Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ

Փետրվար 19,2025 18:15

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները եւ գործունեությունը կնպաստեն Հայաստանի եւ Դոմինիկանայի միջեւ հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, եւ դրանով է պայմանավորված, մասնավորապես, այն հանգամանքը, որ Կանադայում ՀՀ դեսպանը 2021 թվականից հավատարմագրված է նաեւ Դոմինիկանայի Հանրապետությունում»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

 

ԱԺ փոխխոսնակը ողջունել է Երեւանում 2022 թվականին Դոմինիկանայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը` որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր քայլ: Հայաստանը եւս նախատեսում է Սանտա Դոմինգոյում ստեղծել պատվավոր հյուպատոսի գրասենյակ:

Ըստ Հակոբ Արշակյանի` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 17 տարիների ընթացքում դեռեւս բարձր մակարդակի երկկողմ այցեր չեն եղել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է տարեցտարի առավել մեծ նշանակություն ունեցող միջխորհրդարանական համագործակցությունը:

Երկկողմ հարաբերություններում արժեւորելով իրավապայմանագրային հարցերը` Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքը` ներկայացնելով երկու երկրների միջեւ առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծը, ինչը կնպաստի քաղաքացիների եւ գործարար համայնքների միջեւ սերտ շփումների խթանմանը:

ԱԺ փոխնախագահը խոսել է մի շարք ոլորտներում` կրթական, զբոսաշրջության, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունից:

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ ե’ւ Հայաստանը, ե’ւ Դոմինիկանան ժողովրդավար երկրներ են, միեւնույն արժեհամակարգի կրող, ունեն շատ ընդհանրություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Այս համատեքստում կողմերը բարեկամական խմբեր ստեղծելու հարցում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել: Ալեխանդրո Արիաս Սարսուելան ընդգծել է, որ չնայած երկրների միջեւ մեծ հեռավորությանը` տարբեր բնագավառներում առկա է փոխգործակցության զարգացման ներուժ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728