«Ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, կարծում եմ, նաև ՀՀ իշխանությունների բացթողումների, կրավորական կեցվածքի, իրավիճակին չտիրապետելու և բանակցային գործընթացը ձախողելու ու պատերազմում՝ ոչինչ չանելով պարտության պատճառով մենք ունենք այս օրը»,-Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի պատգամավորներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին։
Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:
Սեյրան Օհանյանը փաստեց՝ մեծ ցավ է, երբ Արցախը հայաթափված է ու նշեց․ «ՀՀ անվտանգության ռազմավարության մեջ նշված էր՝ ՀՀ-ն ամեն ինչ կանի, որ թույլ չտա բռնագաղթեցման ցանկացած փորձ։ Բայց տեսանք՝ ինչ կատարվեց։ Հետևությունը մեկն է՝ պետք է շարունակենք մեր պայքարը ինքնության, Արցախ հետվերադարձի համար։ Այդ առումով երեք հանգամանք գոնե այսօր պիտի նկատի ունենանք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել, այլ խորացել է։ Ադրբեջանը իրականացրել է ցեղասպանություն, ամբողջությամբ հայաթափել Արցախը։ Այսօր էլ հանցագործ պետությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր մարտական ընկերներին, գերիներին։ Սա կեղծ դատավարություն է, թատերական բեմականացում։ Ցավում եմ՝ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ամեն ինչ պիտի արվի, որ ցեղասպան և հանցագործ Ադրբեջանն իր պատիժը ստանա»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կա բանակցությունների շանս․ դա կարող է լինել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ձևաչափով և հարցին՝ այդ հնարավորությունը դիտարկո՞ւմ են իրենք՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունն այդ փաստաթուղթը կապիտուլյացիա է համարում, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Միջնորդավորված փաստաթուղթը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Նաև կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով Սյունիքի ճանապարհի տրամադրմանը, իսկ Ադրբեջանը նաև նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, այդ փաստաթղթին վերադառնալը միակ տարբերակն է, քանի որ դրա 4-5 կետեր իրականացված չեն։ Միայն այդ փաստաթուղթն է, որ հնարավորություն կտա նաև դրա վրա հենվելով՝ Արցախ վերադառնալու հարցը լուծել»։
Հարցին՝ Բաքվում ընթացող դատավարությունն ի՞նչ հանգրվանի կհասնի, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Ադրբեջանն իր մայրաքաղաքում ինչ ցանկանա, կորզելու է, և միջազգային հանրությանը ներկայացնելու է, որ ՀՀ-ն է հիմնական մեղավորը։ Այնինչ մեր ամբողջ արցախյան ազատամարտը ցույց է տվել, որ բոլոր զինադադարներից հետո պարտադրված պատերազմը Ադրբեջանն է սկսել։ Նա պետք է պատասխան տա»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիքի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրաքվեով նոր սահմանադրության ընդունման թեզի հետ կապված, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Նրա խոսույթն անընդհատ մանիպուլյացիա է։ Սա Ադրբեջանի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրանքի ներքո է իրականացվում։ Ադրբեջանի պահանջի բավարարման ճանապարհին է, քանի որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ ու պատժամիջոցներ է հայտնում հայկական կողմին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ