Ես այն երջանիկներից չեմ, որը կարող է պնդել, թե 37 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 20-ին ես ամեն ինչ հասկացել էի ու մեծ ոգեւորություն էի ապրել: Ավելին՝ խոստովանեմ, որ բնապահպանական ցույցերի՝ Ղարաբաղյան շարժման վերաճելու պահը ես բաց էի թողել: Եվ դեռ երկար ամիսներ չէի զգում, թե ինչ տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում, Հայաստանում եւ… մեր հոգեբանության մեջ:
Իհարկե, զգում էի, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ելույթներն իրենց կառուցվածքով ու բովանդակությամբ տարբերվում էին մինչ այդ իմ լսած ճառերից: Բայց անցան տարիներ, մինչեւ որ գիտակցեցի, որ դա նոր մտածելակերպի, նոր (վարկաբեկված բառ օգտագործեմ) գաղափարախոսության սկիզբ էր:
Ի դեպ, նրանք, ովքեր կարծում են, թե մինչեւ 2020 թվականը գոյություն ուներ միայն մեկ՝ դաշնակցական մտածելակերպ, սխալվում են. 1990-ականների առաջին կեսին կար երեք ուղղություն՝ դաշնակցական, կոմունիստական եւ ՀՀՇ-ական: Հարգանքս բոլոր երեքի հանդեպ՝ դրանք երեքն էլ ավելի լավն էին, քան «պարզապես ապրելու» «ժողովրդական գաղափարախոսությունը»:
Ես սկսեցի շատ բան հասկանալ միայն այն ժամանակ, երբ 1991 թվականի ամռանը (Խորհրդային Միությունը դեռեւս «պաշտոնապես» չէր փլուզվել) որպես «Ա1»-ի լրագրող կյանքումս առաջին անգամ այցելեցի Արցախ: Շատերից եմ լսել ու համաձայն եմ, որ Հայաստանի այդ մի մասնիկի օդը շնչելը, այդ մթնոլորտի մեջ թաթախվելը, այնտեղ ապրող մարդկանց հետ շփվելը կարող է փոխել մարդու կյանքը: Դա, իհարկե, չունի ռացիոնալ բացատրություն, բայց եթե միայն այդպիսի բացատրություններ փնտրենք, ապա պիտի ծափահարենք այս իշխանությունների կարգախոս-դավանանքին՝ կյանքը միայն ստամոքսը կուշտ լցնելու համար է:
Կարդացեք նաև
Հիմա Հայաստանի իշխանությունը մեզ համոզում է, որ Արցախն Ադրբեջան է, որ իրենց տներից եւ ունեցվածքից զրկված արցախցիները մեզ խանգարում են եւ իրենց հողը լավ չեն պաշտպանել, որ Ադրբեջանն իրավացի է, երբ ոչնչացնում է հայկական բնակավայրերն ու հուշարձանները, որ դատաստան է տեսնում Արցախի ղեկավարների հանդեպ: Որ 1988 թվականի փետրվարի 20-ին մենք գնացել ենք սխալ ճանապարհով:
Վերջերս Ադրբեջանը հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը ծանր հանցագործություններ են կատարել: Գուցե այստե՞ղ էլ՝ Երեւանում պետք է դատավարություն կազմակերպել: Ինչ ասես՝ չես անի «հանուն խաղաղության»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ 1988-ի ուսանողական նստացույցը
Ամեն մարդ ինքն է որոշում ինչի համար է ապրում: Ես երբեք թույլ չեմ տա, որ որեէ վարչապետ. դպրոցի ուսուցիչ, հաամաալսարնի պրոֆեսոր, կամ լրագրող իմ փոխարեն որոշի իմ, կամ իմ զավակի կյանքի իմաստը: