«Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչեւ նոր՝ 2026 թվականի ընտրությունները։ Դրանից հետո արդեն որոշում կկայացվի հանրաքվե անցկացնելու մասին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր հայեցակարգերի մշակման ու հիմա խնդիրը ոչ թե հայեցակարգի մշակումն է, դրանք կան, այլ նոր Սահմանադրության նոր տեքստի մշակումը, ինչի ուղղությամբ աշխատանքները կատարվում են։
Հիշեցնենք, ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանը երեկ նորից խոսեց։
Սահմանադրության նախաբանի, որում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, փոփոխության մասին հարցի շուրջ, նախարարի փոխանցմամբ` դեռ վերջնական որոշում չկա, ինքն էլ ոչինչ չի բացառում․ «Բայց կլինի՞, թե՝ չի լինի, այն արտահայտությունը, որն այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում ոչինչ չի փոփոխելու։ Այս պահին, տեքստի մասով, թույլ տվեք մեկնաբանություններ չտալ։ Այդ իրավունքը կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»։
Կառավարման մոդելի փոփոխություն, ըստ Գալյանի, չի նախատեսվում, բայց փոփոխության ենթակա դրույթները շատ են՝ մարդու իրավունքների մասով, պետական կառավարման մարմինների կազմակերպաիրավական ձեւի մասով եւ այլն։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջն է, Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Եկեք հիշենք, թե երբ սկսվեց աշխատանքը՝ Սահմանադրության փոփոխությանը կամ նոր Սահմանադրություն ունենալուն միտված․ հեղափոխությունից հետո, երբ նախարարի պաշտոնում էր պարոն Բադասյանը, հետո պարոն Զեյնալյանը, այս քննարկումները կային, ձեւավորվեց հանձնաժողով, այդ տարիներին նույնիսկ կար ձեւավորված հայեցակարգ։ Իշխանության օրակարգում նոր Սահմանադրություն ունենալու հարց եղել է հեղափոխությունից հետո․ ո՞ւր էր այն ժամանակ Ալիեւը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ