«Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծիք հայտնեց՝ Մյունխենը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսը Նիկոլ Փաշինյանի եւ, առհասարակ, հայ ժողովրդի համար շատ կարեւոր, նույնիսկ սակրալ վայր է դարձել․ «Ոչ միայն այս տարվա, այլ նաեւ պատերազմին նախորդող տարվա մյունխենյան գագաթաժողովը, որտեղ Նիկոլը ժողովրդավարության բաստեոնի դեմքով գնացել՝ նստել էր։ Այնտեղ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, որն այն ժամանակ շատ մեկնաբանվեց, բայց հասարակության կողմից բավարար ուշադրության չարժանացավ: Ժամանակի հեռավորությունից հիմա հնարավոր է վերլուծել եւ հասկանալ, որ այս ամեն ինչը ոչ թե Նիկոլի չստացված, ապիկար լինելու խնդիրն է, ոչ, ինքը լավ էլ դավաճան է, իր դավաճանության մեջ պրոֆեսիոնալ է եւ հիանալի իրականացրել է բոլոր տեսակի առաջադրանքները, որ իր առջեւ դրված են։ Դուք կհիշեք, որ պատերազմից առաջ, երբ գնաց Մյունխեն, Ալիեւի հետ էն խայտառակ հանդիպումը որ անցկացրեց, փոխարենը երրորդ նախագահից ժառանգություն ստացած բանակցային փաթեթը, որն արտացոլում էր մեր հաղթանակը՝ դիվանագիտական լեզվով, անգիր աներ եւ գնար ներկայացներ հանրությանը․․․ ի դեպ, այնտեղ այն եվրոպական հանրույթն էր, որն ընդունել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ ինքն այս ամենը մի կողմ թողեց եւ հերթական ճաշից կամ ընթրիքից հետո, անձեռոցիկի վրա, որով սրբել էր բերանը, գրեց մյունխենյան սկզբունքներ՝ մի կողմ թողնելով հայանպաստ մադրիդյան սկզբունքները, կազանյան փաստաթուղթը՝ ցույց տալով, որ Հայաստանի անվտանգությունը, Արցախի անկախությունն ու ազատությունն իր համար այդ անձեռոցիկի գինն ունեն, որն ինքը ճմռթելու է եւ գցի աղբարկղը։ Այդպես էլ ինքը վարվեց»։
Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, որ արցախյան հարցի գործընթացը փաստաթղթավորված չկա, ինքը փաստաթղթերը՝ մեկ ինչ-որ սառնարանից, մեկն ինչ որ օդորակիչից է հանում, Աննա Մկրտչյանը պատասխանում է․ «Ամբողջությամբ սուտ է ասում․ 2018 թվականին իրեն թողնվել է պետական ապարատում դեպոնացված փաստաթղթեր՝ 30-ամյա հաղթանակած բանակցային գործընթաց։ 2018 թվականին ինքը գալով իշխանության, այդ փաստաթղթերից մեկը դրել է սառնարանի ոտքի տակ, մեկը պահել է կոնդիցիոների մեջ, որովհետեւ երբ 2018 թվականին թուրք-ադրբեջանական փողերով եւ աջակցությամբ ինքը եկավ Հայաստանում իշխանությունը զավթեց, իրեն թուրքը, Ալիեւն ասել են՝ այդ հայանպաստ փաստաթղթերը պահի, էնպես պահի, որ ոչ ոք չգտնի, վերացրու, ոչնչացրու, իսկ քեզ ինչ-որ պետք է, ես քեզ կտեղեկացնեմ»։
Աննա Մկրտչյանի վերլուծությամբ, Բաքվում լավ հասկացել են, որ ռազմական ագրեսիա սկսելու եւ հաղթանակելու միակ պայմանն այն է լինելու, որ Հայաստանում, իշխանության ղեկին ունենան Նիկոլ Փաշինյան, որը իրեն «գժի տեղ կդնի» եւ երկու տարի դիտավորյալ չի բանակցի ու միջազգային հանրությունն էլ դրա արդյունքում աչք կփակի ագրեսորի ցանկացած գործողության վրա․ «Մյունխենի հետ կապված այս սակրալ իրականությունը շարունակվում է, քանի որ այս անգամ էլ գլուխը կախ գնացել էր այնտեղ, որտեղ բացի նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից բախվեց մեկ այլ իրականության, որ ինքն այնտեղ իր տերերից որոշների համար կարծես սպառել է իր ՕԳԳ-ն։ Այլեւս իր այն տերերը, որ աչք էին փակում Հայաստանում կատարվող բռնաճնշումների վրա, ասում էին՝ ճիշտ ես անում, 500 ախրաննիկով ու մեքենայով տեղաշարժվիր, որովհետեւ հենց դա է ժողովրդավարության բաստիոնը․․․ ինքը գլուխը կախ, 6-7-րդ շարքերում նստած լսում էր, թե ինչպես է ԱՄՆ փոխնախագահը խոսում այն մասին, որ իրենք ունեն այլ առաջնահերթություններ»։
Ընդդիմադիր գործիչը չի կարծում, որ աշխարհն այժմ խոսելու եւ մտահոգվելու է հայ ժողովրդի հոգսերով, նրան արդարությունը եւ ուրախ ժամանակները վերադարձնելու մտայնությամբ․ «Բայց Նիկոլի պիտանելիությունը, նրա արարքների վրա աչք փակելու ժամանակահատվածն այլեւս իր տերերից որոշների մոտ ավարտվում է, որովհետեւ իրենք ունեն այլ առաջնահերթություններ։ Նիկոլն այդ առաջնահերթությունների մեջ չի մտնելու։ Դավաճաններին շատ սիրում են դավաճանելուց առաջ, դավաճանելուց հետո պիտանելիության ժամկետը անցնում է»։
Կարդացեք նաև
Այս առումով, նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ մնացել է միայն Ալիեւի եւ Էրդողանի հույսին, ուստի Բաքվում կազմակերպված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ֆարս- դատավարության ընթացքում Ալիեւը շեշտում է նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների անունները, քանի որ նրանցից վախենում են՝ թե Ալիեւը, թե Նիկոլ Փաշինյանը․ «Նիկոլի անունը չի տրվում, Նիկոլն Ալիեւի թշնամին չէ․ հետեւաբար, ստացվում է, որ Նիկոլը Ալիեւի նման հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլի անվան չհիշատակումն անգամ այդ սարքած ռեպորտաժներում, խոսում է այն մասին, որ մարդու համընդհանուր սկզբունքները խախտած, մարդու դեմ բոլոր հանցագործություններն իրագործած Ալիեւի ռեժիմը Նիկոլի հետ խնդիր չունի։ Սա մեզ այնքան պետք է լարի, որ օր առաջ Նիկոլից ազատվենք»։
Աննա Մկրտչյանի համոզմամբ, Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շարունակում են գերի մնալ եւ հալածվել ոչ միայն Ալիեւի եւ իր ռեժիմի կողմից, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի, քանի որ Ալիեւը համաձայնություն է ստացել Նիկոլ Փաշինյանից․ «Ինքը դեմ չի եղել, որ հայերը գերի մնան Բաքվի բանտում։ Ինքը բառացի էր ասում՝ հայերի կյանքին վերաբերվում է «պլյուս-մինուս 50» տրամաբանության մեջ, ինքը ասում էր՝ պիտի հասկանանք՝ էդ գերիները ո՞նց են այնտեղ հայտնվել, ասում էր՝ հանցագործ են, ի՞նչ տարբերություն Երեւանի, թե Բաքվի բանտում պիտի նստեն, Հ1-ի եթերում էլ վերջերս հայտարարեց, որ Բաքվի բանտում գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին չի համարում իրեն քաղաքական հակառակորդ․․․ Այսինքն, մարդ, ում մտքով անցնում է բանտում նստած մարդկանց դիտարկել քաղաքական ասպեկտից, նշանակում է, ինքը լավ էլ քաղաքական հակառակորդ է համարել, չի ուզել, որ այդ մարդիկ գան ՀՀ, փրկվեն»։
Աննա Մկրտչյանը վստահ է՝ ՀՀ-ն գերիներին ազատելու հարցով ոչինչ էլ չի անում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ