«Էդ թալանվածը, որ ասում են՝ չի վերադարձվում, բա էդ գումարները որտեղի՞ց»,- այսօր կառավարության նիստում հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ֆինանսների նախարարը ներկայացնում էր Հայաստանում համայնքային բյուջեների կրկնապատկման մասին հարցը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականից ի վեր՝ Հայաստանում համայնքային բյուջեները կրկնապատկվել են․ աճը, ըստ նրա, կազմել է 106 տոկոս․ «Այսինքն՝ համայնքային բյուջեները 136 միլիարդ դրամով աճել են»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Այս գումարները ոչ թե օդից են թափվել», այլ նախկինում «թալանված գումարներն են հետ բերվել»․ «Բացարձակ թվով Հայաստանի համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են: Շատ կարեւոր է տեսնել, թե ինչի հաշվին են դրանք աճել: Օրինակ, համայնքային բյուջեներում կա տող՝ տեղական տուրքեր: Այս տողով, 2019-ի համեմատ 2024-ին աճել է 355 տոկոսով, միայն աճի թիվը 18 մլրդ դրամ է: Խոսքը տեղական որոշակի ծառայությունների մասին է՝ գովազդներ, ցուցանակներ, որոնց համար տեղական տուրքեր են գանձվում: Այլ վճարներ տողն աճել է 198 տոկոսով, բացարձակ թիվը 7 մլրդ դրամ է: Տեղական վճարներ տողով աճը կազմել է 156 տոկոս կամ 15 մլրդ դրամ: Որտեղի՞ց այս գումարները: Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ անընդհատ շոշափվող թեմայի վրա, որ թալանվածը վերադարձրին-չվերադարձրին: Էս գումարները որտեղի՞ց են, մեկ էլ հանկարծ երկնքից թափվել են համայնքների վրա՞: Սրանք այն գումարներն են, որոնք սենց, թե նենց գոյություն են ունեցել, այլ ձեւերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով կիրառության մեջ են եղել»։
Նա նաեւ հայտարարեց, որ անշարժ գույքի հարկից ոչ մի լումա պետական բյուջե չի մտնում, ամբողջը գնում է համայնքի բյուջե ու բացատրեց՝ գույքահարկի թանկացման քաղաքականությունը նրա համար է, որ բարեկեցությունը լինի համայնքային միջավայրային․ «Բարեկեցությունը պետք է միջավայրային լինի, ոչ թե միայն բնակարանային։ Գումարը քաղաքացիների մի գրպանից հանում ենք, դնում են մյուս գրպանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ