37 տարի առաջ սկսված արցախյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր։
Չնայած խորհրդային տարիներին եղած սահմանափակումներին՝ խոսքի ազատության բացակայության պայմաններում, արցախահայությունն իր մեջ ուժ գտավ պայքարելու` հանուն իր ազգային արժանապատվության։
Անվիճելի փաստ է, որ անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Արցախն էր։
Չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության և 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ պահելուն և 10 ամիս սննդի մատակարարումից կտրված լինելու պայմաններին հայ ժողովուրդը շարունակում էր պայքարել, հանուն իր ինքնության և արժանապատվության։
Կարդացեք նաև
Արդեն այսօր, երբ գտնվում ենք պատմական ամբողջովին այլ իրականության մեջ, երբ Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափված է, իսկ մենք կանգնած ենք բազմամակարդակ մարտահրավերների առջև, պատմական փաստ է, որ այս ընթացքում ցավոք, չենք գնահատել Արցախն իր ողջ էությամբ և չենք գիտակցել նրա առանցքային ու ռազմավարական նշանակությունը հայկական քաղաքակրթության կենսունակության երաշխավորման և Հայկական պետություն ձևավորելու հարցում:
Ցավոք, այսօր էլ Արցախի մասին դեռ շարունակում ենք խոսել միայն էմոցիոնալ հարթությունում։ Այնինչ ժամանակն է քաղաքական գործընթացներն ու պետության վերաբերյալ ընկալումները ձևակերպել նոր՝ պատմական և գիտական փորձով հիմնավորված մոտեցումներով, որոնք կերաշխավորեն մեր կենսունակությունն ու շարունակական զարգացումը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն