Գյումրիում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մարտի 15-ից ու կավարտվի մարտի 28-ին՝ ժամը 24․00-ին։
Չնայած ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների պաշտոնական գրանցումն անգամ դեռ չի մեկնարկել․ այն սկսվելու է մարտի 5-ից ու տևելու է 5 օր, այնպիսի տպավորություն է, որ քարոզարշավը հասել է գագաթնակետին ու կենաց-մահու հարց է դարձել Գյումրիի քաղաքապետի աթոռին տիրանալը։
Թե՛ ցուցապաստառներն են փողոցներում փակցված, թե՛ թեկնածուներ են ընկել թաղեթաղ (այսօր Գյումրու շուկայում առևտրականները Aravot.am-ին տեղեկացրեցին, որ սկսվել է իրենցից ձայն խնդրելու գործընթացը) սոցիալական ցանցերում էլ թեժ կռիվներ են՝ վիրավորական արտահայտություններով, ծաղրական բնութագրումներով։
Հիմնականում «թեժ մենամարտ է» ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին սատարողների ու «Իմ հզոր համայնքի» թեկնածու, ռեժիսոր, պրոդյուսեր, բիզնեսմեն, հասարակական գործիչ, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանի միջև։
Կարդացեք նաև
Նախընտրական կրքերը սկսվեցին ու անմիջապես բորբոքվեցին Ռուբեն Մխթարյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունից․ էլ «Միշիկի ընկեր», էլ «ծաղրածու», էլ «ՔՊ-ի ԺՊ», էլ «Նիկոլ շուշաթրաշ»։
Երեկ էլ մի անզիջում «պատերազմ» սկսվեց մի հեշթեգի շուրջ։
ՔՊ-ն, որի նախընտրական ցուցապաստառներից մեկը՝ թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարով, արդեն հայտնվել է փողոցներում, մեղադրում է Ռուբեն Մխիթարյանին ցուցապաստառի՝ «Մեր Սարիկն է» կարգախոսը գողանալու մեջ․ Անի թաղամասի խնդիրները ներկայացնող տեսանյութում«Ձեր Ռուբոն է» հեշթեգն օգտագործելու համար։
ՔՊ-ի կոշտ վիրավորանքներով լեցուն քննադատությանը Ռուբեն Մխիթարյանը պատասխանել է նույնքան կոշտ ոճով։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը, հրապարակելով լուսանկարները, գրել է․
«Ջեբկիրը մնում է ջեբկիր:
Փետրվարի 10-ին մեր թիմը հաստատում է նախնական պաստառների սլոգանը և դիզայնը:
Փետրվարի 17-ին նյութը մտնում է տպարան:
Փետրվարի 18-ին դուրս է գալիս տպարանից և հասնում Գյումրի:
Նույն օրը Գյումրիում մի ջեբկիր ծիկրակում է պաստառները ու վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում:
Մի երկու դատարկագլուխ էլ սկսում են դամ պահել ու ջեբկիրին զոհ ներկայացնել:
Փաստերը ձեր աչքի առաջ են»:
Ի պատասխան ՔՊ-ականների՝ Ռուբեն Մխթարյանն իր հերթին արձագանքել է․ «Հայրենիքի, զինվորների կյանքի, հայերի արժանապատվության ԳՈՂԵՐԸ հեշթեգի գողության մասին են ոռնում:
Կա հստակ ժամանակագրություն, մնացածը ձեր անճարության ապացույցն է: Սթափվեք, չեք հասցնում, դանդաղ եք:
«Ձեր Սարիկը
Մեր Ձորիկին
Վնաս չէ»։
Իհարկե, նախընտրական կրքրերը սրանով չեն ավարտվում․ մեկ այլ ճակատ էլ կարծես բացվում է «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև։ «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող կուսակցությունները ևս ցանկություն ունեն մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին և դիտարկում են Գյումրու ավագանու նախկին անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի թեկնածությունը։
Այսօր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձ է կատարել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու ՀՀ Քննչական կոմիտեի՝ Բալասանյանների կողմից «Սև Բերդ» ամրոցի հարակիցը տարածքը սեփականաշնորհելու պատճառով հարուցված քրեական վարույթից մանրամասներ հրապարակելու ֆոնին համեմատություններ է անցկացրել քրգործերով անցնող Գյումրու նախկին քաղաքապետի ու Բալասանյան ընտանիքի շուրջ ծավալված պատմության միջև։
Նա, դիմելով իշխանությանը, գրել է․ «Իհարկե, եթե Վարդանիկին մեկուսացնելու քաջություն չունես, ապա արտերկրում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարես։
Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը, մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է։ Եթե Վարդանիկի քրեական անցյալով ու սպանություններով հայտնի որդուն՝ Սպարտակին, դատելու կամք չունես, ապա պետք է կալանավորես Սամվել Բալասանյանի որդուն, ով երբեք որևէ քրեական գործի մեջ ներգրավված չի եղել։
Իսկ Սպարտակն էլ թող զենքը ուսին շարունակի ամենավերջին հայհոյանքները հնչեցնել իր ընտանիքի քաղաքական հակառակորդների հասցեին։ Իշխանությունների անտարբերության, կամազուրկ քայլերի արդյունքում ձևավորված այս ամենաթողության շղթան պետք է կտրել։ Եվ մենք դա կանենք։ Անկասկած։
Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ ես ոչ Վարդանիկին եմ ճանաչում, ոչ նրա որդուն, ոչ էլ երբևէ հանդիպել եմ Սամվել Բալասանյանին կամ նրա որդուն։ Պարզապես անազատության մեջ, կալանավայրում, պատմում էին, որ իմ հետ կալանք կրողներից մեկը Սպարտակի կատարած սպանությունն իր վրա վերցրած Սպարտակի ընկերն է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ