«Տուք վեր գիդացալ ըք՝ վեր երկրից ում ես, հու՞նց կարող ա օրիշ երազանք լինի ինձ»,- ասել է 7-ամյա Արգիշտի Մկրտչյանը, որի կյանքի պատմությունը զետեղված է «Արցախ. Իմ մանկության փողոցը. 101 պատմություն» կայքէջում։
Երեկ՝ փետրվարի 19-ին կայացավ նոր կայքէջի շնորհանդեսը։
Կայքում զետեղված են 101 արցախցի երեխանների պատմություններ։
Իսկ ինչո՞ւ 101. նախագծի համահեղինակ Նելլի Բաղդասարյանը պարզաբանում է. «101 նշանակում է 102, 103…»։
Կարդացեք նաև
«2024 թվականին, երբ մենք՝ բոլորս արցախցիներս չափազանց ծանր հոգեվիճակում էինք, Վահրամ Տեր- Մաթևոսյանը հուշեց այս հետազոտական դրամաշնորհի և գաղափարի մասին, որ դա կարող է լինել ավագների կամ երեխաների պատմություններ: Ես միանգամից կենտրոնացա երեխաների պատմության վրա, որովհետև Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով՝ ամենախոցելի խումբն այսօր երեխաներն են»,-ասում է Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով կայքի ստեղծման գաղափարին։
Նրա խոսքով՝ դժվար էր, քանի որ լուրջ խնդիր պետք է լուծեին, երեխաների հիշողությունները ծածկվել էին պատերազմի և բռնագաղթի հաստ շերտով։ Նպատակն էր այդ ամենի տակից դուրս հանել և ներկայացնել այն Արցախը, որն իրոք ունեցել ենք։
Եղել է նաև գրքի ստեղծման գաղափար, սակայն ընտրվեց կայքէջի տարբերակը, քանի որ սա տալիս է անսահման հնարավորություն՝ նյութ հավաքելու։
Կայքէջի լոգո է ընտրվել 3 գույնից ստեղծված ծիծեռնակը, որի կապույտ գույնը խորհրդանշում է կայուն հավատը, նարնջագույնը՝ ջերմությունն առ Արցախ, իսկ վարդագույնը՝ երազանքը։
Ծրագրի շրջանակներում հարցազրույց է անցկացվել 5-ից 15 տարեկան 101 արցախցի երեխաների հետ, ովքեր բնակվում են Հայաստանում 2020 թվականի բռնի տեղահանումից հետո՝ 2023 թվականին:
Կայքէջի ստեղծման հեղինակներն են Նելլի Բաղդասարյանը, որը ծրագրի գաղափարի համահեղինակն է ու ղեկավարը, Նարինե Կարապետյանը՝ լուսանկարիչն ու գրաֆիկ դիզայները, Նինա Հայրապետյանը՝ ստենոգրաֆիստը, Լիանա Մինասյանը՝ բարբառագետը, Նարինե Ղազարյանը՝ անգլերեն սրբագրիչը և Վահրամ Տեր-Մաթևոսյանը, որը հանդիսանում է ծրագրի գաղափարի համահեղինակը։
Էմմա Մարտիրոսյան