Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարվանից մենք մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը ներառեցինք, որի իմաստը հետևյալն է, որ մի խողովակ, ենթակառուցվածք էլ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ այդ ամենը տեղի ունենա. Փաշինյան

Փետրվար 20,2025 16:47

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,593,349.2 հազար դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ 1,255,579.0 հազար դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 223,166.2 հազար դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 114,604.0 հազար դրամ): Որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ինչպես նաև ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման համար։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների (4 մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 3 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 6 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մարզադպրոցի կառուցման և 1 մարզադաշտի կառուցման) ֆինանսավորման, ինչպես նաև թվով 13 օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության դիմաց վճարման համար անհրաժեշտ է հատկացնել շուրջ 1.59 մլրդ դրամ:

Միաժամանակ, որոշմամբ կատարվում է միջեռամսյակային վերաբաշխում՝ 10․0 մլն-ի չափով (1–ին եռամսյակում)՝ 2024թ․-ին նախատեսված, սակայն ս․թ․ հունվարին մատակարարված դպրոցական լաբորատոր սարքերի դիմաց վճարելու նպատակով, 207.2 մլն–ի չափով՝ 1–ին եռամսյակում, 277.3 մլն–ի չափով՝ 1–ին կիսամյակում և 166.4 մլն–ի չափով՝ 9 ամսում՝ Ներքին Սասնաշենի դպրոցի կառուցման աշխատանքների դիմաց վճարելու նպատակով։ Որոշման ընդունմամբ գումար կհատկացվի մի շարք կրթական և մարզական շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի ֆինանսավորման համար:

Վարչապետը թվարկել է, թե կրթական և մարզական որ շինությունների մասին է խոսքը. «Մարզական օբյեկտների կառուցման մասով՝ հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության  և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները՝ ընթացիկ շինարարական փուլ, Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտի կառուցում՝ ավարտված է: Դպրոցների մարզադահլիճների կառուցում՝ «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցում՝ ավարտված է, իրականացվում են արտաքին գազամատակարարման աշխատանքներ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է այցելել բոլոր վայրերը՝ առանց բացառության, քանի որ այցերը ոչ միայն վերահսկողական նշանակություն ունեն, այլև աշխատանքի որակի մասին տեղեկություն ստանալու, աշխատանքի որակը փոխելու կամ լավարկելու շատ կարևոր գործիք են:

Շարունակելով թվարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երևանի Ս. Խանզադյանի անվան 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցում՝ ավարտված է, Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցում՝ ավարտված է: Դպրոցների մարզադահլիճների վերակառուցում՝ Երևանի Մ. Սարյանի անվան 86 հիմնական դպրոցի մարզադահլիճ՝ ավարտված է, Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճ՝ ավարտական փուլում է, Երևանի համար 37 հիմնական դպրոց՝ ավարտված է, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճ՝ ավարտական փուլում է, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճ՝ ավարտական փուլում է, Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի մարզադահլիճ՝ ընթացիկ շինարարական փուլում է: Մանկապարտեզներ՝ Արմավիրի մարզի Այգևան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ՝ կահավորման փուլում է, Լոռու մարզի Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ՝ կահավորման փուլում է, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ՝ ընթացիկ շինարարության փուլում է»:

Ավագ դպրոցների մասով Կառավարության ղեկավարը նշել է «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը, որ արդեն պատրաստ է, մոդուլային դպրոցների մասով՝ Արագածոտնի մարզի Լուսակնի միջնակարգ դպրոցը, որն ընթացիկ շինարարական փուլում է, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոցը, որը ընթացիկ շինարարական փուլում է, Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտված է, Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոցը, որը նույնպես ավարտված է, Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոցը, որն ավարտված է, Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցը, որը դեռ շինարարական փուլում է:

Առաջիկա նախագծերի վերաբերյալ, որոնց ուղղությամբ նախագծանախահաշվային փորձաքննության փուլի աշխատանքներն ենք իրականացնում Վարչապետը նշել է. «Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր, Արմավիրի մարզի «Մրգաստանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, Շիրակի մարզի «ք. Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցում, Սյունիքի մարզի Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, Արարատի մարզի Նիզամիի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցում, Արմավիրի մարզի Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցում, Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցում, Երևանի թիվ 22 հիմնական դպրոցի վերակառուցում, Արագածոտնի մարզի Հացաշենի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Գեղարքունիքի մարզի Արփունքի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Վայոց Ձորի մարզի Գողթանիկի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Կոտայքի մարզի Նուռնուսի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Գոշի մոդուլային կրթահամալիրի կառուցում»:

Հաջորդիվ՝ Վարչապետը հետաքրքրվել է մանկապարտեզների գույքային հատվածների ապահովման մասով աշխատանքներով, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է, որ չզեկուցվող հարցերի շարքում որոշում է կայացվել, որով անհրաժեշտ հատկացումներ են կատարվում այն մրցույթների և մատակարարումների համար, որոնք նախորդ տարի չէին ավարտվել, և այդ հատկացումների կարիքը կար, որպեսզի ամբողջական գույքային հագեցվածություն ապահովվի:

Ընդլայնվում է համայնքների ցանկը, որոնք հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ստանալ սուբվենցիաներ

Որոշմամբ նախատեսվում է՝ որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում՝ Որոշմամբ սահմանվող թվով 21 համայնքներում, իսկ 2025 թվականին հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն ելնելով փորձարկման արդյունքներից: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024թ. կամավոր առանց պետական բյուջեից սուբվենցիաների հատկացման իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն: Վերոհիշյալ համայնքներում տեղադրվել և գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը, որում ներառված են մասնակցային բյուջետավորման հետ կապված գործիքները և իրականացված են նաև այդ համայնքների բնակչության նույնականացման համար այլ համակարգերի հետ ինտեգրումներ:

Միաժամանակ, հիմք ընդունելով 2024 թվականի փորձարկման արդյունքները, առաջարկվում է որոշ լավարկումներ իրականացնել նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի համապատասխան ընթացակարգերում: Մասնավորապես՝ամրագրվել է համայնքներում ձևավորվող հանձնաժողովների այն լիազորությունը համաձայն որի հանձնաժողովի որոշմամբ բնակիչների կողմից ներկայացված նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:

Հստակեցվել է նաև համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացման համար պահանջվող սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջանակը՝ ներառելով նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը: Սահմանվել է, որ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում յուրաքանչյուր ամսվա պարբերականությամբ, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման իրազեկման և հանրային հսկողության նպատակով նախատեսում է մասնակցելու հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվական գործունեություն իրականացնող անձանց կամ վերջիններիս ներկայացուցիչների համար:

Վերոհիշյալ կարգավորումները հնարավորություն կտան կառավարությանը շարունակել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործընթացը՝ խթանելով հանրային մասնակցության և տեղական մակարդակում որոշումների կայացման արդյունավետությունը: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում պետության գործուն մասնակցությամբ ՀՀ համայնքները հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար՝ ըստ առանձին համայնքների սահմանված սահմանաչափերով ստանալու սուբվենցիաներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացների տարածման խթանմամբ հնարավորություն կստեղծվի տեղական ինքնակառավարման մակարդակում ակտիվացնելով բնակիչներին՝ հանդես գալու իրենց համար ամենակարևոր, հրատապ և արդի խնդիրների լուծման նախաձեռնություններով, կակտիվանա նրանց մասնակցությունը ծրագրային առաջարկությունների առաջադրման, քննարկման, որոշումների կայացման գործընթացում։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք համայնքներում ծրագրեր իրականացնելու մի քանի մեխանիզմներ ունենք: Դրանցից ամենահայտնին սուբվենցիոն մեխանիզմն է, երբ համայնքը Կառավարության հետ որոշակի ծրագիր է հաստատում և իրականացնում: Մյուս ծրագրերը համայնքի՝ հենց իրենց բյուջեներով, իրենց բյուջետային գործընթացների շրջանակներում իրականացվող ծրագիրն է: Անցյալ տարվանից մենք մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը ներառեցինք, որի իմաստը հետևյալն է, որ մի խողովակ, ենթակառուցվածք էլ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ այդ ամենը տեղի ունենա»:

Այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախորդ տարվա ծրագիրը մոնիտորինգ արվե՞լ է՝ այն իմաստով, որ հանրությունը որքանով է տեղեկացված, որ նման հնարավորություն ունի և ինչպես են իրականացվել  նախորդ տարվա ծրագրերը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ սա անկյունաքարային հարց է և համայնքային հանդիպումներ են տեղի ունեցել, համայնքի բնակիչներին մանրամասն տեղեկացվել է, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացվի: Վահե Հովհաննիսյանի խոսքով, համակարգը դեռ կատարյալ չէ, քանի որ առաջին անգամ անցած տարի է պիլոտային կարգով իրականացվել և պետք է շարունակաբար հղկվի և քաղաքացիներին ներգրավվածությունն ապահովվի: «Նաև նշեմ, որ բացի նրանից, որ քաղաքացիները, համայնքի բնակիչները ներկայացնում են ծրագրեր, նաև համայնքի բնակիչներն էլ քվեարկում են այդ ծրագրերի համար, այսինքն՝ ավագանին չի որոշում, համայնքի ղեկավարը չի որոշում, մենք չենք որոշում, համայնքի բնակիչներն են որոշում, թե որ ծրագիրն է ավելի լավ իրենց համայնքի համար»,-ասել է Ֆինանսների նախարարը:

Վարչապետը ևս մեկ անգամ թվարկել է այն համայնքները (Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Մասիս, Արաքս, Արմավիր, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Ախուրյան, Գյումրի, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Դիլիջան), որոնց Կառավարության կողմից 1 մլրդ դրամ և համայնքների կողմից 200 մլն դրամ է հատկացվում, որպեսզի այդ համայնքների բնակիչները հանդես գան նախաձեռնությամբ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում:

Համակարգի արդյունավետ գործարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային կոմունիկացիան: Վարչապետը նաև հանձնարարել է պատկան մարմիններին աուդիտի ենթարկել համայնքի բնակիչների կողմից ծրագրերի ներկայացման ընթացակարգը և ներկայացնել արդյունքները:

Որոշման շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ծրագիրը կարևորվել է նաև որպես առաջնորդության ձևավորման ինստիտուտ, ընդգծվել է  աշակերտների և ուսանողների ներգրավվածության ապահովման կարևորությունը:

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է 2018թ.-ից ի վեր համայնքային բյուջեների աճին և նշել. «Մենք անընդհատ խոսում ենք պետական բյուջեի եկամուտների աճի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում, բացի պետական բյուջեից, կան նաև համայնքային բյուջեներ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2018թ. ի վեր Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներում: Ճշգրիտ տեղի է ունեցել այն, ինչ պետական բյուջեում: Այսինքն՝ համայնքային բյուջեները 2018թ. ի վեր կրկնապատկվել է, աճը կազմել է 106 տոկոս, բացարձակ թվով համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են»: Վարչապետը նաև ներկայացրել է, որ 2018-2024թթ. արդյունքներով սուբվենցիոն ծրագրերով մարզերում ներդրվել է 113 մլրդ 722 մլն դրամ:

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց հատկացված 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային բալային համակարգի

 Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ չունի: Միաժամանակ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1352-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն նախատեսելիս օրենսդիրը տարբերակված մոտեցում է նախատեսել այդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավախախտումների համար, այն է՝ տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը, մասնավորապես՝ 1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր: 2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր։

 Առաջարկվում է նաև օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ, մասնավորապես՝ ուժի մեջ մտնելու պահին տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հատկացված 9 միավորի փոխարեն հաշվարկել 13 միավոր, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 միավոր հատկացնել կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։

Ըստ այդմ՝ նախա­գծով առաջարկվում է ավելացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաս­տանի Հանրապետու­թյան օրենսգրքով սահմանված՝ վարորդներին մեկ տարի ժամկետով տրվող միավորները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաս­տանի Հանրապետության օրենս­­­գրքով սահմանված որոշ իրավախախտումների համար խստացնել տուգանային միավոր­ների կիրառումը:

Հաստատվել է Մանուկ Գևորգի Բարսեղյանի՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրության արդյունքները

Գործադիրը հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Մանուկ Գևորգի Բարսեղյանի ընտրության արդյունքները: Որոշման ընդունումը կնպաստի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանն ընտրված ռեկտորի կողմից: Մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 18-ը: Ռեկտորի  ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ, 0 դեմ ձայնով Մանուկ Գևորգի Բարսեղյանը  ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Մեծ պատիվ է և պարտավորեցնող ղեկավարել Հայաստանի Հանրապետության լավագույն բուհերից մեկը, որը մշտապես գրանցել է բազմաթիվ հաջողություններ կրթության և գիտության ոլորտում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի կրթության մակարդակը բարձրացնենք, համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին և որպես թիրախ ընտրել ենք որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում»: Մանուկ Բարսեղյանը նաև վստահեցրել է, որ համալսարանում կիրականացվեն բարձր մակարդակի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ, որոնք մշտապես միտված են լինելու աշխատաշուկայի պահանջների բարելավմանը, բավարարմանը, տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նորանշանակ ռեկտորը նաև տեղեկացրել է, որ համալսարանը բոլորովին վերջերս դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ, որտեղ որպես լիիրավ անդամ մեծ հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարաններ կան: «Դրանցից կառանձնացնեի Մյունխենի տեխնիկական համալսարանը, որի հետ մենք արդեն Ակադեմիական քաղաքի շրջանակներում ունենք սերտ համագործակցություն»,-իր խոսքում նշել է Մանուկ Բարսեղյանը:

 Հստակեցվել են պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության տարածքները և տեղակայման վայրերը

Կառավարությամբ որոշմամբ սահմանվել է մաքսային մարմինների տեղակայման վայրերը։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմա­նագրերով և ակտերով սահմանված և նույն ոլորտի՝ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենսդրությամբ նա­խա­տեսված դեպքերում ժամանման վայրի մաքսային մարմին, մեկնման վայրի մաքսային մար­մին կամ նշանակման մաքսային մար­միններ են հանդիսանում համապատաս­խա­նաբար Հայաստանի Հանրապե­տության տարածք ժամանման վայրում, այդ տարածքից մեկնման վայրում կամ այդ տարածքում նշանակման վայրում մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնող պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառա­յության ստորաբաժանումները:

«Մաքսային մարմինների տեղակայման վայրերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով: Որոշման ընդունմամբ հստակեցվում են պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության տարածքները և տեղակայման վայրերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ հաստատված կառուցվածքին համապատասխան:

 Կիրականացվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացում

Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնում։ Ելնելով Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ապահովման անհրաժեշտությունից՝ Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ թաղամասի գազամատակարարման շինարարական աշխատանքները որևէ ծրագրում ընդգրկելու աջակցության հարցով։  Հարցը համատեղ քննարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Գազպրոմի հետ՝ առաջարկվում է գազիֆիկացման աշխատանքներն ընդգրկել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ հավանության արժանացած Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրում։ Որոշման ընդունմամբ կիրականացվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացում։

Կընդլայնվեն Կառավարության լիազորությունները հաստատել աջակցության ծրագրեր տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով

Կառավարությունը հավանություն է տվել «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաս­տանի Հանրապետության կառավա­րության օրենսդրական նախաձեռնությանը:

Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար։ Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերի իրականցումը։

Որոշումը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր՝  ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով  նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։ Որոշման ընդունմամբ կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը։ Օրենքի նախագծի ընդունումը Կառավարությանը հնարավորություն կտա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանը աջակցելու նպատակով իրականացնել տարաբնույթ աջակցության ծրագրեր, որոնք կխթանեն տրանսպորտային պարկի թարմացմանը,  կբարձրացնեն ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը և հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը։

 Փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում: Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1535-Ա և ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1645-Ա որոշումներում՝ նշելով, որ 2025 թվականից սկսած վճարումներն իրականացվելու են 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի համապատասխան միջոցառումներով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում։

Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերը նշված ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված վճարումներն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» բյուջետային նոր ծրագրի համապատասխան միջոցառումներով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:

Կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման նպատակով

Կառավարության որոշմամբ, սահմանվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետու­թյան կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2025 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործա­ռույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծ­ված սպասարկման կենտրոնների յուրաքանչյուր մասնագետի հաստիքի հաշվով` 1,999.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի սպասարկման կենտրոնների մասնագետի հաստիքի հաշվով` 2,227.2 հազ. դրամ:

Որոշման ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը: 

Կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակի պաշտպանությունը

Գործադիրը հաստատել է թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը: «Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: Բացառիկ կարևորության առարկաները կարող են լինել գիտական հետազոտությունների հիմք՝ նոր տեղեկություններ հաղորդելով պատմության, արվեստի, տեխնոլոգիաների, բնական գիտությունների կամ մշակույթի տարբեր ոլորտների մասին։

Սույն իրավական ակտով կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակի պաշտպանությունը՝ կիրառելով լավագույն մասնագիտական միջոցները: Կբարձրանա թանգարանների միջազգային ճանաչումը, ինչն էլ կնպաստի զբոսաշրջության աճին և որպես մշակութային, գիտական կենտրոն կամրապնդվի թանգարանի դերը։ Առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի ցուցակի կազմման գործընթացը կնպաստի մշակութային արժեքների արդյունավետ պահպանմանը, հանրահռչակմանը, կրթական նպատակներով օգտագործմանը և դրանց իրավական պաշտպանության ապահովմանը։ 

Կներդրվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ

Կառավարությունը որոշում է կայացրել, որով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Ներկայումս բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի շահառուներին  դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:  Որոշմամբ նախատեսվում է գործող օրենսդրության պայմաններին զուգահեռ փորձարարական եղանակով կիրառել նաև սիրտ-անոթային դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Որոշման ընդունմամբ նախատեսվում է, որ անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող շահառուները կստանան հնարավորություն անմիջականորեն դեղատնից ձեռք բերել իրենց կողմից ընտրված և անհատապես իրենց հարմար սիրտ-անոթային հիվանդությունների բուժման կամ շարունակական պահպանման դեղերը:

Կվերակառուցվի  հրետակոծությունից վնասված բնակելի տունը

Գործադիրը որոշում է կայացրել, որը պայմանավորված է 2020թ. հուլիսյան հրետակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում գտնվող քաղաքացու տան վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

2020թ. հուլիսյան հրետակոծության արդյունքում վնասվել է նաև Բերդ համայնքի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող Նվերա Գալստյանի հայրական տունը։ Հրետակոծության արդյունքում բնակելի տների ամենախոցված մասերն են տանիքները և պատուհանները, բացառություն չէ նաև քաղաքացու հայրական տունը։ Հարկ է նշել, որ տան տեխնիկական վիճակն այնպիսին է եղել, որ այն ընթացիկ վերանորոգումով վերականգնման ենթակա չի եղել։ Մասնավորապես՝ տանիքի ծածկը հին և կոտրատված ազբոշիֆերից է` ծածկի փոխարինումը նոր ազբոշիֆերով գործող նորմերով անթույլատրելի է, իսկ պատուհանները փայտից են, մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի, ինչի պատճառով միայն կոտրած ապակիների փոխարինումն անարդյունավետ է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն էր առաջացել մասնագիտական խմբի կողմից կատարել լրացուցիչ ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքով առաջարկվեց՝ քաղաքացուն կրած վնասի փոխհատուցման փոխարեն կատարել բնակելի տան կմախքի ուժեղացում, իսկ շահագործման համար ոչ պիտանի հատվածները քաղաքացու համաձայնությամբ քանդել՝ պահպանելով հայրական տան արտաքին տեսքը։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել տան վերակառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր (1 060.0 հազ. դրամ), համաձայն որի տան վերակառուցման  համար անհրաժեշտ կլինի շուրջ 13 150․4 հազ. դրամ։ Արդյունքում՝ նախատեսվում է  ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել  14 210․4 հազ. դրամ։ 2025 թվականին վերը նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարները հատկացվել են 1212 ծրագրի «32001. ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» միջոցառումից։

Որոշում է կայացվել՝ ուղղված այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով հստակեցվում է, որ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում աջակցություն կտրամադրվի միայն խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում (այն այգիներում, որոնք հիմնված են N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4․0 մետրը, այգում ներդրված է ոռոգման արդիական համակարգ) ներդրում կատարող տնտեսվարողներին։ Կարկտի առավել ակտիվ գոտիների բնակավայրերի ցանկը լրացվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրով:

Որոշմամբ հանվում է ջրավազանների ընդլայնման դեպքում աջակցության տրամադրման վերաբերյալ դրույթը, հստակեցվում են ջրավազանի չափերը, ներկայացվող փաստաթղթերի կազմը, կառուցվող ջրավազանին և ոռոգման կաթիլային համակարգին, կապալառուին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, նախատեսված է դրույթ, ըստ որի վարկը պետք է տրամադրվի պարտադիր փուլային եղանակով և յուրաքանչյուր փուլի մասնաբաժինը չպետք է գերազանցի վարկի 40 տոկոսը: Սահմանված է նաև դրույթ, որ կապալառուն պետք է ունենա տվյալ բնագավառի առնվազն 1 որակավորված մասնագետ: Նախագծով սուբսիդավորման արտոնյալ պայմանները տարածվել են նաև մեկ 18-35 տարեկան հիմնադիր (մասնակից) ունեցող իրավաբանական անձանց վրա։ Սույն որոշման ընդունման կապակցու­թյամբ 2025 թվականի և հետագա տարիների համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի իրականացման համար տրամադրված միջոցների հաշվին։ Որոշման ընդունումը կնպաստի այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728