Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ փորձ կա՝ ամեն ինչի նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնել. Արթուր Պապյան

Փետրվար 20,2025 14:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անձնական տվյալների պաշտպանությունը այդ տվյալներն ամեն գնով գաղտնի պահելը չէ, տվյալների պաշտպանությունը կոնվենցիոն սահմանադրական իրավունք է, որի իմաստն այն է, որ տվյալների հետ ճիշտ վարվեն, վարվեն բարեխղճորեն՝ օրենքում սահմանված, օրենքով առարկայացած կանոնների սկզբունքների պահպանմամբ»,-Մեդիա կենտրոնում կայացած «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գեւորգ Հայրապետյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիություն է տրվելու ՀՀ ներքին գործերի նախարարությանը:

Փորձագետի խոսքով, այնուամենայնիվ համակարգային խնդիր կա Հայաստանում, որը ճանաչված է կառավարության 2021-26թթ միջոցառումներով. «Ոլորտային օրենսդրությունը ներդաշնակված չէ, տարբեր ոլորտների վերաբերվող շատ օրենքներ կան, որոնցում մի կողմից՝ անձնական տվյալների հետ կատարվող գործողություններ են նախատեսվում, մյուս կողմից՝ այդ գործողությունները չեն համապատասխանում անձնական տվյալների հետ վարվելու հիմնական կանոններին»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը տարակուսանք է հայտնում. «Բոլորովին հասկանալի չէ, թե ինչու է ՆԳՆ-ին տրվում այդ վերահսկողությունը կամ այդ տվյալներն իր մոտ ունենալու համակարգը, երբ կա Աշխատանքի տեսչություն, համապատասխան գերատեսչություն, ինչն ավելի տրամաբանական կլիներ: Քանի որ այս ամենը հասկանալի չէ, ես ուզում եմ թեման բերենք առհասարակ վերջին շրջանի մի շարք օրենսդրական փոփոխությունների դաշտ:

Մենք տեսնում ենք, որ մեզ մոտ փորձ է արվում կարծես շատ մեծ ծանրաբեռնվածություն կենտրոնացնել ՆԳՆ-ի մոտ: Օրինակ, անցյալ տարի փորձեր էին արվում Հայաստանի բոլոր տեսախցիկների տվյալները կենտրոնացնել ՆԳՆ-ում, նաեւ բանկային գաղտնիքի հետ կապված որոշակի փոփոխություններ արվեցին, որպեսզի երբ քաղաքացիները հայտարարագրում են եկամուտները, հարկային մարմինը կարողանա ինչ-որ ճշտումներ անել՝ բանկային տվյալների հետ կապված»:

Արթուր Պապյանն ընդգծում է. «Տպավորություն է ստեղծվում, որ փորձ կա ամեն ինչի նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու եւ դա անելու ՆԳՆ միջոցներով, ինչպես նաեւ այս վերստուգիչ, հարկային, ԱԱԾ, ոստիկանական, քննող, իրավապահ մարմիններով եւ առհասարակ ստեղծելու մարդկանց մշտապես լսելու հետեւելու, միջավայր: Գուցե դա ընդամենը տպավորություն է, բայց սովորաբար նման միտումը, երբ այսպիսի համակարգային ուղղությամբ է շարժվում, հաշվի առնելով, որ հաջորդ տարի մեզ մոտ քաղաքական շարժումներ են կանխատեսվում, ընտրություններ, սրանք կարող են որոշակի ազդակներ լինել»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728