Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չկա աջակցություն՝ պետք է կանգ առնել. քաղաքացիների օրեցօր աճող ֆինանսական բեռը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք»

Փետրվար 20,2025 14:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար է անդրադարձել այսպես կոչված «բարեփոխումներին»՝ շրջանառության հարկ, գույքահարկ, տրանսպորտի գին, աղբահանության վճարներ, հայտարարագրում և այլն:

Մեր հայրենակիցների կողմից շարունակվող բազմաթիվ հարցադրումների և տնտեսագիտական պարզաբանումներ ստանալու համատեքստում, ևս մեկ անգամ ցանկանում ենք շեշտադրել՝ յուրաքանչյուր բարեփոխման իրականացման հիմքում կա երկու կարևորագույն գործոն: Առաջինը` մասնագիտական համակողմանի վերլուծությունն ու բարեփոխման հետևանքների կամ արդյունքների սթափ գնահատականն է, երկրորդը այն քաղաքական կամքը, որով դու կարող ես այդ բարեփոխումները հստակ առաջ տանել՝ համոզված լինելով քո բարեփոխման արդյունավետության մեջ: Կամք նաև այն առումով, որ դու պետք է ճիշտ ժամանակին կարողանաս կանգ առնել ու հետևություններ անել:

Իհարկե մենք ականատես եղանք որոշ դեպքերում զիջումների, որոշակի փոփոխությունների, սակայն այդ ամենը բավարար չէ: Ընդհանուր թանկացումների և հարկերի բարձրացումների կոնտեքստում՝ մեր քաղաքացիների օրեցօր աճող ֆինանսական բեռը սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել:

Վերը նշված թեմաների շուրջ տարբեր մասնագիտական խմբեր, հանրային գործիչներ, ՓՄՁ ներկայացուցիչներ, գործարարներ հանդես են եկել ծանրակշիռ և փաստարկված հայտարարություններով:

Ուշադրության է արժանի Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, ոչ միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը բիզնեսին մոտ կանգնած, այդ ոլորտում երկար ուղեգիծ ու կենսագրություն ունեցող գործիչ է, այլ նաև այն առումով, որ հարցադրումները իսկապես տեղին են:

Այս փուլում չխորանալով հարցազրույցի մասնագիտական խնդիրների մեջ՝ դիցուք, տրանսպորտի գնի ինքնարժեքի հաշվարկի կամ հայտարարագրման մեթոդաբանական առանձնահատկություններին, անհրաժեշտ է նշել, որ իսկապես ցանկացած բարեփոխմանը պետք է ժողովրդի մեծ մասն աջակցի, եթե չկա այդ աջակցությունը՝ պետք է կանգ առնել: Այդ առումով Ծառուկյանը մատնանշում է, որ հե՛նց ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի, բայց մեկ բան է լսելը, մեկ այլ բան լսելով համարժեք արձագանք տալը:

Ի վերջո` ստիպել մարդկանց համակերպվել «բարեփոխումներին» խիստ ժամանակավոր է և լի վտանգներով:

Ուստի գտնում ենք, որ Կառավարությունը պետք է հետևություններ անի, սթափ համակողմանի գնահատական տա, լսի և՛ հասարակ մարդուն, և՛ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նաև մասնագիտական հանրույթին, ովքեր տարիներ շարունակ խիստ պրոֆեսիոնալ շրջանակներում իրենց ձայնը միշտ բարձրացրել են՝ հաշվի չառնելով տարբեր դիվիդենդներ ստանալու կամ չստանալու գործոնը:

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728