Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել. Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Փետրվար 20,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սիրելի´ հայրենակիցներ

1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով:

ԼՂԻՄ հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժի և բռնությունների քաղաքականությունը, որը 35 տարուց ավել դարձավ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը: Դրա բարձրակետը 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցավոք, աշխարհի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքով բռնազավթեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

Պատմական ու ազգային այս մեծ ողբերգության արդյունքում 150 հազար արցախցիներ ստիպված էին տեղահանվել իրենց բնակավայրերից և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենիք վերադառնալու փափագով և ազգային արժանապատվությունը վերականգնելու հույսով ու վճռականությամբ:

Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել:

Փետրվարյան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականության, ազատության ու անկախության համար թափած արյունն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժվարությունների առջև:

Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:

Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը:

Այսօր, հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728