«Էս մարդիկ ինչպե՞ս կարող են խոսել պայքարից, կռվից, պաշտպանելուց։ Արցախը, արցախցին այս մարդկանց համար ոչ մի արժեք չի ունեցել և չունեն։ Արցախցիները փաստել են դա հենց 2023-ի սեպտեմբերի 19, 20-ին, թե ինչպիսի հուսահատ հերոսական պայքար են մղել, ինչ պատերազմ է եղել և ինչպիսի վերաբերմունք ու դիրքորոշում են ունեցել ՀՀ իշխանությունները»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի պատգամավորներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին։
Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ակտիվ գործողություններ նախատեսվո՞ւմ են, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Այո, միանշանակ։ Մեր ամենակարևոր խաղաթուղթը կյանքում եղել է այն, որ իրենք չիմանան՝ ինչ է տեղի ունենում։ Վստահեցնում եմ՝ այն գործընթացը, ինչ տեղի է ունենում հիմա, եթե մենք նախորդ տարի ունենայինք այս նույն ժամանակահատվածում, ամեն ինչ այլ կերպ կլիներ»։
Կարդացեք նաև
Լրագրողները փաստեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ էական է հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը և հարցրին՝ այս պահին Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը պատասխանեց․ «Դուք մանրամասնորեն հետևել եք այս՝ չակերտավոր ասած մարդու բոլոր հայտարարություններին, մի օրից մյուս օրը խոսույթին։ Հստակ է, չէ՞, պատկերը, որ սա թելադրված է դրսից, իր տերերի կողմից։ Սահմանադրություն փոխել-չփոխելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա։ Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, քանի որ այստեղ գոյաբանական կռիվ է։ Սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ։ Հենց ինքն է ձախողել ամեն ինչ և փորձում է ամեն ինչը համապատասխանեցնել իր ձախողմանը․․․ Բա ինչո՞վ է ինքը ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել․, ուրեմն ինքը լեգիտիմ չէ։ Այո, ինքն է ամեն ինչի՝ ձախողման, ստի, կեղծիքի, Սահմանադրության քայքայման, Սահմանադրության մեջ արձանագրված դրույթների չեղարկման ակունքը։ Չեղարկման մաս է կազմում Արցախի՝ այսօրվա կորուստը, չգոյությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ