Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք». Դեսպան Սոբհանին` Դավիթ Առուշանյանին

Փետրվար 19,2025 22:35

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, միմյանց աջակցելու, տարածքային ամբողջականություն ընդունելու, խաղաղություն գնահատելու հարցում ավելի մեծ դաշնակիցներ ու աջակիցներ են։

Այնուհետև մարզպետը խոսել և ներկայացրել է հայրենի մարզն ու պատմել մարզկենտրոն Գյումրու մասին․ «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կպատմեմ ձեզ մեր մարզի մասին, որը համարվում է հումորի, սպորտի, մշակույթի ու հյուրասիրության կենտրոն։ Մեր մարզն ունի մեծ ներուժ, իսկ ես ու մարզպետի աշխատակազմը պատրաստ ենք անել հնարավորը այդ ներուժը առավելագույնս բացահայտելու, ներկայացնելու և ի շահ մարզի օգտագործելու։ Շիրակի մարզի առավելությունները թե լոգիստիկ հնարավորություններն են, թե բիզնեսի համար նպաստավոր պայմանները։ Իհարկե առավելություններն ու հնարավորությունները շատ են, որոնց մասին ֆորմալ խոսակցություն չէ որ կուզենամ ունենանք, այլև հստակ ծրագրեր ու համագործակցության եզրեր գտնենք»,- նշել է Շիրակի մարզպետը` վստահեցնելով, որ ցանկացած օրակարգ քննարկելու պատրաստակամություն ունի` լիազորությունների շրջանակում։

Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին և դրանց վերջին տարիների սերտացմանը.  «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու, տպավորված եմ, երբ հասկանում եմ, որ հոգացավորեն եք խոսում մարզի թե ներուժի, թե հնարավորությունների մասին։ Այն տեմպերն, ինչ կան մեր երկու երկրների բարեկամության սերտացման առումով` ինձ վստահություն են ներշնչում, որ ապակենտրոնացված համագործակցությունը ևս ստացվելու է։ Հայաստանի հետ առևտրային կապերը գնալով ամրապնդվում են, մենք բոլոր դեպքերում նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք»,-ընդգծել է դեսպան Սոբհանին։

Դավիթ Առուշանյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են Գյումրի և Յազդ քույր քաղաքների համագործակցության սերտացմանը, միջմարզային նոր համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը դեսպանին գիրք նվիրելու օրվա առթիվ «Լավագույն մաղթանքներով և համագործակցության պատրաստակամությամբ` նվիրում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին», մակագրությամբ «Սայաթ Նովա» գիրքն է նվիրել։

 

Շիրակի մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728