Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն, որն ամեն օր մեզ հետ պետք է լինի

Փետրվար 20,2025 12:30

Գիրքն, անտարակույս, արժեք է, այն էլ՝ կարեւոր արժեք, ուստի Գիրք նվիրելու օրը հրաշալի, գտնված նախաձեռնություն է, եւ շատ լավ կլիներ, որ տարվա այլ օրերի եւս առանձնահատուկ արժեւորվեին գիրքն ու գրաշխարհը։

Մեր՝ ավագ սերնդի համար գիրքն իր արժեքը շարունակում է պահպանել, եւ, համոզված կարող եմ ասել, չի մարել նաեւ հավատը, որ եկող սերունդների համար եւս գիրն ու գրականությունն իրենց արժանի, պատվավոր տեղը կունենան։ Որքան էլ խառն ու խրթին լինեն ժամանակները, միեւնույն է, գիրքն իր կարեւոր դերն ու նշանակությունն ունի եւ շարունակում է ընթանալ բոլոր ժամանակների նախասիրություններին ու պահանջներին համաքայլ։ Շատ տեղին ու իմաստալից է հայկական ժողովրդական այս չափածո խոսքում ասվածը. «Մաշի ձեռս, դառնա ի հող, / Գիրս մնա հիշատակող…»։

Որպես ասվածի վկայություն, թերեւս, կարելի է համարել նախորդ՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին Ապարանի (Արագածոտնի մարզ) Վարդենուտ գյուղի դպրոցում տեղի ունեցած հաճելի ու հիշարժան իրադարձությունը։ Իրո՛ք, իրադարձություն, քանի որ կրթօջախի կյանքում կատարվածը, անկասկած, աննախադեպ ու անչափ գնահատելի էր։

Սմբատ Գյուրջյանը մեկ անգամ չէ, որ ձեռք է մեկնել ծննդավայրի դպրոցին եւ իր հնարավորությունների սահմաններում օգտակար եղել նրան։ Այս անգամ առիթը, կարելի է ասել, նոր՝ 2024-25թթ. ոսումնական տարվա մեկնարկն էր, ինչը եւ հարազատ գյուղի դպրոցի, ինչպես նաեւ նախակրթարանի մանկավարժական կազմին ու նրա սաներին հաճելի անակնկալ մատուցելու լավ հնարավորություն ընձեռեց։ Այդ օրը նրանք համագյուղացի հրատարակչի կողմից հարյուրավոր գրքեր նվեր ստացան։ Շքեղ, գունազարդ ձեւավորմամբ այդ ուսումնական, գիտահանրամատչելի, ժամանցային ու հետաքրքրաշարժ հրատարակությունները, անշուշտ, արժանի տեղ կգտնեն գրադարակներում եւ իրենց հերթին կնպաստեն սովորողների գիտելիքների ամրապնդմանն ու գեղագիտական ճաշակի բարձրացմանը։

Ի դեպ, Սմբատ Գյուրջյան հրատարակչի տաղանդը առանձնահատուկ դրսեւորվել է իր իսկ հիմնադրած «Ջի Էս Էմ Ստուդիա» («GSM Studio») հրատարակչությունում, որը նոր խոսք, նոր որակ է բերել հայրենական գրահրատարակչության, մասնավորապես՝ մանկական գրահրատարակչության ոլորտ։ Նրա մտահղացմամբ լույս են տեսել  ավելի քան 200 անվանում՝ հայկական գրքի շուկայում առայսօր եղածներից շահեկանորեն տարբերվող մանկապատանեկան գրքեր։ Հրատարակչության ինքնատիպ լուծումներով ստեղծած «խոսող» գրքերը, գիրք-խճանկարները եւ այլ հրատարակություններ ամենապահանջվածներից են ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքի մանուկների ու պատանիների շրջանում։ Սմբատ Գյուրջյանը «Այբուբեն», «Իմ առաջին այբուբենը», «Խոսող այբուբեն», «Երթեւեկության այբուբեն տղաներին», «Կենդանիների աշխարհում» հետաքրքրաշարժ գրքերի հեղինակն է։

Վերադառնալով այսօրվան եւ մեկ անգամ եւս արժեւորելով Գիրք նվիրելու օրը, նշենք, որ հիշարժան այս առիթով եւս հրատարակչությունը հաճելի անակնկալներ է մատուցելու իր ընթերցողներին։ Առհասարակ, գրքասեր ընթերցողների հետ կապը տարվա բոլոր օրերին է, իսկ հատկապես այս տոնով պայմանավորված՝ այդ կապն առանձնահատուկ իմաստ ու խորհրդավորություն է ձեռք բերում։ Մասնավորապես, արդեն ավանդական դարձած «Քաղաքը կարդում է» գրքի տոնի շրջանակներում փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կանցկացվի ցուցահանդես-վաճառք, որին «Ջի Էս Էմ Ստուդիան», ի թիվս այլ հրատարակիչների, առանձին տաղավարով կներկայանա այցելուներին՝ նրանց մի շարք հաճելի անակնկալներ խոստանալով։

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728