Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի չորս երեկոներից բաղկացած հերթական համերգը կազմված էր կոմպոզիտորներ Արփինե Կալինինայի, Արթուր Ահարոնյանի և Գագիկ Հովենցի ստեղծագործություններից:
Փառատոնի գլխավոր սկզբունքի համաձայն՝ ներկայացվում են ժամանակակից հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների բացառիկ կատարումներ, որոնց մեծ մասը համաշխարհային պրեմիերաներ են: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից 2010 թվականին հիմնադրված փառատոնը ամենամյա է, որին մշտապես աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 2022 թվականից սկսած՝ այն անցկացվում է նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ:
Իր առանձնահատուկ, անկրկնելի ձևաչափով այն երևույթ է հայ երաժշտա-մշակութային կյանքում: Գործնականորեն փառատոնը գրեթե միակ հարթակն է, որտեղ դասական երաժշտության ժամանակակից հայաստանյան և աշխարհասփյուռ հայ կոմպոզիտորները, ինչպես նաև ակադեմիական երաժշտության բոլոր ժանրերի երաժիշտները ներկայացնում են իրենց առաջին կատարումները կամ իրականացնում են իրենց մասնագիտական կյանքի առաջին բեմելը:
Կարդացեք նաև
Փառատոնը իր բնույթով մեծամասամբ երիտասարդական է, սակայն բազմաթիվ են այն ստեղծագործությունները, որոնց հեղինակները նույնիսկ կյանքից հեռացել են, բայց հանգամանքների բերմամբ՝ իրենց ստեղծագործությունները առաջին անգամ հնարավորություն են ստանում հնչելու փառատոնի ընթացքում:
Փառատոնի շրջանակներում մեծ ծավալ են կազմում նաև առաջին գործերի կամ երբևէ չկատարված գործերի ձայնագրումները, տեսագրությունները և թվայնացումը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն որպես համերգ ներկայացնել նոր ժամանակների երաժիշտներին, այլ ժամանակի մոռացությունից փրկում է բազմաթիվ գործեր, որոնք մեծամասամբ իրապես տաղանդավոր աշխատանքներ են, բայց անպատեհ հանգամանքների բերումով՝ երաժշտի կամ, որպես կանոն, նվիրյալ մի արվեստագետի կյանքի օրոք դրանք չեն հնչել, և կամ թե հնչել են քիչ կամ հեղինակի պատկերացրած ոչ լիարժեք ձևաչափով:
Այս փառատոնի մասնագիտական մեծագույն սկզբունքներից մեկն է՝ գրված երաժշտությունը ներկայացնել այնպես, որ այն մնա ժամանակի մեջ, որպես արվեստագետի ստեղծագործական դեմք: Այդ ծրագիրը պատշաճ մակարդակով իրականացնելու համար՝ բոլոր համերգները տեսագրվում են, ձայնագրվում են, իսկ շատ ավելի մեծ ծավալի, թվաքանակի և տարաբնույթ ստեղծագործություններ ձայնագրվում են մասնագիտացված բարձրակարգ ստուդիաներում, թվայնացվում են և պահպանվում են ամեն տարի հարստացող և ամեն տարի ավելի անփոխարինելի ու բացառիկ դարձող ֆոնդում:
Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգի ավարտին հնչեց վաստակաշատ երաժիշտ, կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բազում տասնամյակների դասախոս, պրոֆեսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցի Դաշնամուրի կոնցերտը (երկ 16): Այն նվիրում է Սվետլանա Նավասարդյանին, քանի որ հնչել է մեկ անգամ՝ տաղանդավոր դաշնակահարուհու կատարմամբ: Եվ այս փառատոնի ժամանակ կոնցերտը արդեն հնչում էր որպես կոմպոզիտորի գործի հետմահու կատարում, ընդհանուր մեծ համերգային երեկոյի ընթացքում, ֆրանսահայ տաղանդավոր դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հրաշալի կատարմամբ և երեք կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններից կազմված համերգի հայտնի դիրիժոր Ալեքսանդր Հումալայի ընդհանուր ղեկավարությամբ: Ի տարբերություն առաջին կատարման, այս կատարումը տեսագրվում, ձայնագրվում և պահպանվում է:
Շեշտենք, որ ամբողջ երեկոն հարգանքի տուրք էր և նվիրված էր Գագիկ Հովունցի 95-ամյակին: Համերգի երեք հեղինակների գործերն էլ գրված էին սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարման համար, որը, ինչպես միշտ ամենաբարձրակարգ կատարողական աստիճանով ներկայացնում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսանդր Հումալայի բարձրարվեստ ղեկավարությամբ:
Ինչ վերաբերում է դիրիժորներին, ապա այս հարցում ևս մի անփոխարինելի սկզբունք կա. այն է, որ սովորաբար դիրիժորները հյուրախաղերի մեկնում են իրենց տիրապետած գործի ինքնուրույն ղեկավարությամբ, իսկ ՀԿԱՓ շրջանակում գերազանցապես բոլոր գործերը առաջին կատարումներ են և «զրոյական վիճակից» իրականացված իրագործումներ են:
Համերգային երեկոյում ներկայացված առաջին հեղինակը կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական մանկավարժ, կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասախոս, միջազգային բազում մրցույթների մրցանակակիր, ՌԴ արվեստի բարձրագույն նվաճումների համար շնորհվող հեղինակավոր «Տրիումֆ» մրցանակակիր կոմպոզիտոր Արփինե Կալինինա, որը նախաձեռնել, կազմակերպել և ղեկավարել է «Կամուրջ» ձևաչափի միջմշակութային երաժշտական ծրագրեր` «Հայ-գերմանական երաժշտական կամուրջ» (Քյոլն 2024), «Բրիտանական և Հայկական Երաժշտական Կամուրջ» (2017-2025 ընթացող), 2007-ից հիմնադրել է մինչև 2021-ղեկավարել է հայ դասական երաժշտության «Կանթեղ» նվագախումբը որպես գեղարվեստական ղեկավար և դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան է և Լոնդոնի Երաժշտական թագավորական ակադեմիայի մագիստրոս, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ:
Արփինե Կալինինայի հեղինակած գործը` «Սրտի անհամբերությունը» սոպրանոյի, ջութակի, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, ըստ Ստեֆան Ցվայգի վեպի է: Բանաստեղծական խոսքը Եղիշե Չարենցինն է և ստեղծագործության կատարումը հերթական համաշխարհային պրեմիերա էր: Մենակատարներ` Սոֆյա Սայադյան (սոպրանո), Էրիկ Մանուկյան (ջութակ), Սիփան Թորոսյան (թավջութակ):
Համերգային երեկոյի երկրորդ հատվածում հնչեց հաջորդ համաշխարհային պրեմիերան` ֆրանսահայ կոմպոզիտոր, Եվրոպայում հայտնի դաշնակահար, Փարիզի Դարյուս Միոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր (2002 թվականից), Պիեռ Լանտյեի անվան միջազգային փառատոնի առաջին մրցանակակիր, Անտիբի Համաշխարհային փառատոնի հաղթող, գործնականում անթվարկելի փառատոների մասնակից և բազմաթիվ մենահամերգների մենակատար դաշնակահար, դասական երաժշտության ամենատարբեր ժանրերի, առանձնապես խոշորածավալ սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի դաշնամուրային և կոմպոզիտորական բաժինների շրջանավարտ (Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև` Տիգրան Մանսուրյանի դասարան), ապա ասպիրանտ, պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Արթուր Ահարոնյանի նոր ստեղծագործությունը:
1993 թվականից նա հաստատվել է Փարիզում, 1995 թվականին Սորբոնի համալսարանի երաժշտագիտական բաժնում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունը» աշխատությունով: Կոմիտասի ստեղծագործությունների կատարումով Megadisc Classics-ի թողարկած նրա վերջին ձայնասկավառակը արժանացել է Վիեննայի ռադիոյի մրցանակին:
Երևանյան համերգային երեկոյի երկրորդ մասում հնչեց Արթուր Ահարոնյանի «Տուն արի» պիեսները` սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար: Ստեղծագործությունը նվիրված է Արփի և Վաչե Պարսումյաններին: Պիեսները գրված են Մետաքսեի բանաստեղծությունների հիման վրա` «Ես ու Դու», «Գնալուց առաջ», «Հիշիր ինձ», «Տուն արի»:
Երևանում իր առաջին համերգային կատարումով հրաշալի հանդես եկավ, ԱՄՆ-ում բնակվող ամերիկահայ սոպրանո Շուշիկ Պարսումյանը: Ինքնատիպ, փոքր ձևի մեջ, բայց մոնումենտալ հնչողությամբ ստեղծագործությունը և երգչուհու փայլուն կատարումը ևս արժանացավ երևանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը մշակութային մեծ ու անփոխարինելի երևույթ է: Պատշաճ ամենաբարձր գնահատանքի է արժանի փառատոնի նախաձեռնող և մշտական մասնակից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ