«Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը վերադարձ է դեպի նողկալի անցյալ». «Առավոտին» ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն այսօր պառկած բողոքի ցույց էր անում Աջափնյակի դատարանի առջեւ:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված Սամվել Վարդանյանն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս 2024 թ. ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։
Սամվել Վարդանյանը պատմել էր, որ երբ ոստիկանության ավտոմեքենան կանգնել էր՝ քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտարարել էին, թե բնական կարիքները հոգալու համար պետք է իջնեն, դրանից հետո ամբողջությամբ սև հագնված դիմակավորված 3 անձինք մեքենայից հանել էին Սամվել Վարդանյանին, տարել մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել ծնկել, գլխից բռնած հարվածել գետնին, որից հետո հարվածել էին ձեռքերով: Ծեծը զուգորդվել էր սեռական բնույթի հայհոյանքներով:
Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի պատմածի՝ դիմակավորված անձինք պահանջել էին, որ Սամվել Վարդանյանը կրկնի իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները, եւ երբ նա ըմբոստացել էր՝ թքել էին նրա վրա: Դիմակավորված անձինք իջեցրել էին Սամվել Վարդանյանի տաբատը, փայտը պահել են ոտքերի արանքում, սակայն որևէ գործողություն չէին կատարել:
Կարդացեք նաև
Ու չնայած Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով՝ մինչ այսօր որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: