ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախյան շարժման տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր ուղերձում առանձնահատուկ կարևորություն տվեց հիշողության դերին ազգային ինքնության և քաղաքական պայքարի մեջ։ Նա ընդգծեց, որ պատմական հիշողությունը ոչ միայն անցյալի վերհիշում է, այլ նաև գործելու կամք՝ պահպանելու ազգային ինքնությունն ու դիմադրելու արտաքին և ներքին սպառնալիքներին։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներկայիս իշխանության հակապետական և հակազգային գաղափարախոսությանը՝ նշելով.
«Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»։
Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում նախկին Սահմանադրության լեգիտիմությունը՝ այն «քաղաքական շարժառիթներով պայմանավորված» համարելով։ Սակայն ակնհայտ է, որ այսպես կոչված «նոր Սահմանադրությունը» մշակվում է ոչ թե ազգային շահից, այլ արտաքին ուժերի, մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական շահերի սպասարկման նպատակով։
Կարդացեք նաև
Փաշինյանի իշխանությունը համակարգված կերպով ձգտում է խարխլել ազգային հիշողությունը, որպեսզի ձևավորի հասարակություն, որը հեշտ կլինի կառավարել։ Այս նպատակով իրականացվում են կրթական բարեփոխումներ, որոնք աղավաղում են պատմական փաստերը, իսկ պատմության դասագրքերը ձևափոխվում են այնպես, որ համապատասխանեն օրվա իշխանության քաղաքական օրակարգին։ Այս մոտեցումը ոչ միայն վտանգում է ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև նպաստում է պետականության կազմաքանդմանը։
Ներկայիս իշխանությունը մոռանում է, որ առաջին Սահմանադրությունը գրվել է հաղթանակած ժողովրդի կողմից, հաղթողի տրամաբանությամբ և տեսլականով, մինչդեռ իրենց առաջարկած տարբերակը պարտվողի և վախեցածի հոգեբանության արտացոլանք է։
Հատկանշական է, որ դեռևս 70-ականների սկզբին Ադրբեջանի ապագա առաջնորդ Հեյդար Ալիևը խորհրդային Միլլի մեջլիսում ընդունել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության բողոքի ցույցերը (հատկապես 1965-ին) խափանել են տարածաշրջանում հայկական ինքնության վերացման ծրագիրը։ Նախիջևանի օրինակով պարզ է դառնում, որ երբ հայությունը կորցնում է ինքնապաշտպանական ռեսուրսները, տարածաշրջանում նրա ֆիզիկական և մշակութային գոյությունը վերանում է։
Սերժ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը միջազգային հարթակներում՝ ընդգծելով, որ թուրքերի հետ խաղաղ համակեցության թեման արհեստական օրակարգ է, քանի որ նույնիսկ Խորհրդային Միության տոտալիտար պայմաններում դա հնարավոր չեղավ։ Հայաստանին պարտադրվող ներկայիս «խաղաղության» մոդելը նույն նպատակն ունի՝ հայերի ազգային ինքնության լուծարում և պետականության թուլացում։
Հիշողությունը ոչ միայն անցյալի փաստերի պահպանման միջոց է, այլև ազգային ինքնության գլխավոր հենասյուներից մեկը։ Այն ժողովուրդները, որոնք կորցնում են իրենց պատմական հիշողությունը, դառնում են քաղաքական շահարկումների և գաղափարական վերաձևումների զոհ։ Այսօր, երբ Հայաստանում փորձ է արվում ռադիկալ կերպով փոխել ազգային արժեհամակարգը, առավել քան երբևէ անհրաժեշտ է գիտակցել, որ պետականության պաշտպանությունը սկսվում է ազգային հիշողության պահպանությունից։
Հայ ժողովուրդը պետք է զգոն լինի և չտրվի գաղափարական մանիպուլյացիաներին, քանի որ պատմության ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ մեր գոյատևման և պետականության պահպանման միակ երաշխիքը՝ ազգային ինքնության ամրապնդումն է։