Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների հետ` ավագանու անդամները ներխուժեցին թիվ 144 դպրոց․ տնօրենն ասաց՝ Տիգրան Ավինյանի հետ ազգակցական կապ չունի

Փետրվար 19,2025 16:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դա հերյուրանք է, ես ոչ մի պաշտոնավոր մարդու հետ ազգակցական կապ չունեմ։ Եթե նրանք ինձ տեսնեն, ոչ ես նրանց կճանաչեմ, ոչ իրենք»,- վստահեցրեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 144 դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ինքը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապի մե՞ջ չէ։

Նշենք՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանն ու Աշոտ Սարգսյանն այցելել էին դպրոց, որպեսզի տնօրենից պարզաբանում ստանան, թե ինչու է աշխատանքից ազատել 1-ին դասարանի դասվար Վարդուհի Խաչատրյանին։

Սակայն դպրոցի տնօրենը սկզբում չցանկացավ նրանց հետ զրուցել, նաև պահակներին հրահանգեց դպրոցի դուռը փակել։ Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ասաց․ «Առաջին դասարանի աշակերտների 40-ից ավելի ծնողներ դիմել են մեզ այն խնդրով, որ իրենց ուսուցչին հեռացրել են աշխատանքից։ Ծնողները պնդում են, որ անհիմն կերպով են նրան հեռացրել։ Ավագանու անդամներով փորձեցինք առանց ծնողների՝ տնօրենի հետ հանդիպում ունենալ, բայց նա խուսափում է»։

Ավագանու անդամ Սոնա Աղեկյանն էլ հայտարարեց․ «Արձանագրենք, որ այս պահին դպրոցի դուռը փակ է։ Ցանկացել ենք լսել նաև տնօրենի կարծիքը։ Ահազանգել ենք ոստիկանություն և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն»։

Երբ ոստիկանները եկան, ավագանու անդամները նրանց հետ մի կերպ ներխուժեցին դպրոց։

Ի վերջո` դպրոցի տնօրենը դուրս եկավ միջանցք։ Նրան հարցրին՝ ինչո՞ւ եք ազատել տիկին Խաչատրյանին․ 44 ծնող պահանջում է դասվարի վերադարձը։ Արմինե Պողոսյանը պատասխանեց․ «Հարգելիներս, ես հիմա իրավասու չեմ, դատական գործընթաց է տեղի ունենալու, Վարդուհի Խաչատրյանը դիմել է դատարան, վարույթ է հարուցվել, դատական գործընթացը ցույց կտա։ Դատախազության կողմից միջնորդագիր է ստացել Երևանի քաղաքապետարանը, և դիմել են ինձ՝ որպես գործատուի։ Այդ գրությունը փետրվարի 3-ին եմ ստացել։ Ամեն ինչ դատախազությանն է վերաբերում, և ես իրավասու չեմ այդ ամենը բարձրաձայնելու»։

Ավագանու անդամները նշեցին՝ դպրոցի տնօրենի անունը կապում են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նա պատասխանեց․ «Ոչ, նման բան չկա։ Դա հերյուրանք է։ Ոչ մի բարեկամ, ծանոթ չունեմ քաղաքապետարանում»։ Հարցին՝ Տիգրան Ավինյանի հովանավորությունը վայելո՞ւմ եք, թիվ 144 դպրոցի տնօրենն այսպես պատասխանեց․ «Ես ոչ Ավինյանի ազգականն եմ, ոչ էլ երբևէ հանդիպել ու ճանաչում եմ նրան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արմինե Պողոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728