Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը քաղաքացիներին հորդորեց՝ «ֆիքսել յուրաքանչյուր փոսի կարեւորությունը եւ գնալ դրանց ետեւից․ էդ փողը մենք տալիս ենք քեզ»

Փետրվար 20,2025 12:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք ուզում ենք նոր իրականություն ստեղծել, իսկ նոր իրականություն առանց ֆինանսավորման հնարավոր չի ստեղծել։ Ամեն փոսի վրա ամբողջ համայնքով, կառավարությունով կհավաքվենք՝ կսկսենք լացել․ վա՜յ, բա էս փոսը ոնց անեք հիմա։ Հանրապետությունում այսօր հազարավոր փոսեր կան, որ տասնյակ տարիներով դրանց խնդիրը չի լուծվել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում համայնքային զարգացման ծրագրերի մասին՝ քաղաքացիներին հորդորելով՝ «ֆիքսել յուրաքանչյուր փոսի կարեւորությունը եւ գնալ դրանց ետեւից․ էդ փողը մենք տալիս ենք քեզ»։

Նա հորդորեց նաեւ՝ գումար ծախսելու եւ արդյունավետ ծախսելու կուլտուրան հավասարակշռել սովորեցնեն՝ համայնքի եւ քաղաքացիների մասնակցությամբ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորեց քաղաքացի-կառավարություն հաղորդակցությունը՝ ասելով, որ Հայաստանում առաջնորդության ձեւավորման ինստիտուտներ շատ չկան, եթե չասի, որ ընդհանրապես չկան․ «Ո՞վ գիտի, թե Հայաստանում ոնց է ձեւավորվում առաջնորդությունը։ Այո, հիմնականում փողոցում»։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առաջնորդությունը պետք է սաղմնային մակարդակում ձեւավորվի ու մրցակցության մեջ զարգանա՝ թե համայնքային, թե համապետական․ «Ում թողես, ասում են՝ «պետք է կայանան ինստիտուտները», որ ասես՝ հլը մի րոպե, բացատրի, թե ինստիտուտն ինչ է… ինստիտուտը սա է, որ տանում ես, խողովակը դնում ես մարդու տան մեջ։ Մեր ամբողջ բյուջեն, մեր ամբողջ ծրագրերը առաջնորդության արտահայտությունն են, որովհետեւ ինչ-որ մեկը մտածում ու ասում է՝ «սա է պետք անել, սա պետք չէ անել»։ Հիմա մենք այդ առաջնորդությունը տանում, դնում ենք մարդկանց առաջ է, սա է ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացումը, էլ չեն կարող գնալ ու ասել՝ «այ, եթե մեզ կտաք ձայն, ցուցակներն էլ պասպորտների համարներով կբերեք, այդ ժամանակ փոսը կլցնենք»։ Մենք սա չենք ասում, բայց հիմա փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ, սա ո՞ր արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է, որ մենք մեր քաղաքացուն մեր ավանդույթից կտրում ենք, որ բդեշխը պետք է որոշի, «սրանք ինչ են ուզում անեն, ուզում են կտրեն մեզ մեր արմատներից»։ Ժպտում եք, բայց հարյուր տոկոսով այդպես է»։

Նա դժգոհեց՝ նկատելով, որ ժողովրդավարության վրա միլիարդներ են ծախսվում, ՏԻՄ զարգացման ջատագովները հազարներով են եւ եթե մի երկու դրամաշնորհ հայտարարվի՝ հազարներով հերթեր կգոյանան, մինչդեռ տարրական բաները մարդկանց բացատրող-սովորեցնողներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728