Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասի հակամարտությունը»` Ռուբիո-Ֆիդան օրակարգում

Փետրվար 20,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մյունխենում այս տարի հայ-ադրբեջանական բանակցություններ չանցկացվեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ շաբաթ աշխատանքային այցով Մյունխենում էր, որտեղ մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ արտերկրի գործընկերների հետ:

Փաշինյանը, մասնավորապես հանդիպել էր Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները, անդրադարձել էին նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը եւ խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ու Անտոնիու Կոշտան խոսել էին նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացի, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի: Կարեւորվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անցած օրերին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին, որտեղ մասնակցեցին Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Պապիկյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ` Իտալիայի, Շվեդիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության, Բելգիայի Թագավորության, Լիտվայի, Էստոնիայի, Կիպրոսի, Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարարների հետ, այդ թվում` փետրվարի 15-ին նա մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին:

Հիշեցնենք, որ նախորդ մարտին Հռոմում տեղի ունեցան Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, ստորագրվեց Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։ Իսկ 2023-ի ամռանը Բաքուն եւ Հռոմն հայտարարել էին, որ իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածություն են ձեռք բերել։ 2024- հուլիսին Հռոմը C-27J Spartan օդանավ փոխանցեց Բաքվին։

ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնակիցների հետ մասնակցել էր կլոր սեղան-փակ քննարկմանը։ Էդվարդ Ասրյանը նաեւ ոչ ֆորմալ շփումներ էր ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։

Էդվարդ Ասրյանը մասնակցել էր նաեւ բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը, առանձնազրույցներ էր ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի եւ այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Փետրվարի 15-ին Էդվարդ Ասրյանը մասնակցել էր «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձեւաչափով պանելային քննարկմանը եւ Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։ ԳՇ պետն առանձնազրույցներ էր ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի եւ Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարին Մյունխենում, Գերմանիայի դաշնային կանցլերի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիեւ երկկողմ բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները՝ «երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել էին շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»։

Հայաստանի վարչապետը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում երկկողմ հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

Անցյալ տարի Հայաստան-Ադրբեջան մյունխենյան շփման նախաձեռնությունը գերմանական կողմին էր վերապահվել, քանի որ Բաքուն մերժում էր ամերիկյան միջնորդությունը: Այս տարի, սակայն Մյունխենում հայ-ադրբեջանական հանդիպումներ չանցկացվեցին:

Փոխարենը մյունխենյան հարթակն օգտագործվեց Վաշինտոն-Անկարա, Անկարա-Բաքու շփումներում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Ի թիվս այլ հարցերի նրանք քննարկել էին նաեւ «Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղությանն աջակցելու մեր համատեղ ջանքերը», – փոխանցում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը: Այլ մանրամասներ չէր հաղորդվել։

Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղությունը կարեւորել էին նաեւ անցած ամսվա վերջին կայացած հեռախոսազրույցում:

Այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասի հակամարտությունը։ «Մենք քննարկել ենք մեր երկրների բազմաթիվ ընդհանուր շահերն ու նպատակները, ինչպես նաեւ ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերությունների ամրապնդման ուղիները անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, այդ թվում՝ ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի շրջանակում, Սիրիայում զարգացող իրավիճակը եւ հակամարտությունները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»,- գրել էր նա։

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարին սկսել է հայկական կողմին ուղղված տարբեր սպառնալիքներով եւ կոշտ նախազգուշացումներով, թե իրենց պահանջները չկատարելու դեպքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի:

Վերջերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը փաստեց՝ Ադրբեջանում ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, ինտենսիվ թռիչքներ են իրականացվում, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Այս ամենը մտահոգել էր Գրիգորյանին։ ԱԽ քարտուղարը միեւնույն ժամանակ շեշտել էր՝ վերջին տարիներին Երեւանը տարբեր ուղղություններով աշխատել է, որպեսի հնարավորինս կայունություն ստեղծի տարածաշրջանում։

Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է նաեւ հայ – ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը խոսել է հայ – ադրբեջանական բանակցային գործընթացից եւ կրկին հայտարարել, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ «Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ եւ այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը խոչընդոտ է հանդիսանում», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ու մինչ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մյունխենում դժգոհում էր պաշտոնական Երեւանից, փետրվարի 14-ին տեղեկություն էր տարածել ՀՀ կառավարությունը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձեւաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովների նախորդ հանդիպմանը՝ հունվարի 16-ին, համաձայնություն էր ձեռք բերվել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ: Կողմերը նաեւ քննարկել էին սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Անցյալ տարի գարնանը Երեւանն ու Բաքուն մոտ 12 կիլոմետր սահմանազատեցին Տավուշի ու Ղազախի հատվածներում, հայկական կողմը նախկին ադրբեջանական չորս գյուղ վերադարձրեց Ադրբեջանին։ Այն ժամանակ Հայաստանի վարչապետը դա պիլոտային սահմանազատում էր անվանել, այդ գործընթացը տեղի ունեցավ նախքան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։

Ինչպես նկատում ենք, «պիլոտային սահմանազատումը» համակարգված շարունակվում է` Բաքվի դժգոհություններին ու սպառնալիքներին համահունչ եւ սինքրոն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728