նաև ակնհայտ է, որ նույն կենսաթոշակների հետվճարի համակարգը նույնպես ինչ-որ ազդեցություն ունեցել է: Վերադառնալով կենսաթոշակների, ընտանեկան և անապահովության նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի համակարգին՝ գալիս ենք այն եզրակացության, որ հնարավոր է այն լավ գործիք է ամենատարբեր առիթներով և ձևերով քննարկելու ու լուծումներ գտնելու համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական, արդյունավետ և ինչ գործիքներով կարելի է անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի գործիքը կիրառել ավելի ընդլայնված ձևով և շահառուների ինչ շրջանակի:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին, կառուցվածքին, հետվերադարձի մեխանիզմներին, սկզբունքներին և հիմնական նպատակներին, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր ուղիներին:
Կարդացեք նաև
Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում՝ հետվճարի համակարգը շահառուների նոր խմբի շրջանակում պիլոտային կերպով իրականացնելու վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ներկայացնել անկանխիկ գործառնությունների խթանման և հետվճարի մեխանիզմի կիրառման համապատասխան նախագիծ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ