Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեյշեբաինի. Երեւանի ուրարտական ժառանգությունը» գրքույկը ներկայացվել է Էրմիտաժի կայսերական թատրոնում. Միքայել Բադալյան

Փետրվար 19,2025 19:33

Օրերս Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժում կայացել է պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ- հնագետ Միքայել Բադալյանի հեղինակած «Тейшебаини. Урартское наследие Еревана» գիտահանրամատչելի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը, որի նախաբանը գրել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Գրքույկը հրատարակվել է «Արտիս ֆուտուրա» մշակույթի եւ արվեստի պահպանության եւ զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

«Այսօր Հայաստանի պատմությունը, հատկապես Հայաստանի պատմության հնագույն շրջանը փորձում են տարբեր կերպ աղավաղել, խեղաթյուրել, ուստի չափազանց կարեւոր է, որ գիտնականների կողմից հասարակությանը հնարավորինս մատչելի տեղեկություններ հրամցվեն: Այս առումով խիստ կարեւոր տեղ է զբաղեցնում Ուրարտուն կամ Արարատի թագավորությունը, որը Հայկական լեռնաշխարհում ստեղծված առաջին կայսրությունն է:

Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք Ուրարտուի վերաբերյալ տարբեր ձեւաչափերի գիտահանրամատչելի ձեռնարկներ, տեսաֆիլմեր ստեղծենք ու տարածենք, նաեւ արհեստական բանականության, նորարար տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն օգտագործենք՝ այդ ամենը հանրությանը հասանելի դարձնելու համար: Գիտեք, որ Ռուսաստանում եւս մեր հարեւանները փորձում են ամեն կերպ աղավաղել, խեղաթյուրել Ուրարտուի ներկայացումը, ուստի կարեւոր է, որպեսզի ստեղծենք մի այնպիսի ձեւաչափ, որը հնարավորինս կներկայացներ Հայաստանի մայրաքաղաք Երևանը եւ նրա հնագույն ժառանգությունը» ,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Միքայել Բադալյանը:

«Երբ ես հայտնի պատճառներով Էրեբունի թանգարանի տնօրենի պաշտոնը լքեցի, ոմանք խիստ անտարբեր մնացին, բայց փառք Աստծո, բոլոր այն ընկերները, որ պետք է մնային իմ կողքին, մնացին, եւ շատ-շատերն էլ ավելացան: Արդեն մի քանի տարի աշխատում ենք «Արտիս ֆուտուրա» մշակույթի եւ արվեստի պահպանության եւ զարգացման հիմնադրամի հետ, նրանց հետ ենք իրականացրել նաեւ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Ուրարտուի վերաբերյալ հայտնի ցուցադրությունը: Այդ հիմնադրամի իմ լավ գործընկերներ Հասմիկ Չախմախյանը եւ Արաքսյա Մուշեղյանը զանգահարեցին ինձ ու ասացին, թե ինչով կարող են օգտակար լինել, ես էլ առաջարկեցի, որ կարող ենք մի հետաքրքիր գիտահանրամատչելի ուղեցույց ստեղծել: Այդպես ստեղծվեց «Թեյշեբաինի.Երեւանի ուրարտական ժառանգությունը» ռուսերեն գիտահանրամատչելի, պատկերազարդ գրքույկը: Այն մեր մայրաքաղաք Երեւանի հնագույն ժառանգությունն է ներկայացնում, որի առանցքում է Թեյշեբաինին: Ինչո՞ւ Թեյշեբաինին, Կարմիր բլուրը, որովհետեւ այն Հայաստանի Հանրապետության Ուրարտական ժամանակաշրջանի եւ ընդհանարապես աշխարհում Ուրարտական ժամանակաշրջանի առավել հայտնի հուշարձաններից մեկն է:

Չկա Մերձավոր Արեւելքին վերաբերվող որեւէ քարտեզ, որտեղ Կարմիր բլուրը ներկայացված չլինի: Ինքս փորձել եմ հնարավորինս գիտահանրամատչելի կերպով տարբեր պատմություններով շարադրել նյութը եւ այն լրացնել համապատասխան քարտեզներով, հատակագծերով, նկարներով, արխիվային նկարներով, որոնք տրամադրել էին Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժը, Էրեբունի թանգարանը: Գիրքը պատմում է Երեւանի մասին՝ սկսած նախապատմական ժամանակաշրջանից մինչեւ Ուրարտական պետության ավարտը, երբ ստեղծվում էր Երվանդունիների թագավորությունը: Այսինքն, այստեղ անդրադարձ է կատարվում տարբեր շրջափուլերի, գեղեցիկ պատմություններին, ինչպես սկսվեցին Կարմիր բլուրի պեղումները, ինչով է դա կապված Էրեբունու հետ, պատմություններ կան Էրեբունու, Երեւան քաղաքի ծննդյան վկայականի, Երեւանի Բիայնական դամբարանի մասին: Կան նաեւ նկարներ ու տեղեկություններ, որոնք առաջին անգամ են շրջանառվում, հրապարկվում:

Օրինակ, առաջին անգամ են տպագրվում Կարմիր բլուրում հայ-ռուսական արշավախմբի կողմից 2024թ սեպտեմբերի պեղումների արդյունքներն ու նկարները, արխիվային նկարներ, որոնք ներկայացնում են Պիոտրովսկուն, իր ընտանիքը, Նորագավիթի սեպագիր արձանագրության բեկորը եւ այսպես շարունակ: Քանի որ այժմ մարդիկ այդքան էլ հակված չեն երկար տեքստեր կարդալ, մենք այնպես ենք արել, որ մարդը կարողանա 1-1,5 ժամում կարդալ եւ թերթել այս գիտահանրամատչելի գրքույկը: Շատ կարեւոր է, որ մեր պատմությունը, մեր ժառանագությունը հանրահռչակում ենք նաեւ Ռուսաստանում, որտեղ, ինչպես նշեցի, մեր հարեւանները փորձում են խեղաթյուրել այս ժառանգությունը եւ մեր պատմությունը»,- ի թիվս այլնի հավելեց գիտնականը:

«Էրմիտաժի հետ մենք ունենք շատ ջերմ հարաբերութուններ, դրանք շատ բնական են, որովհետեւ Էրմիտաժի տնօրեններ են եղել հայազգի մեծանուն գիտնական Հովսեփ Օրբելին, Բորիս Պիոտրովսկին, ներկայումս Էրմիտաժը գլխավորում է Միխայիլ Պիոտրովսկին, որը Երեանի պատվավոր քաղաքացի է, եւ ում մայրը Ջանփոլադյանների հայտնի տոհմի ներկայացուցիչ Հռիփսիմե Ջանփոլադյանն է: Միխայիլ Պիոտրովսկին ինչպես միշտ մեզ ընդառաջեց եւ հնարավորություն տվեց, որ գրքի շնորհանդեսը տեղի ունենա աշխարհի մշակութային ամենահայտնի հարթակներից մեկում պետական Էրմիտաժում, այն էլ Էրմիտաժի կայսերական թատրոնում:

Չափազանց պատվաբեր է, որ Պիոտրովսկին ինքը ներկայացրեց գիրքը, այն շատ բարձր գնահատվեց: Գրքում ես մի հետաքրքիր անդրադարձ եմ կատարել, որն առաջին անգամ է գիտական շրջանառության մեջ դրվում, անդրադարձել եմ Թեյշեբա աստծո բրոնզե արձանիկին, որը գտնվել է Կարմիր բլուրից եւ հիմա պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Անդրադարձել եմ այդ արձանիկի գլխի վերնամասին: Դա միակ արձանիկն է, եւ ընդհանրապես Ուրարտական պատկերագրության մեջ գոնե ինձ հայտնի միակ դեպքն է (իսկ ես Ուրարտական պատկերագրությամբ զբաղվում եմ 18 տարի), որն ունի շատ անսովոր վերնամաս: Ի դեպ, Վանի թանգարանում նույնպես կա մի կախիկ-ամուլետ՝ կնիքով, որի մեջ հավանաբար շատ կարեւոր բան են պահել: Դա շատ նման է մեր կնիք-ամուլետ մասնատուփերին: Ես համարձակվել եմ քաշել մի այնպիսի տեսակետ, որ չի բացառվում, որ Թեյշեբայի գլխի վերնամասին ագուցվել է այդ ամուլետի պես իրը, որտեղ գուցե պահվել ինչ-որ կարեւոր մասունք: Դա իմ անձնական տեսակետն է, որը, ինչպես նշեցի, առաջին անգամ է գիտական շրջանառության մեջ է դրվել եւ արժանացել տարբեր գործընկերների եւ ուրարտագետների հավանությանը»,-ընդգծեց Միքայել Բադալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ «Արտիս ֆուտուրայի» ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728