Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության իրական պատկերն Ադրբեջանում. «Գեղարդ» հիմնադրամ

Փետրվար 20,2025 17:30

Ըստ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի զեկույցի՝ երկրում կար 331 քաղբանտարկյալ։ Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 357 մարդու անուն։ Վերջիններիս պնդմամբ՝ այդ ձերբակալությունները կապված են իրենց քաղաքական հայացքների և մասնագիտական գործունեության հետ։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ «Լրագրողներ և բլոգերներ»- 27, «Իրավապաշտպաններ»- 4, «Ընդդիմադիր կուսակցության և քաղաքացիական հասարակության անդամներ»- 32, «Ցմահ բանտարկվածներ»- 12 մարդ և այլն։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների ալիքը լայն տարածում ստացավ, և տարբեր մեղադրանքներով ձերբակալվեցին ավելի քան 100 լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական և քաղաքական ակտիվիստներ, կրոնական գործիչներ։ Միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, այս հետապնդումները համարեցին քաղաքական դրդապատճառներ և կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին և հանել նրանց դեմ ներկայացված մեղադրանքները։

Իլհամ Ալիևի օրոք «Զանգվածային լրատվության, հեռահաղորդակցության մասին», «Տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները հանգեցրին մամուլի վրա ճնշումների մեծացմանը։ Երկրում արգելափակվեցին մի շարք կայքեր՝ Azadlig Radiosu, Azadlig qəzeti, Meydan TV, Abzas Media և այլն։ 2022 թվականի փետրվարի 8-ին ընդունվեց «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որով լրատվամիջոցների և լրագրողների տեղեկատվության հասանելիությունն էլ ավելի սահմանափակվեց։

Բաքվում կայացած COP29 կլիմայական համաժողովից առաջ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Նյու Յորք) դատապարտել էր Ադրբեջանում 11 լրագրողների նախնական ազատազրկման ժամկետների երկարաձգումը։ «Ադրբեջանում քննադատական հայացքներ ունեցող լրատվամիջոցներից 11 լրագրողների պարբերաբար կալանավորումները ցույց են տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կենտրոնանան համաժողովի վրա՝ ուժեղացնելու բոլոր մեղադրանքները հանելու և բանտարկված լրագրողներին ազատ արձակելու կոչերը»,- ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։ Կոմիտեն մեջբերում է «Abzas Media»-ի գործով ձերբակալվածների անուններ՝ Ուլվի Հասանլի, Սևինջ Վագիֆքըզի, Էլնարա Գասիմովա, Նարգիզ Աբսալամովա և այլք։

Իր կարիերայի ընթացքում Էլնարա Գասիմովան համագործակցել է ընդդիմադիր՝ Meydan TV, Mikroskop Media, Open Azerbaijan, և Abzas Media լրատվամիջոցների, ինչպես նաև՝ Voice of America-ի հետ: Լրագրողական պարտականությունները կատարելիս ալիևյան ռեժիմի կողմից բազմիցս ենթարկվել է սպառնալիքների և ոստիկանական բռնությունների: 2021 թվականի օգոստոսի 4-ին նա ձերբակալվել է Ղազարի շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ ֆեմինիստ ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելիս։ Ինչպես «Abzas Media»-ի կալանավորված մյուս լրագրողներին, նրան ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն՝ կազմակերպված խմբի կողմից): Իշխանությունների պնդմամբ՝ Գասիմովան, «Abzas Media»-ի տնօրեն Ուլվի Հասանլին և մյուսներն արտասահմանյան դոնոր կազմակերպություններից մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ են ներմուծել Ադրբեջան: Գասիմովան հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ինքն ու իր գործընկերները հետապնդվում են իրենց լրագրողական հետաքննության համար, որը կենտրոնանացած էր կոռուպցիայի վրա։ Ըստ նրա՝ իրենց ձերբակալությունները նպատակ ունեն լռեցնելու անկախ լրատվամիջոցներին ու կասեցնելու կոռուպցիոն հետագա բացահայտումները:

Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող լրագրող Էլնարա Գասիմովան բաց նամակով դիմել է հանրությանը՝ խոսելով կալանավայրում գտնվող կին բանտարկյալների նկատմամբ ապօրինությունների, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, անմարդկային վերաբերմունքի մասին։ «Բաքվի թիվ 1 նախնական կալանքի կենտրոնի (BIT) կառավարման համակարգը շատ ասպեկտներ ունի, որոնք նման են Ադրբեջանի կառավարման համակարգին։ Ինչպես երկրում են ոտնահարվում քաղաքացիների իրավունքները, այնպես էլ խախտվում են BIT-ում կալանավորված անձանց իրավունքները։ Հաստատությունում ապօրինի զրկանքների են ենթարկվում նաև այս անձինք, որոնց ազատությունը խլել են «օրենքով»։ Այս մեկուսարանում, որն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք ստիպում են մեզ մոռանալ, որ 21-րդ դարում ենք, բացի պայմանների բացակայությունից, գերակշռում են նաև իրավախախտումները»,- գրում է Գասիմովան։

Անդրադառնալով բանտային էթիկային՝ լրագրողն ընդգծել է, որ «կին բանտարկյալները խտրականության են ենթարկվում. անձնակազմի մեծ մասը բանտարկյալների հետ խոսում է կոպիտ կամ նվաստացուցիչ ձևով: Երբեմն բանտարկյալները ենթարկվում են հոգեբանական կամ ֆիզիկական բռնության, և այդ ամենն իրականացնող աշխատակիցները ոչ միայն պատասխան չեն տալիս իրենց արարքների համար, այլև շարունակում են աշխատել։ ․․․Բացի այդ՝ BIT-ի աշխատակիցները մահակներն ու ձեռնաշղթաներն օգտագործում են որպես ահաբեկման միջոց, այլ ոչ թե որպես կանխարգելման միջոց, ինչպես նախատեսված է օրենքով (հոդված 45.2.1 և հոդված 45.2.2)»։

Կալանավորված կանանց ոտնահարված իրավունքները թվարկելիս Գասիմովան նշում է, որ իրեն և մյուսներին չեն տրամադրում իրենց հասանելիք ապրանքները, նրանք ծանոթ չեն անգամ կալանավայրի «Ներքին կարգապահական կանոններ»-ին, գաղտնալսվում են կին բանտարկյալների բոլոր հեռախոսազանգերը, կալանավորված կանանց հեռախոսային խոսակցությունների իրավունքները սահմանափակված են, աշխատակիցների կողմից արգելվում են զանգեր Թեժ գիծ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, դատախազություն կամ այլ կառույցներ: Խախտվում է կալանավորվածների «անմեղության կանխավարկած»-ը՝ նրանց անվանելով «հանցագործներ»։ «Սա ընդամենը մի մասն է Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող կալանավորվածների ոտնահարված իրավունքներից։ Երբ բողոքում ես դրանց դեմ, նրանք պատասխանում են. «Ես քեզ խնդրե՞լ եմ, որ հանցանք գործես ու հայտնվես այստեղ»»,- գրում է լրագրողը։

Թեև մի շարք երկրներ և միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ շարունակում են կոչ անել Բաքվի իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բանտարկված լրագրողներին ու ակտիվիստներին, սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է հայտարարել, որ «Ադրբեջանում ապահովված է լրատվամիջոցների ազատությունը, և որ լրագրողների ձերբակալությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով․․.»։ Անկասկած է, որ Գասիմովան և մյուս քաղբանտարկյալներն Արևմուտքին «ժողովրդավար Ադրբեջանն» են ներկայացնում։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728