Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը
Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով:
ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն:
Կարդացեք նաև
Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները:
Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»` Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ:
Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջազգային դատական գործընթացի պայմաններում:
Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը, հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ:
Նշվածից բացի, ՔՊ ղեկավարն իր հայտարարություններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչև իշխանության գալը Եվրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարվել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներից հանուն իրենց «հաղթանակի»: