«Շատ դեպքերում պետության ներսում գործող իրավակարգը ընկալվում է ինչ-որ ուրիշի կողմից քաղաքացիներին պարտադրված: Իսկ ինչու են մարդիկ այդպես ընկալում, երկու հիմնական պատճառ եմ գտնում», – այսօր ուղիղ եթերով, իր բնորոշմամբ, գաղափարախոսական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին պատճառ, որ ՀՀ Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքացիների շրջանում չկա այն ընկալումը, որ սա իրենք են ընդունել, քվեարկել, ձեզ հայտնի քաղաքական պատճառով: Երկրորդ պատճառ՝ քանի որ դարեր շարունակ ապրել ենք ուրիշների կողմից ստեղծված պետություններում եւ ուրիշների կողմից պարտադրված իրավակարգի մեջ: Այս դարավոր մտածողությունը նաեւ իմ նշած քաղաքական հանգամանքների բերումով արտահայտվում է այսօրվա մեր իրականության մեջ: Մեր պետությունը, նրանում սահմանված իրավակարգը ընկալում ենք այնպես, ինչպես 150 տարի առաջ այլ պետություններում մեզ պարտադրված իրավակարգ»:
Հիշեցնենք, որ այս ուղիղ եթերով Փաշինյանը ներկայացնում էր իրական Հայաստան նախագծի 14 դրույթները: Դրույթներից 4-րդը, ըստ վարչապետի, հարստացիր ու հարստացրու-ն է. «Հարստանալն ու հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան են, այն պետք է տեղավորել ոչ թե փողի հետեւից մրցավազքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության, անհատին ու պետությունը զարգացնող տրամաբանության մեջ: Լավ ապրելը պետք է դառնա կանոն, լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելն ու շատ ծախսելը: Սա վերաբերում է թե՛ անհատին, թե՛ պետությանը: Թե՛ պետությունը, թե՛ անհատը պետք է կապված լինեն իրար հարստացնելու փոխադարձ ցանկությամբ…եթե շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքը արդյունավետ չէ, եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը արդյունավետ չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ