Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին համոզում ՌԴ իրավապահները ՌԴ քաղաքացուն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում. պարզաբանում են փաստաբանն ու Արթուր Սաքունցը

Փետրվար 20,2025 12:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ փաստաբան Սամսոն Գալստյանի ներկայությամբ, ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ եւ ՀՀ ոստիկանների ներկայությամբ փորձել են համոզել ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին ինքնակամ գնալ իրենց հետ, հանձնվել ՌԴ-ին։ Ըստ ՀՔԱՎ գրասենյակի՝ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ անվտանգային մարմինները Հայաստանի Հանրապետությունում հետապնդում են ՌԴ քաղաքացիների:

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն. «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

«Ռոման Շկլովերը հայտնել է, որ ինքը հրավիրվել է Մետրոպոլիտենի պահպանության բաժին, ոստիկանության աշխատակիցները զանգահարել են իրեն եւ հրավիրել բաժին: Նա ինքնակամ ներկայացել է բաժին, դրանից 15 րոպե անց ես եւս ներկայացել եմ բաժին: Պարզել ենք, որ ՌԴ-ում քրեական գործ է հարուցված վերջինիս նկատմամբ եւ հետախուզում է հայտարարված, բայց որեւէ խափանման միջոց առկա չէ: Այնուհետեւ, մինչեւ այդ գործողությունները սկսելը` ոստիկանության բաժին են ներկայանում քաղաքացիական համազգեստով 2 անձինք, ում ոստիկանության աշխատակիցները ներկայացնում են որպես ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Նրանք ցանկանում են, որ այդ անձինք խոսեն Ռոման Շկլովերի հետ»,- թեմայի վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան, իրավապաշտպան Սամսոն Գալստյանը:

«Ինձ մոտ զարմանք է առաջանում, թե նրանք ինչպես կարող են զրուցել Ռոման Շկլովերի հետ, այնպիսի իրավապահ մարմինների հետ, ում գործողությունների պատճառով վերջինս լքել է ՌԴ-ն եւ հայտնվել Հայաստանի Հանրապետությունում: Իմ կողմից բացատրվեցին Ռոման Շկլովերի իրավունքները եւ պարտականությունները՝ նա որեւէ պարտականություն չուներ զրուցելու այդ անձանց հետո: Վերջիններս վստահեցնում էին, թե իբր Շկլովերին որեւէ վտանգ չի սպառնում ՌԴ-ում, կարող է իրենց հետ մեկնել ՌԴ, որտեղ չի կալանավորվի, չի ազատազրկվի:

Սակայն Ռոման Շկլովերn իմ հորդորներից հետո հրաժարվել է զրուցել այդ անձանց հետ, որոնք անընդհատ պնդում էին, որ գոնե պետք է արձանագրություն կազմվի եւ ինքը ստորագրի այն: Այդ անձինք տեսնելով, որ մեր պնդումները հստակ են, թույլ չենք տալու, որ ապօրինի գործողությունները շարունակվեն, հեռացան աշխատասենյակից, նկատի ունենալով, որ որեւէ իրավական հիմք, որ ոստիկանության աշխատակիցները կարող էին ձերբակալել Ռոման Շկլովերին, չկա, կազմեցին արձանագրություն՝ ինքնակամ ներկայանալու վերաբերյալ եւ մենք դուրս եկանք ոստիկանությունից»,-հավելեց փաստաբանը:

Նրա խոսքով. « 2024թ հոկտեմբեր ամսին նույն բաժնի աշխատակիցների կողմից նույն պրոցեսով կրկին հրավիրվել էր Ռոման Շկլովերը, եւ չնայած ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալուն՝ ձերբակալվել էր, անձնական խուզարկության ենթարկվելով՝ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ուշագրավ է որակում ՆԳՆ պարզաբանումը, ապա հավելում է. «Շնորհակալություն այդ պարզաբանման համար, որովհետեւ հիմա պատկերն առավել քան պարզ է, թե որն է խնդիրը: Շկլովերի նկատմամբ ՌԴ-ում հարուցված է քրեական գործ՝ ատելության խոսքի տարածում եւ մարդկային արժանապատվության նվաստացում հոդվածով»: Արթուր Սաքունցը կարդաց նաեւ Ռոման Շկլովերի մեկնաբանությունը, թե այդ հոդվածը որ գործողության համար է կիրառվել իր նկատմամբ: Շկլովերի մեկնաբանության մեջ վիրավորական արտահայտություններ կային Պուտինի հասցեին, նա նաեւ ասել է, որ ատում է այդ երկիրը եւ այդ անասուններին:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728