Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Մելիքյան. «Կենսագրություն չունեցող մարդուն փոխնախարար են նշանակել, եւ սա միայն դիվանագիտության մեջ չէ». «Հրապարակ»

Փետրվար 20,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ

– Միացյալ Նահանգներում վարչակարգի փոփոխությունը, Թրամփի ընտրվելը ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում շրջադարձային փոփոխությունների հիմք դրեց, մինչդեռ մեզ թվում էր, թե գործ ունենք ինստիտուցիոնալ պետության հետ, որտեղ անձերի փոփոխությունը մեծ փոթորիկ չպետք է առաջացնի` պետական ինստիտուտները պետք է շարունակեն բնականոն գործունեությունը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, եւ ի՞նչ հետեւանքներ կունենա այն Հայաստանի վրա։

– Իրականում տեղի ունեցավ գաղափարախոսության փոփոխություն, բայց ոչ թե դեմոկրատներ-հանրապետական, այլ ընդհանուր գաղափարական իմաստով։ Ամերիկյան վարչակարգի մոտ առկա ոչ սովորական մոտեցումներն առաջին հայացքից, իսկապես, տարօրինակ են թվում, որովհետեւ դուք եւս նշեցիք, որ ԱՄՆ-ն ֆունդամենտալ, կայացած ինստիտուտներ ունի, որոնց նկատմամբ այժմ, շատ մեղմ ասած, քննադատական մոտեցում է դրսեւորվում, էլ չասած՝ հիմնովին փոփոխություններ, լուծարումներ եւ այլն: Բայց սա մոտեցման հարց է, եւ կարծում եմ՝ աշխարհն այսօր թեւակոխում է նոր աշխարհակարգ տանող ճանապարհի սկիզբ, եթե կուզեք, դրա անունը պայմանական դնենք «Յալթա-2»։ Ավելին, աշխարհում ոչ մեկը չի կարող անմասն մնալ այս ամենից, անգամ ամենահեռավոր կղզյակ պետությունը, էլ ուր մնաց՝ Հայաստանը, որն այսօր աշխարհաքաղաքական լրջագույն կիզակետում է գտնվում։ Ցավով պետք է նշեմ, որ օրվա իշխանությունը շարունակում է ապաշնորհ քաղաքականությունը, որն անգամ փակուղի էլ չէ։ Մի քիչ աչքերը որ լայն բացեն, ականջներն էլ լավ մաքրեն, մի քիչ էլ մտիկ անեն` այսքան բարձրաձայնվում, խոսվում, քննարկվում է, այնպես չէ, որ նոր ենք ասում` ամիսներ, տարիներ խոսում ենք այս մասին, որ ցանկացած փոփոխություն իր հետ բերելու է նոր մարտահրավեր, որին դու պետք է պատրաստ լինես։ Միով բանիվ՝ ձվերը մի զամբյուղի մեջ եթե տեղավորես, մի զամբյուղն էլ ձեռքիցդ տարած լինեն, որը դատարկ էր, բայց տեղ էր, որտեղ կարելի էր ինչ-որ բան տեղավորել, հիմա պետք է ընկնես՝ նոր զամբյուղ հյուսես, որ կարողանաս նոր բաներ տեղավորել: Բայց չի լինի այդպես, որովհետեւ զամբյուղ հյուսելու «մատերիալն» էլ չունես։

– Վերադառնալով ԱՄՆ-ին․ պարտադի՞ր է վարչակարգի փոփոխությունից հետո փոխել նաեւ այլ պետություններում հավատարմագրված դեսպաններին։

– Դեսպանների փոփոխության անհրաժեշտության հարցին կարելի է պատասխանել՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ։ Այո, եթե դիտարկում ենք քաղաքական մոտեցումների համատեքստում, գաղտնիք չէ, որ քաղաքական նշանակումներ լինում են աշխարհի տարբեր մասերում, բայց դիվանագիտական շատ լուրջ ավանդույթ ունեցող երկրներում, իհարկե, ավելի շատ փոխատեղումներ են արվում՝ չնչին բացառություններով, երբ հետ են կանչվում, փոխվում են։ ԱՄՆ-ում դիվանագիտության արժեքը լավ գիտեն եւ հասկանում են, որ պրոֆեսիոնալների հենքով դիվանագիտությունը մշտապես շահող է դուրս գալու, այս պահին կարծես փոխատեղումներ են միայն։ Հայաստանի պես փոքր երկիրն է, որ շաղ է տալիս, դեսպանի նշաձողն էլ այնքան է իջեցրել` նորելուկ դեղնակտուց երեխեքին նշանակում են բարձր պաշտոնների։ Երկու օր առաջ մի երիտասարդի փոխնախարար նշանակեցին, կենսագրությունը նայե՞լ եք, տեսել եք՝ մեր պետության «կարկառուն դիվանագետներից» մեկն ինչ պաշտոններ է զբաղեցրել։ Եթե կարդաք՝ արտգործնախարարի օգնական եւ խորհրդական, ապա դրանք դիվանագիտական պաշտոններ չեն, իր վերջին դիվանագիտական պաշտոնը եղել է երրորդ քարտուղար (խոսքը Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասին է, որը նախօրեին ԱԳ նախարարի տեղակալ է նշանակվել, նա 2017-2020 թթ. եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդ, երրորդ քարտուղար` Լ․ Շ.)։ Կենսագրություն չունեցող մարդուն փոխնախարար են նշանակել, եւ սա միայն դիվանագիտության մեջ չէ, աշխարհի լուրջ երկրները դողալով են մոտենում իրենց կադրերին, դիվանագիտությանը, որովհետեւ սա այն եզակի դեպքերից է, որ դու իրենց վրա լուրջ գումարներ ես ծախսում, եւ իրենցից ստացած «Ֆիդբեքը» շատ ավելի մեծ է լինում: Խոսքը պրոֆեսիոնալների մասին է, տարիների անցած ճանապարհի մասին, բայց քանի որ մեզ մոտ ամեն բան ավերակների է վերածվել, նոր քար չի ավելացվել, սա էլ դիտվում է այդ գծում։ Այսպես են վերաբերվում դիվանագիտությանը: Իրենց լուրջ հետագիծ ունեցող մարդիկ չեն հետաքրքրում, որովհետեւ այդպիսիներն իրենց դիմաց դնելու են իրենց սխալները։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728