«Զուտ տնօրենի անձնական հարցերի համար չի կարելի երեխաներին սթրեսի ենթարկել։ Ուրբաթ նորմալ եկել ենք դասի, երկուշաբթի առավոտ պարզվեց՝ մեր դասվարին անհիմն հեռացրել են աշխատանքից»,- Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 144 դպրոցի բակում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ զրույցում ասաց դպրոցի 1-ին դասարանի ծնողներից մեկը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր լարված իրավիճակ էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 144 դպրոցում։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանն ու Աշոտ Սարգսյանն այցելել էին դպրոց, որպեսզի տնօրենից պարզաբանում ստանան, թե ինչու է աշխատանքից ազատել 1-ին դասարանի դասվար Վարդուհի Խաչատրյանին։
Սոնա Աղեկյանի հետ զրույցում բակում հավաքված ծնողները, որոնք պայքարում են իրենց դասղեկի վերադարձի համար, նշեցին՝ իրենց երեխաներին կտեղափոխեն այս դպրոցից, եթե իրենց դասղեկին չվերականգնեն աշխատանքում։ Նրանց երեխաներն արդեն երրորդ օրն է՝ հրաժարվում են դպրոց գալ։ Ծնողներից մեկն ասաց․ «Իմ աղջիկն ունի հոգեխոսքային զարգացման հապավում։ Այստեղ այցելել ենք դեռ ամառվանից՝ նախակրթարանից, ընկեր Խաչատրյանն է դիմավորել մեզ։ Աղջիկս առաջին օրվանից սիրեց ու ընդունեց ընկեր Խաչատրյանին։ Որ իմացանք՝ նա անհիմն հեռացվել է աշխատանքից, իմ աղջիկն այդ օրվանից չի ուզում դպրոց գալ՝ իմանալով, որ չի հանդիպելու ընկեր Խաչատրյանին։ Յոթ տարի դիմում ենք վերականգնողական կենտրոններ, որ աղջկաս ոտքի կանգնեցնեն։ Ընկեր Խաչատրյանի շնորհիվ նա արդեն կարողանում է կարդալ ու գրել։ Ես չեմ ուզում երեխայիս նորից սթրեսի ենթարկել, որ իմ յոթ տարվա աշխատանքը ջուրն ընկնի»։
Մեկ այլ ծնող էլ նշեց՝ ճանաչելով ընկեր Խաչատրյանին, իր երկրորդ երեխային էլ է բերել նրա մոտ։ Վստահեցրեց՝ գալիս է հեռվից, բայց դասղեկի համար երեխային բերել է հենց այդ դպրոց։
Կարդացեք նաև
Հարցին՝ տեղյա՞կ են՝ ի՞նչ հիմքով են ձեր դասղեկին աշխատանքից ազատել, ծնողներից մեկն այսպես պատասխանեց ․ «Մոտավոր գիտեմ՝ ինչ հիմքով, բայց մեզ համար դա հիմք չէ։ Փակված գործերը նորից բացելու իմաստ չեմ տեսնում։ Ծնողներն ու երեխաները հարգում ու սիրում են ընկեր Խաչատրյանին, եթե 2020-ից մինչև հիմա այս դասվարի հետ աշխատում էին, իրեն առաջին դասարան էին տվել, հիմա ինչո՞ւ նման կերպ վարվեցին տարվա կեսից»։
Մեկ այլ ծնող էլ ասաց․ «Ընկեր Խաչատրյանն ուներ հավաստագիր, մեր տնօրենին հավասար ինքն էլ կարող էր տնօրեն ընտրվել, նա խոչընդոտ էր համարվում․ բոլորս էլ գիտենք։ Եթե տնօրենի խնդիր լիներ, 90 տոկոսը կանգնելու է ընկեր Խաչատրյանի կողքին։ Ի՞նչ հանցագործության մասին է խոսքը։ Չորս տարի մեր երեխաներին բերել ենք նրա մոտ, մեր ավագ երեխաներն էլ են նրա մոտ սովորել, բա որ իմ բալիկին վնաս տար․ ինչո՞ւ սկզբում այդ հարցը չէին բարձրացնում»։
Ծնողներից մեկն էլ հավելեց․ «Իմ երկրորդ երեխան է գալիս ընկեր Խաչատրյանի մոտ։ Մի՞թե հանցագործի մոտ են մեր երեխաները գալիս։ Այսպես որ ասում ենք, դպրոցի ղեկավարությունն ասում էր՝ մենք մեր հոգու խորքում ներել էինք ձեր դասղեկին։ Հիմա էդ հոգու խորքում ներելը դրել են մի կո՞ղմ։ Ապրիլին լինելու է տնօրենի ընտրություն։ Իրենց անձնականն ինչո՞ւ են բերում, մեզ հետ կապում, մեր երեխաներին սթրեսի ենթարկում։ Զուտ ընկեր Խաչատրյանի համար ենք երեխային բերել այստեղ, այս դպրոցն այն համբավը չունի։ Եթե նա չլինի, երեխաներին այս դպրոցից տեղափոխելու ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ