Wyrwij murom zęby krat! Քաշեք ճաղերի ատամները պատերից:
Zerwij kajdany, połam bat! Պոկե՛ք շղթաները, կոտրե՛ք մտրակը։
A mury runą, runą, runą Ու պատերը կընկնեն, կընկնեն, կընկնեն
I pogrzebią stary świat! Եվ հին աշխարհը կթաղվի։
Կարդացեք նաև
( Muri, Jacek Kaczmarski ) (Պատեր, Յացեկ Կաշմարսկի)
Ցյուրիխում իմ ուսանողական տարիներին, իմ լեհ ընկերներից, որոնց համարում եմ առաջինը բոլոր սլավոնների մեջ, մի հոյակապ երգ լսեցի, որը կոչվում է Muri՝ Պատեր, որ գրվել է լեհ Յացեկ Կաշմարսկու կողմից 1978թ․-ին՝ ունենալով որպես հիմք կատալոնական L’estaca –ն։
«Պատեր»-ը, ժամանակին դարձավ սոցիալիստական Լեհաստանի դիմադրության երգերից մեկը։ Երգ, որն ավելի շատ ճիչ է քան լոկ silերգ։
Երգում այսպիսի բառեր կան՝
Aż zobaczyli ilu ich, poczuli siłę i czas,
I z pieśnią, że już blisko świt szli ulicami miast; Zwalali pomniki i rwali bruk – Ten z nami! Ten przeciw nam! Kto sam ten nasz najgorszy wróg! A śpiewak także był sam.
|
Եվ նրանք տեսան նրանց քանակն, և զգացին նրանց ուժն ու ժամանակը,
Եվ երգելով որ լուսաբացը մոտ է, նրանք լցվեցին փողոցները, Նրանք ավիրեցին հուշարձաններն և արմատախիլ արեցին մայթեզրերը՝ գոռալով սա մեր հետ է, իսկ սա մեր դեմ, Իսկ ով մենակ է նա մեր վատագույն թշնամին է, Իսկ երգիչն ախր նույնպես մենակ էր։
|
Ճիշտն ասած, մեկ այլ հոդված էի գրել երեկ, բայց չէի ցանկանում տպագրել, կարծես թե ներքին ձայնս ասում էր սպասիր մի քիչ։ Այդտեղ վերլուծում էի այն հնարավոր վարկածներն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այս վերջին երեք ամսում, իր թիմով հանդերձ, ոչ պոպուլյար քայլեր անում։ Սակայն ներքին ձայնս իզուր չէր հուշում սպասել։ Եվ մեկ ժամ սպասելուց հետո, ահա և Նիկոլ Փաշինյանը կրկին ներքաղաքական դաշտում մի նոր «Քաթրինա» փոթորիկի նախազգուշացում արեց․ գաղափարական ուղերձով է դիմելու։
Հիմա էլ «Իրական Հայաստանի» գաղափարական ուղերձ։ Ու, ամենից կարևորը՝ սահմանադրական հանրաքվե։ Լավ, ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ Մյունխեն այցից հետո։ Գայթակղությունը շատ մեծ է, տրվել ընդհանուր հռետորաբանությանը, թրենդին, խոսույթին, նարատիվին և ասել, որ պարզապես Ադրբեջանի պահանջն է կատարում։ Կներեք, ես չեմ կարող դա անել, որովհետև միտքս շարունակելու է ինձ տանջել ու այդ ինչո՞ւ-ի պատասխանը մնալու է առկախված։ Եվ ինչպես «Պատեր»-ի մեջբերված հատվածի վերջին տողում է ասվում՝ A śpiewak także był sam (Իսկ երգիչն ախր նույնպես մենակ էր։)։ Չեմ կարող և չեմ տրվի ընդհանուր նարատիվին և գայթակղությանը․ Պետք է ճանաչել Ճշմարտությունն և Ճշմարտությունը կազատի։
Թերևս բնավորությանս միակ դրական գիծն, որ ինձ միշտ օգնել է և օգնում է դա ոչ մեկին չհայրենասիրության մեծ չկասկածելն է, չթերագնահատելն է։ Ինչպես Համայնքների պալատում են միմյանց պատգամավորները դիմում Honourable (պատվելի), կամ եթե Գաղտնի խորհրդի անդամ են (Privy Council), ովքեր խորհրդում են միապետին, ապա Right Honourable (Իրապես պատվելի), նույնպես և ես միշտ հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում բոլոր քաղաքական դերակատարներին։ Տարբերը՝ դեռևս չի նշանակում վատ, ապապետական, կամ ապահայրենասիրական։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի գաղափարական ելույթը լսելուց, իսկ հետո մի 5 անգամ կարդալուց հետո այդ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծն, էմոցիաները խեղդում էին, բայց էմոցիաները մի կողմ, միշտ մի կողմ, դա երբեք չի օգնում և չի օգնել ոչ ոքի։ Դիտարկել է պետք ամեն ինչ իր ամբողջության մեջ՝ տարածության և ժամանակի մեջ և ըստ հերթականության։
Իսկ ի՞նչ ունենք․
1.Կիսատ սահմանազատման ընթացքում ծնված «Իրական Հայաստանի» հայեցակարգ։
2.Սահմանադրական դատարանի որոշում, կապված Անկախության հռչակագրի տեղի և դերի հետ ՀՀ իրավակարգում։
3.Վերջին երեք ամիսների ընթացքում առնվազն 3 ոչ պոպուլյար քայլեր Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից, որոնք հանրային մեծ բողոք են գեներացրել։
4.ԵՄ-ին անդամակցության ձգտման օրենքի նախագծի ընդունում։
5.Ալիևի շարունակական հռետորաբանություն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին։
6.Այց Շվեյցարիա, որտեղ հնչեցվեցին արտահայտություններ Հայոց Ցեղասպանության մասին։
7.Չստացված այց ԱՄՆ, քանի որ պաշտոնական հանդիպում՝ լուսաբանված Սպիտակ տան կողմից, չեղավ։
8.Մյունխենյան պառակտում Արևմուտքի շարքերում և նեո-լիբերալների շեշտակի թուլացում։
9.ԱՄՆ-Ռուսաստան շփումների վերսկսում և ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զիջում։
10.Նախընտրական շրջանի փաստացի մեկնարկ Գյումրիում, որտեղ կարծես թե ամեն ինչ խոստանում է, որ ծայրահեղ թեժ է լինելու և արշալույսները բարի չեն լինելու իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի համար։
11.Այց Մյունխեն։
12.Մեղրիի հարցի վերակենդանացում։
13.Ռոբերտ Քոչարյանի 4 ժամանոց ասուլիս։
Սրանք են այն փաստերն, որոնք միմյանց հետ համադրելով կարելի է գոնե փորձել հասկանալ այդ հայեցակարգին բեմահարթակ կրկին հանելու իրական մոտիվացիան։ Որքան ընթերցում եմ այդ հայեցակարգի նախագիծն, և վերհիշում այս 13 փաստերը, հանգում եմ ընդամենը 5 վարկածի․
1.Տեսնելով վերջին վայրիվերումները աշխարհակարգում, միգուցե խորհուրդ ստանալով Արևմուտքից, գնում է այս քայլին, որպեսզի ժամանակ շահի՝ Ադրբեջանին զսպելու համար, որպեսզի խաղաղ և Հայաստանի համար առանց կորուստների անցնի Իրանի կողքով շուտով անցնող ամերիկյան փոթորիկը, որին անպայման Ադրբեջանն ու Թուրքիան մասնակից են լինելու։
2.Հասարակական ահագնացող դժգոհությունը շեղման միջոցով զսպելու համար, որպեսզի ուշադրությունը հասարակության բևեռացվի այս հարցի վրա, իսկ քաղաքական հակառակորդներն էլ չունենան բավականաչափ ռեսուրսներ 5 ճակատով պայքարելու՝ տրանսպորտի բոյկոտ, հայտարարագրում, Գյումրիի ընտրություններ, հարկային բեռի ծանրացում, և սահմանադրական հանրաքվե։ Եվ այստեղ և սրա հետ կապված նաև Գյումրիի ընտրություններում սիմվոլիկ հնարավոր պարտությունից խուսանավում։ Ասել է թե հասարակության դժգոհության մեղմում և ընդդիմության ուժերի ապակենտրոնացում և մաշում։
3.Հասարակական դժգոհության մակարդակի էլ ավելի բարձրացում, որի դեպքում լեգիտիմ հնարավորություն կստեղծվի արտահերթ ընտրություններին գնալը։
4.Պարզապես իրականությունից կտրված լինելը, և ունենալով Պապ թագավորին որպես քաղաքական իդեալ, շարունակել ոչ պոպուլյար և ոչ միանշանակ ընկալվող քայլերը։
5.Պարզորեն Ալիևի քմահաճույքի կատարում։
Չնայած մեծ է գայթակղությունն և ճնշումն ասել պարզապես, որ ամենից վերջին վարկածն է միակ ճիշտը, սակայն այն ինձ հավանական չի թվում լոկ այն պարզ պատճառով, որ այլ քմահաճույք-վերջնագրերը նա չի անում՝ օրինակ` զենքերի վերադարձը գնման երկրներ։ Բացի այդ, իրականում ՍԴ որոշմամբ Ալիևի պահանջն այլևս իրականության հետ աղերս չունի։
4-րդ վարկածն ևս իրատեսական չի թվում, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որը հոյակապ է զգում հասարակության ներսում առկա տրամադրություններն, և այսպես ասած ներքաղաքական հարցերի մաեստրո է՝ ունենալով հոյակապ քաղաքական հոտառություն։
Առավել հավանական է թվում առաջին երեք վարկածների համադրությունը: Այսպես, սրանով նա ստանում է արտաքին քաղաքականության մեջ թայմ-աութի հնարավորություն, և եթե դա ստեղծի այնպիսի հասարակական դժգոհության ալիք, որ ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների, ապա դա առավել քան շահեկան կարող է լինել, քանի որ և՛ արտաքին քաղաքականությունում թայմ-աութը կերկարաձգվի, և՛ նաև կստանա հնարավորություն թիմում ներքին վերադասավորումներ անել՝ կապելով դա արտահերթ ընտրությունների պատճառ հանդիսացող քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հետ։ Իսկ եթե չստեղծվի քաղաքական ճգնաժամ և արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չառաջանա, ապա նվազագույնը դրանով կստվերվեն Գյումրիի ընտրությունները և կպակասեցվի ՔՊ-ի իսկապես հնարավոր պարտության հավանականությունն, իսկ Գյումրին խորհրդանիշ է, որտեղ չի կարելի պարտվել։
Այս ամենին գումարած՝ այս նախագծով, ըստ էության, ցուգցվանգի մեջ է դնում ընդդիմությանը, քանի որ այդ նախագծին ընդդիմացողները կարող են որակվել որպես Հայաստանի անկախացմանն ու խաղաղությանն ընդդիմացողներ։
Իսկ եթե մինչև հանրաքվեի անցկացումը փոթորիկները դադարեն, ապա միշտ կարելի է պատճառ գտնել չեղարկել այն, որը քաղաքականապես հեշտ է, եթե դրա հեղինակն է այն անում։ Իսկ եթե չանցնեն փոթորիկներն և հանրաքվեում պարտություն գրանցվի, ապա տեսականորեն այդ հանգամանքը ևս կարելի կլինի օգտագործել որպես քաղաքական ճգնաժամ, և այդ առիթով արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մի խոսքով՝ perpetuum mobile։ Պարզապես անպարտելի կոմբինացիա է։
Իսկ դա մեզ պե՞տք է։ Այո, ժամանակ շահելու իմաստով միանշանակ, սակայն ժամանակն էլ մեր դեմ է աշխատում, քանի որ Ադրբեջանն արտաքին աշխարհում ավելի լայն գործողությունների ազատություն ունի և ավելի շահեկան դիրքերում է, քան մենք։ Պարադոքս։ Ժամանակ շահելու այլ ձևեր պետք է փնտրել։ Սակայն, սրանով հանդերձ, այդ հայեցակարգն այն տեսակով, որ առաջարկվում է, կարծում եմ, որ մեր գոյին և ինքնությանը հակոտնյա է։
Արդյո՞ք մեզ պետք է ունենալ համազգային նպատակներ ու դրանց վերաբերյալ համազգային կոնսենսուս։ Անշուշտ, դա դեռևս երեկ պետք է ունենայինք։ Եվ մի կողմից կարելի է ասել, որ ունեինք և դրանք էին՝ Ցեղասպանության ճանաչումն և Արցախը։ Եթե Ցեղասպանության ճանաչման պայքարն արդեն փաստացի կարիք ուներ «ռեբրենդինգի», որպեսզի հնարավոր լիներ սերնդափոխ սփյուռքին պահպանել հայ և կապը մայր երկրի հետ անխախտ պահել, ապա Արցախի հարցում ոչ մի «ռեբրենդինգի» կարիք չկար։ Սակայն այս երկու նպատակներն էլ միջնաժամկետ էին, և դեռևս շարունակում էր բաց մնալ ինքնության կոդի վերջնական ձևակերպումը՝ պարփելով իր առաքելության մեջ։
Այստեղ է խնդիրը, որ ոչ նախկին քաղաքական էլիտաներն և ոչ էլ ներկա քաղաքական էլիտան չեն կարողանում ձևակերպել հայ ժողովրդի առաքելությունը, և արդեն դրանից բխեցնել նպատակներն և ինքնության կոդը։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրամցվող հայեցակարգն ևս չի տալիս հայ ժողովրդի առաքելության տարբերակը։ Իսկ հայ ժողովրդի առաքելության տարբերակ տալու համար պարտադիր 1 պայման չպետք է մոռանալ․ հայ ժողովուրդը թեպետ շատ կարճ ժամանակով եղել է կայսերական ժողովուրդ, իսկ կայսերական ժողովուրդներն այլ որակի են, և այլ մոտեցումներ են պահանջում։ Գենետիկ հիշողությունը հայ ժողովրդից չի կարելի վերացնել, և չի կարելի հանել հայ մարդու սրտից սերը առ Տիգրան Մեծ։ Այն կայսերական ժողովուրդներն, ովքեր չեն կարողացել ձևակերպել իրենց առաքելությունն և չեն իրականացրել այն, դուրս են եկել համաշխարհային խաղից, և թերևս միակ բացառությունը մենք ենք հանդիսանում, որն Աստծո նախախնամությամբ՝ դեռևս շարունակում է իր ճանապարհը, բայց կարծում եմ ՝ճանապարհից շեղված կարգավիճակով։
Բայց, այս ամենով հանդերձ, մի մեծ բան է կատարվում․ հասարակության ուժերը մաշվում են, որովհետև անհնար է մեկ տան մեջ անվերջ կասկածանքով ապրել ընտանիքի անդամների հետ։ Իսկ այդ իրավիճակը առաջացել է բացառապես երկու պատճառով՝ ներկայիս իշխանությունը 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ընդմիշտ քաղաքական բեմահարթակից չհեռացավ կամ չհեռացվեց, և 2018թ․-ի հեղափոխությունում պարտված քաղաքական ուժերն՝ ե՛ւ ՀՀԿ-ն ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս խորհրդարանական հենարան ՀՅԴ-ն ևս չհեռացան կամ չհեռացվեցին ընդմիշտ քաղաքական բեմահարթակից։
Այս երեքի քաղաքական բեմահարթակում պահպանվելը մաշում է հասարակության ներուժը։ Իսկ հասարակությունն էլ համառորեն ցանկանում է նրանց 3-ի բեմում մնալը․ Ավելին, երբեմն անգամ les saluts répétés-ի համար եւս մեկ անգամ կանչում է հետ ծափահարման։ Բայց հայ հասարակությունն ևս մեղավոր չէ: Իրականում ընթանում է հիբրիդային պատերազմ, և իրականում, ցանկացած ժողովուրդ, պատմության մյուս փուլ է մտնում իր առաջնորդի ուսերին նստած։ Միգուցե, ի վերջո, Փոքր Մհերը ժայռից դուրս գա ու Արարիչը բացահայտի նրան։
Ստեղծված իրավիճակում, միայն և բացառապես ազգային ուժերի համախմբումն է, որ կարող է փրկություն դառնալ, որոնք չեն կրում պարտության խարանը ուղղակի թե միջնորդավորված, որոնք չեն հանդիսացել իշխանության մաս անկախացումից ի վեր, և ովքեր ունեն ընդամենը մեկ նպատակ և կարմիր գիծ՝ Հայաստանի գործոն լինելը։ Միակ ելքը դա վերելքն է։ Վերջինն իմ ձևակերպված միտքը չէ, այլ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի յութուբյան ելույթից է վերցված։
Աստված թող պահապան լինի հայոց պետականությանը։
Խաչիկ Հարությունյան
20․02․2025թ․