Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերադարձի հավատով ու սպասումով. ՀԱՍԵ Արցախի թեմ

Փետրվար 20,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ

Սիրելի՛ հավատավոր զավակներ։

37 տարի առաջ՝ փետրվարին, սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը։ Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը։ Հիրավի, հերոսական էր Խորհրդային պետության ամբողջատիրական համակարգում, այն պետության, որը, անտեսելով արցախահայության կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետության կազմում, իր ձայնը բարձրացնել և ազգովին զինվորագրվել՝ հանուն բաղձալի ազատության, արդարության և Մայր Հայրենիքին վերամիավորվելու երազանքի իրականացման։ Արդյունքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականության ստեղծումը և մաքառումների գնով դրա պահպանումն ու զորացումը։

Արցախյան շարժումը, բացի ազգային համախմբման ճանապարհով անկախության ու համազգային խնդիրների իրականացման գործում ունեցած անգնահատելի նշանակության, նաև իր կարևոր տեղն ունի հայի հոգևոր արժեքների հարթությունում։ «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սաղմ. 36։ 39), փոխանցում է սաղմոսերգուն։ Շարժումը, որի հաջողությանը շատ քչերն էին աշխարհում հավատում, և որը պատանի Դավիթի և հսկա Գողիաթի պայքար էր հիշեցնում, հայության՝ Աստծո հանդեպ խորը հավատքի և այդ հավատքից բխած արդարության ծարավի արտահայտումն է։ Հենց այս իրադարձությունները խթան հանդիսացան, որ 1989 թվականին Վազգեն Ա հայոց երջանկահիշատակ հայրապետի սրբատառ կոնդակով վերաբացվի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Սիրելինե՛ր, մենք այսօր ճաշակում ենք հոգևորի ու ազգայինի անկումի, պարտության, Արցախի տարածքային կորստի ու հայության բռնագաղթի դառնությունը։ Միևնույն ժամանակ, մեզանից շատերը ականատեսն են եղել հոգևոր ու ազգային վերազարթոնքի այդ օրերին, շատերս ունեցել ենք վեհության զգացումի պահեր, տեսել ենք հայի ոգու վերելքը։ Հավաքական զոհողության պատրաստակամությունը և այդ զոհողության պտուղներին հավատալն է, որ 1988-ին հիմք հանդիսացավ Արցախի անկախության ձեռքբերման համար։ Դա նշանակում է, որ մեր հավաքական խնդիրների լուծումը պետք է մեր ներսում փնտրենք։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ ունակ է քաջագործության հղացքի, և այսօրեական դժվարությունները չպետք է կոտրեն մեր մեջ ամենակարևորը՝ հավատն Աստծո արդարության զորության ու մեր ուժերի հանդեպ։ Եղեք վստահ, որ Տիրոջ օգնությունը չի ուշանա, ինչպես չուշացավ սրանից տասնամյակներ առաջ, եթե մենք կրկին վերագտնենք մեր արժեհամակարգը, միավորենք ժողովրդի ջանքերը՝ մշակութայինից մինչև քաղաքական գործիչներ, եկեղեցականից մինչև զինվորական, մշակից մինչև մտավորական։ Հոգևոր արժեքների շուրջ միավորումն է եղել մեր ազգային իղձերի իրականացման ուղին, և է այսօր, և լինելու է վաղը։

Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերադարձի հավատով ու սպասումով։ Վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր։ Եվ չպետք է մոռանալ, որ թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մեր գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել մեզ ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ, որպեսզի մենք՝ որպես սերունդ, արժանի լինենք կրկին փարվելու Արցախին, մեր հարազատ հողին ու ջրին, մեր սրբություններին ու հայրերի ավանդյալ արժեքներին։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728