Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ 30 րոպե ուշացումով, որովհետեւ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի մեկ այլ նիստով վկայի հարցաքննություն ուներ, որը հետաձգել հնարավոր չէր:
Մեղադրյալների եւ նրանց փաստաբանների՝ նախորդ նիստերում եզրափակիչ ելույթներից հետո այսօր եզրափակիչ ելույթ պետք է ունենային Արուսյակ Ալեքսանյանի փաստաբանները, ցանկության դեպքում նաեւ ինքը, սակայն Արուսյակ Վարդանյանի փաստաբաններից Առնոլդ Վարդանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը վերացնել կամ փոխարինել այլընտրանքային խափանման միջոցներով կամ դրանց համակցությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Առնոլդ Վարդանյանը ասաց. «Միջնորդության հիմք էր հանդիսանում այն, որ նախորդ ժամանակահատվածում փոխվել են էական փաստական հանգամանքներ, որի ուժով խափանման միջոցը այլեւս իր նպատակին չէր ծառայում եւ համաչափության սկզբունքը խախտվում էր ազատության իրավունքի սահմանափակմամբ: Դրա համար մենք առաջարկեցինք, որպեսզի այլընտրանքային ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցների կիրառմամբ, եթե դատարանը ունի հնարավոր ցանկացած տեսակի ռիսկեր, չեզոքացնի այդ ռիսկերը այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, բայց ոչ ֆիզիկական ազատությունը սահմանափակող: Այն էլ այն դեպքում, երբ որ մենք գտնվում ենք եզրափակիչ ելույթների փուլում, այն պարագայում, որ արդեն մյուս մեղադրյալները իրենց եզրափակիչ ելույթով հանդես են եկել, իրենց պաշտպանները հանդես են եկել եւ միայն Արուսյակ Ալեքսանյանի եւ իր հինգ պաշտպանների եզրափակիչ ելույթներն են մնացել: Արուսյակ Ալեքսանյանը մինչեւ այդ էլ դատավարության մյուս կողմերի վրա ազդելու տարբերակ չի ունեցել: Մեր համոզմամբ շատ ավելի վաղուց խափանման միջոցի փոփոխություն պետք է տեղի ունենար»:
Կարդացեք նաև
Դատարանը, կողմերի հետ մանրամասն քննարկելով՝ որոշեց միջնորդությունը բավարարել: Կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն եւ գրավ 25 մլն. դրամի չափով՝ դիտարկելով նաեւ որպես գրավի առարկա անշարժ գույք ներկայացնելու հնարավորությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ