Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը։
ԵՄ-ն ողջունել է մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա միջոցառումներ՝ ուղղված մնացյալ խնդիրների լուծմանը:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ընդհանուր սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդու իրավունքների լիակատար հարգման, պաշտպանության և իրագործման խթանմանը, այդ թվում՝ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ ընթացող երկխոսության համատեքստում:
Հայաստանը և Եվրոպական միությունը համակարծիք էին հավաքների, միավորումներ կազմելու և արտահայտվելու ազատության իրավունքների արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական դաշտի պահպանման անհրաժեշտության հարցում: Ընդգծել են ոստիկանության հաշվետվողականության ապահովման կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձան նոր օրենսդրությանը: ԵՄ-ն գնահատել է իրավապահ համակարգի բարեփոխումներում մարդու իրավունքների ուղղությամբ գրանցված Հայաստանի առաջընթացը, ինչպես նաև միգրացիոն ոլորտի բարեփոխումները։ Կողմերը անդրադարձան նաև կալանավորման պայմանների բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման անհրաժեշտությանը: ԵՄ-ն կոչ է արել սահմանափակել մինչդատական կալանքի կիրառումը և վերջինիս տևողությունը։
Հայաստանը և Եվրոպական միությունն ընդգծել են ազատ և արդար ընտրությունների կարևորությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված նշանակալի ջանքերը։ Կողմերը կարևորել են ընտրական օրենսգրքի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները։ Քննարկվել են նաև ապատեղեկատվության աճող մակարդակը, ներառյալ՝ տեղեկատվության օտարերկրյա մանիպուլյացիան և միջամտությունը լավագույնս հասցեագրելու միջոցները
Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են հավասարության ամրապնդման և խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում ԵՄ-ն կոչ է արել ընդունել համընդգրկուն Հավասարության մասին օրենք և Գենդերային հավասարության ռազմավարություն։ Ողջունելով Հայաստանի հանձնառությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում՝ ԵՄ-ն խրախուսել է հասանելիությանը և համայնքային ծառայությունների երաշխավորմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկումը։ ԵՄ-ն կոչ է արել նաև հավելյալ ջանքեր գործադրել ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցում։ Կողմերը քննարկել են ատելության խոսքի և ատելությամբ պայմանավորված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը, այդ թվում նաև ԼԳԲՏԻ անձանց դեմ։ Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են երեխաների իրավունքների օրակարգի ուղղությամբ ջանքերը, իսկ ԵՄ-ն ընդգծեց նոր իրավական փաթեթի վերջնականացման և վերջինիս կիրարկման համար բավարար ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը։ Այնուհետև քննարկվել են աշխատանքային իրավունքների հետագա ամրապնդման հարցեր։
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը նաև մարդու իրավունքների միջազգային հարթակներում։
ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի եվրոպական ծառայությունում բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։
ՀՀ ԱԳՆ