Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախահայությունը, ինչպես 80-ականներին, լի է վճռականությամբ արդեն վերջնականապես հայացնել Արցախը»․ Գագիկ Բաղունց

Փետրվար 20,2025 14:02

«1988-ի փետրվարի 20-ը խորհրդանշական է ոչ միան արցախահայության, այլև ամբողջ հայ ազգի համար, քանզի դարեր անց՝ 20-րդ դարում հայը վերջապես հստակ, վճռականորեն և իրավական տեսանկյունից անթերի աշխարհին ներկայացրեց իր իրավունքը՝ ապրել իր պատմական հայրենիքում՝ անկախ, արժանապատիվ, և այդ իրավունքը իրագործվեց ՀՀ-ի ստեղծման և 1988-ի շարժման արդյունքում, ԼՂՀ-ի ստեղծման արդյունքում։ Ցավոք, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է։ Սակայն արցախահայությունը, ինչպես 80-ականներին, լի է վճռականությամբ՝ ևս մեկ անգամ արդեն վերջնականապես հայացնել Արցախը»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի պատգամավորներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին։

Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:

Լրագրողները Գագիկ Բաղունցից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեսնում Արցախի հայացումն այս իրավիճակում, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ համաձայն բոլոր միջազգային նորմերի, համաձայն մեր պատմական անցյալի, մեր պատմական իրավունքի մենք կհասնենք այդ նպատակին»։

Հստակեցմանը՝ ՀՀ գործող իշխանության օրոք նման բան հնարավո՞ր է, մանավանդ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով արցախցիներին, նշել էր, թե մնայիք, կռվեիք, Գագիկ Բաղունցն արձագանքեց․ «Չէի ուզի ևս մեկ անգամ անդրադառնալ այդ արտահայտություններին։ Ի դեմս ԱՀ նախագահի, ԱԺ պատգամավորների մեծամասնության հայտարարության, մի շարք հ/կ-ների, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների՝ արձագանքը հստակ արտահայտվել է։ Սակայն մի բան եմ ուզում ավելացնել՝ արցախցու կռվելու, հայ քաջորդիների կռվելու ապացույցն այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ, հարյուրավոր շիրիմներ մեր հերոսական քաջորդիների, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Արցախի անկախության։ Այդ՝ այսպես ասած փոքր Եռաբլուրները կամ Ղարաբաղում եղբայրական գերեզմանատները, վկայում են նրա մասին, որ արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար, փորձել անել ամեն ինչ, որ Արցախը մնա հայկական, բայց այս կամ այն հանգամանքների առումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը, հուսով եմ, ժամանակավոր է»։

Հարցին՝ ինչո՞ւ Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուրում չէ, Գագիկ Բաղունցն այսպես պատասխանեց․ «Այսօր նախատեսված են մի շարք միջոցառումներ, և ԱՀ նախագահը կմիանա մեզ, կմասնակցի այսօրվա նախատեսված միջոցառումներին։ Ինչ վերաբերում է անձնական հարցերին, չէի ուզի անդրադառնալ։ Մենք այսօր խոսում ենք հավաքական վերադարձի առումով մեր վճռականության մասին։ Ես զերծ եմ մնում այսպես կոչված ինտրիգներից»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728